Խմբագրական

10.06.2015 14:40


Հայաստանի կեղծ երկընտրանքը. բուռնաշներ կամ երիտբոլշևիկներ

Հայաստանի կեղծ երկընտրանքը. բուռնաշներ կամ երիտբոլշևիկներ

Փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո իշխանության երիտբոլշևիկյան թևը կամաց–կամաց դուրս է գալիս ջրի երես (մինչ այդ վախից անցել էին ջրի հատակը)։ Սրանք սկսել են նախկինից ավելի կոպիտ ձևով «փչացնել» «յուրայիններին»։

«Գեբելսյան» քարոզչամեքենայի «դռբի» տակ է ընկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ում մի ձեռքով շոյում են, ու նրա վրա արհեստականորեն կարում հերոսի կերպարը, իսկ մյուս ձեռքով վարկաբեկում են՝ միջոցների ընտրության հարցում որևէ սահմանափակում չդնելով։ Կիրառվեց այնպիսի կեղտոտ տեխնոլոգիա, ինչպիսին էր Օհանյանի կնոջ դեմ իրականացված քարոզը։ Նման ոճ Հայաստանում չի եղել երբեք, բայց երիտբոլշևիկները որևէ բարոյական արգելք չունեն, ու դրա համար էլ թիրախ դարձավ ոչ միայն Օհանյանը, այլ նաև նրա կինը։

Երիտբոլշևիկների ցինիզմն ու «նագլիությունն» այն աստիճանի է հասել, որ նույնիսկ չեն էլ թաքցնում, որ հենց իրենք են Սեյրան Օհանյանի ու նրա կնոջ դեմ քարոզչության հեղինակները։

«Փչացման» գործընթաց կա նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասով (գործող վարչապետին «հասնում» է, քանզի նա այդպես էլ չհասկացավ, որ Սերժ Սարգսյանին Մատրոսովի պես ծառայելն ու այլոց կայացրած հակապետական որոշումները սեփական անունից հնչեցնելն ավելի խոցելի են դարձնում իրեն՝ վերածելով շատ հարմար «քավության նոխազի»)։

Վերջի բոլշևիկն ու երիտբոլշևիկները

Բազմիցս առիթ ունեցել ենք գրելու, որ Հայաստանում իրականացվում է «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման քաղաքականություն, որը փորձ է արվում ներկայացնել «հակաօլիգարխիկ» պայքարի քողի տակ։

«Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման շահառուներն են Վերջի բոլշևիկն ու իրեն կցված երիտբոլշևիկները։

Ու որպեսզի այդ հետադիմական ու Հայաստանի շահերի դեմ ուղղված ծրագիրը գայթակղիչ թվա, առաջ է քաշվել հետևյալ կեղծ թեզը. «Հայաստանում ձևավորվել է կեղտոտ համակարգ, որի մեղավորները չար օլիգարխներն են, և որպեսզի դա փոխվի, պետք է աջակցել իշխանության ներսում առկա երիտթևին, ու պայքարել բուռնաշների դեմ։ Այդ պայքարի արդյունքում պետք է խլել սեփականությունը բոլորից ու հանձնել այն ուսյալ–կրթյալ երիտթևին, և կյանքը կդառնա մեղր»։

Ինչպես տեսնում եք, ոչ մի նոր բան չկա այս ծրագրում։ Մի անգամ նմանատիպ ծրագիր արդեն իրականացվել է բոլշևիկների կողմից, երբ առաջ քաշվեց «Էքսպրոպրիատորների էքսպրոպրիացա» ծրագիրը։ Արդյունքում՝ միլիոնավոր մարդկանց կոտորած, աքսորներ, սով և այլն։ Ո՛չ գործարանը հասավ բանվորներին, ո՛չ հողը՝ գյուղացուն։ Դե, իսկ խրճիթներում ոչ թե խաղաղություն տիրեց, այլ տեռոր։

Բոլշևիկների ստեղծած համակարգը բնական ռեսուրսների հաշվին դիմացավ 70 տարի, որից հետո փլուզվեց։

Թե ինչքան կդիմանա փոքրիկ և թշնամիներով շրջապատված Հայաստանը երիտբոլշևիկների ախորժակին, դժվար չէ կռահելը։

Տեսակների պայքարի իրական կողմերը

Իշխանական քարոզչամեքենան փորձում է Հայաստանը կանգնեցնել երկընտրանքի առաջ։ Ասում են, թե պետք է ընտրություն կատարել մականունավոր բուռնաշների և մականուն չունեցող իշխանության երիտթևի միջև (այսպես կոչված գրագետների ու անգրագետների միջև)։ Նկատենք, սակայն, որ դա կեղծ երկընտրանք է։

Դա ոչ թե միջտեսակային, այլ ներտեսակայի՛ն պայքար է։ Ընդ որում, երիտբոլշևիկները շատ ավելի վտանգավոր են Հայաստանի ու Ղարաբաղի համար, քան բոլոր տիպի լիսկաներն ու բուռնաշները՝ միասին վերցրած։

Իշխանական քարոզչամեքենան պարբերաբար եթեր է տալիս մանվելներին, լիսկաներին, բուռնաշներին, շմայսներին, որպեսզի ցույց տա, թե ինչ զզվելի են նրանք, ու նրանց ֆոնին ինչ «պուպուշ» են լիսկաներին «անկախ» մամուլի միջոցով քննադատող երիտբոլշևիկները, բայց դա մեծագույն դեմագոգիա է։

Նախ՝ լիսկաների գործունեությունը հովանավորվում է երիտբոլշևիկների կողմից։ Ավելին՝ երիտբոլշևիկների հենարանը հենց լիսկաներն են։

Բացի այդ, եթե լիսկաները, առանձին վերցրած, տարածքներում են վնաս տալիս ՀՀ քաղաքացիներին, ապա երիտբոլշևիկների գործունեությունից տուժում է ամբողջ Հայաստանը (հարյուր հազարավոր մարդկանց արտագաղթ, տնտեսության անկում, ներդրումների կրճատում, ՀՀ պարտքի ավելացում, բյուջետային «ատկատներ», տնտեսության մենաշնորհացում, փոքր ու միջին բիզնեսի ջարդ, կապիտալի փախուստ, քաղաքական դաշտի անապատացում, լրատվական դաշտի գրեթե հարյուր տոկոսանոց սեփականաշնորհում և այլն)։

Հիմա երիտբոլշևիկները փորձում են սպիտակ ձեռնոցներով հանդես գալ ու տարանջատվել բոլոր բացասական երևույթներից (մինչդեռ իրենց որդեգրած գաղափարախոսության կյանքի կոչման արդյունքում է Հայաստանում ավերածություններ արձանագրվում)։ Նրանք ասում են, թե մենք ուզում ենք լիսկաներին օգտագործել, ու հետո «քցել» նրանց, լավ չէ՞։

Ահա այստեղ է, որ պետք է հստակություն մտցնել, և տեղ հասցնել այն միտքը, որ Հայաստանի երկընտրանքը երիտբոլշևիկների ու հայաստանակենտրոն ուժերի (նաև՝ անհատների) միջև է, այլ ոչ թե բուռնաշների ու երիտբոլշևիկների (վերջիններս նույն համակարգի տարբեր թևերն են և ուս ուսի տված՝ ծառայում են Վերջի բոլշևիկին)։

Կլանաօլիգարխիկ համակարգից անցում դեպի ո՞ւր

Հայաստանում ձևավորված կլանաօլիգարխիկ համակարգն ամբողջովին սպառել է իրեն։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ այդ համակարգն ունի էքստենսիվ զարգացման հնարավորություններ, որից հետո պետք է տրանսֆորմացվի՝ կա՛մ գնալ ավելի կեղտոտ՝ սուպերօլիգարխիկ համակարգի, որի պայմաններում իշխանությունները դառնում են անփոփոխ ու ժառանգական, իսկ տնտեսությունը կենտրոնացվում է մեկ ընտանիքի ձեռքում, կա՛մ բացվել և կամաց–կամաց գնալ դեմոկրատական ու շուկայական հարաբերությունների հաստատման ուղղությամբ։

Սերժ Սարգսյանն ու իր երիտթիմն ընտրել են առաջին տարբերակը, այն է՝ սուպերօլիգարխիկ համակարգին անցնելը։ Գործիքն ակնհայտորեն սահմանադրական փոփոխություններն են։ Թե ինչ լոզունգների տակ է դա իրականացվում, արդեն էական չէ։

Էականն այն է, որ Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությանը սպառնացող բոլոր նախաձեռնությունների (տիգրանսարգսյանական «բարեշրջումներ», էլեկտրաէներգիայի ու գազի թանկացում, Որոտանի համալիրի թալանչիական գործարք, «Ֆուտբոլային» դիվանագիտություն, եվրաասոցացման արկածախնդրություն, Մաքսային միություն մտնելու վասալային որոշում և այլն) հեղինակ հանդիսացող Վերջի բոլշևիկն ու երիտբոլշևիկները մեզ մոտ ցմահ իշխելու հայտ են ներկայացնում։ Ընդ որում, սրանք չեն էլ թաքցնում, որ սահմանադրական փոփոխություններից հետո գնալու են իշխանության տոտալ կենտրոնացման և սեփականության լայնամասշտաբ վերաբաշխման։

Հետևաբար, բոլոր չափերի սեփականատերերը՝ փոքրից մինչև խոշոր, պետք է ընտրություն կատարեն։ Վերջի բոլշևիկի ու երիտբոլշևիկների իշխանության պարագայում նրանք զրկվելու են ինչպես քաղաքական գործընթացներում ներգրավված լինելու, այնպես էլ բիզնես վարելու հնարավորությունից։

Հայաստանակենտրոն ուժերի հաղթանակի դեպքում բիզնեսը կտարանջատվի քաղաքականությունից, բոլորը կունենան հավասար հեռավորություն իշխանությունից, կերաշխավորվի բիզնեսի ու սեփականության անձեռնմխելիությունը, կստեղծվեն մրցակցային քաղաքական ու տնտեսական հարաբերություններ։

Ահա այս երկու մոդելների միջև պետք է ընտրություն կատարեն ՀՀ քաղաքացիները, այլ ոչ թե ընկնեն կեղծ երկընտրանքի թակարդը։

Ամփոփում

Հարկ է հստակ արձանագրել, որ «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցումը շատ ավելի լուրջ մարտահրավեր է ՀՀ–ի ու ԼՂՀ–ի համար, քան արտաքին վտանգները, քանզի արտաքին վտանգը ՀՀ քաղաքացուն հեշտ է տեսնելն ու դրա դեմ պայքարելը։ Այլ է վիճակը ներքին վտանգների բացահայտման հարցում։

Հայաստանակենտրոն բոլոր ուժերի խնդիրը, հետևաբար, պետք է լինի Վերջի բոլշևիկի և երիտբոլշևիկների համատեղ ծրագրի տապալումն ու Հայաստանի տնտեսաքաղաքական համակարգի բացումը։ Ազգային–դեմոկրատական փոփոխություններն այլընտրանք չունեն։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը