Լրահոս

16.06.2015 17:19


Քրեակատարողական հիմնարկի ծառայողները բռնություն են կիրառել քաղաքացու նկատմամբ

Քրեակատարողական հիմնարկի ծառայողները բռնություն են կիրառել քաղաքացու նկատմամբ

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Հովհաննես Չ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի հունվարի 4-ին՝ գիշերային ժամի, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքում գտնվելու ժամանակ իրեն են մոտեցել հիմարկի մի քանի աշխատակիցներ, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին, ստիպողաբար մտցրել են հիմնարկ:

Քրեակատարողական հիմնարկում հատուկ ծառայություն իրականացնող աշխատակիցները շարունակել են իր նկատմամբ կիրառել բռնություն՝ պահանջելով խոստովանել, իբր, ինքը քիչ առաջ թմրամիջոց է արտանետել հիմնարկի տարածք: Դրանից հետո հիշյալ քրեակատարողական հիմնարկի հետաքննիչը առանց ընթերակաների ներկայության կազմել է իրեն խուզարկության ենթարկելու վերաբերյալ կեղծ արձանագրություն և արձանագրել, թե, իբր, գրպանից հայտնաբերվել է այն ծխախոտի տուփը, որի փայլաթիթեղով փաթեթավորված է եղել արտանետված թմրամիջոցը:

Դատապարտյալի հաղորդման հիման վրա ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՔԾ

Այս խորագրի վերջին նյութերը