Մեկնաբանություն

04.06.2015 11:35


Մի քանի շինիչ առաջարկ

Մի քանի շինիչ առաջարկ

Եկեք մի երկու ժամով մեր մեքենաները չկանգնեցնենք կարմիր ներկով կետագծված հատվածներում, որպեսզի «Մանկության ընկերներ» ՍՊԸ ներկայացուցիչները տուժեն։

Եկեք մի երկու ժամով մեր ավտոմեքենաները վարենք 20 կմ/ժ արագությամբ, որպեսզի «Ալեքսանդր Մեծ» ՍՊԸ–ն չկարողանա արագաչափով փող աշխատել։

Եկեք մի երկու ժամով մեր ավտոմեքենաները չվարենք, որպեսզի նույն «Ալեքսանդր Մեծ» ՍՊԸ–ն չկարողանա տեսախցիկներով փող «կպցնել»։

Եկեք մի երկու ժամով բանկերից «չենջ» չանենք ու բանկային փոխանցումներ չկատարենք, որպեսզի «Օֆշոր և հոգևոր արժեքներ» ՍՊԸ տերերը «պերերիվի» փողից զրկվեն։

Եկեք մի երկու ժամվա ընթացքում նույն այդ բանկերից պահանջենք մեր բոլոր ավանդները, որպեսզի «Օֆշոր և հոգևոր արժեքներ» ՍՊԸ տերերը «քաշվեն»։ Թեև, հանուն ճշմարտության, պետք է նշել, որ դրա արդյունքում կարող է կրկնակի «քաշվել» ՀՀ–ն, քանզի սրանք հենց որ փողի պակաս են զգում, անմիջապես դիմում են «Եվրաբոնդ» ՍՊԸ–ի օգնությանն, ու ավելացնում մեր երկրի արտաքին պարտքը։

Եկեք մի երկու ժամով հեռուստացույց չնայենք, որպեսզի հեռուստատեսային դաշտը սեփականաշնորհած «Տնեցիք» ՍՊԸ–ն չկորաղանա գովազդ «սղացնել» բազմաչարչար հեռուստադիտողի վրա։

Եկեք մի երկու ժամով զուգարան չգնանք՝ անկախ ամեն ինչից։ Մի կերպ դիմանանք «պոռթկմանը», ու թող «Բիոզուգարան» ՍՊԸ–ն երկուժամյա ակցիայից հետո դիմանա բոլոր «զսպածների» գրոհին։

Եկեք մի երկու ժամով Սյունիքում տանից դուրս չգանք, որպեսզի «Lexus&Լիսկա» ՍՊԸ–ն ինքնապաշտպանվելու հնարավորություն չունենա։

Եկեք մի երկու ժամով «մենյուով» հացադուլ հայտարարենք, որպեսզի խփենք «Հայրիկյան և խեղկատակներ» ՍՊԸ–ի գործին։

Զգո՞ւմ եք, թե ինչ «կրեաԾիվ» մոտեցումներ և չափից դուրս «քաղաքացիական» բաներ եմ առաջարկում։ Ճիշտ է, դրա հետևանքով ոչինչ չի փոխվում, բայց «զատո» առաջարկները շինիչ են։

Դե, իսկ ամենաշինիչ առաջարկս հետևյալն է՝ եկեք մի երկու ժամով ՀՀ բոլոր քաղաքացիներս լքենք Հայաստանը։ Թող այստեղ մնան «Մանկության ընկերներ», «Ալեքսանդր Մեծ», «Օֆշոր և հոգևոր արժեքներ», «Տնեցիք», «Բիոզուգարան», «Հայրիկյան և խեղկատակներ», «Եվրաբոնդ», «Lexus&Լիսկա» ՍՊԸ–ների տերերը։ Թող այդ երկու ժամվա ընթացքում նրանք իրարից փող պոկեն, և ամենակարևորը՝ պահեն սահմանը։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կստացվի այս ամենի արդյունքում։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա պետք է «թարգել» ախմախությունները, և գնալ գլխից բռնելու տարբերակով։

Եթե ոմանց թվում է, թե ՀԷՑ–ը թալանով է զբաղվել՝ առանց իշխանությունների գիտության ու մասնակցության, առնվազն միամիտ են։

Եթե ոմանց թվում է, թե ՀԷՑ–ն էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հայտ է ներկայացրել՝ առանց Բաղրամյան 26–ի «դաբրոյի», ապա առնվազն քաղաքականապես անմեղսունակ են։

Եթե ոմանց թվում է, թե ՀԷՑ–ի «ատկատային» քաղաքականությունից անմասն է մնացել Որոտանի կասկադը ձեռք գցած ընտանիքը, ապա միանշանակ հաճախորդ են։

Այնպես որ, պետք է բառիս բուն իմաստով շինիչ գործունեություն իրականացնել, որպեսզի վերջում անհարմար բան չստացվի։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը