Մեկնաբանություն

08.06.2015 15:55


Շշից բաց թողած Ջինը և Թուրքիայի ընտրությունը

Շշից բաց թողած Ջինը և Թուրքիայի ընտրությունը

Թեև Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կիրակի օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում զբաղեցրել է առաջին տեղը՝ հավաքելով 41%, այդուհանդերձ, դա պարտություն է այդ կուսակցության փաստացի առաջնորդ համարվող, Թուրքիայի նախագահ Էրդողանի համար։

Իշխող ուժին բաժին կհասնի պատգամավորական 550 տեղերից 258–ը, ինչը 69–ով քիչ է մինչև ընտրությունները «Արդարություն և զարգացում» կուսակցության տնօրինած աթոռներից։ Այսինքն, եթե նախկինում մեկ քաղաքական ուժն ուներ Թուրքիայի խորհրդարանի հսկիչ փաթեթը, ապա այժմ պատկերը փոխվել է։

Ընտրության նման արդյունքը նշանակում է, որ Թուրքիայում լինելու է կոալիցիոն կառավարություն։ Բացի այդ, «Արդարություն և զարգացում» կուսակցության թուլացումը գործնականում տապալում է Էրդողանի՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով ուժեղ նախագահական համակարգին անցնելու ծրագիրը։

Այս ընտրությունների սենսացիոն մասը, սակայն, իշխող ուժի հարաբերական պարտությունը չէ։ Սենսացիան այն է, որ պրոքրդական Ժողովրդա–դեմոկրատական կուսակցությունը հաղթահարում է 10–տոկոսանոց շեմը։

Հաշվի առնելով խորհրդարան չանցածների տոկոսային բաշխումները՝ պրոքրդական ուժը Թուրքիայի խորհրդարանում ներկայացված կլինի 13 տոկոսի չափով կամ 72 պատգամավորով (ի դեպ, Թուրքիայի խորհրդարանում կլինեն նաև ազգությամբ 3 հայ)։

Նկատենք, որ Ժողովրդա–դեմոկրատական կուսակցության նման հաջողությունը Էրդողանի ու հատկապես գործող վարչապետ Դավութօղլուի վարած ներքին, համեմատաբար ազատական քաղաքականության հետևանք է։ Այսպես ասած՝ Ջինը շշից բաց թողեցին, ու խնդրեմ՝ պրոքրդական ուժը մտնում է Թուրքիայի քաղաքական դաշտ՝ լուրջ խաղացողի կարգավիճակով։ Դա ցույց է տալիս, որ Թուրքիայի հասարակական–քաղաքական դաշտում տարատեսակ գործընթացներ կան։ Թե ուր կտանեն այդ գործընթացնրը, այս պահին դժվար է ասել։

Ինչ վերաբերում է Հայաստանի վրա թուրքական ընտրությունների ազդեցությանը, ապա դա կախված կլինի այն բանից, թե ինչպիսի կոալիցիա կձևավորվի։

Ամեն դեպքում, Թուրքիայի ընտրությունն իր ազդեցությունը կթողնի ոչ միայն այդ երկրի ներսում, այլ նաև տարածաշրջանում։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը