Աշխարհ

10.11.2009 18:29


Երբ բացվում է Քրդստանը, խցանվում է Հայաստանը

Երբ բացվում է Քրդստանը, խցանվում է Հայաստանը

Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի Էրբիլ կատարած պատմական այցից հետո քրդական հարցի լուծման անխուսափելի բաղադրիչ հանդիսացող իրաքյան Քրդստանի հետ հարաբերություններն արդեն անդառնալի կետի են հանգել: Առանց առողջ և պարարտ հող նախապատրաստելու' Դավութօղլուն Էրբիլ չէր գնա, իրաքյան Քրդստանի դրոշի առջև բարեկամական հայտարարություններ չէր անի, ինչպես նաև չէր ասի' «Էրբիլում ինձ զգում եմ ինչպես տանը»: Իրաքի քրդական վարչակազմի ազդեցիկ դեմքերից Նեչիրվան Բարզանին մեր թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «վերադարձի» նախագիծը երկար ժամանակ մշակվում էր Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) հետ միասին: Եվ երբ փոփոխություն նկատվեց Թուրքիայի զինված ուժերի գործելաոճում, անգամ եթե դա զուտ խորհրդանշական բնույթ կրեր, այնուամենայնիվ, վերադարձը սկսվեց: Սակայն Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) և «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության' թուրք հանրության դյուրազգացությունն աչքաթող անելու արդյունքում, վերադարձի հոսքը մի պահ դադարեց: Սակայն, ինչ վերաբերում է Մահմուր ճամբարում մեր քաղաքացիներին, նրանք շարունակելու են վերադառնալ: Թուրքիայի գործը հեշտացնելու համար մոտ ապագայում իրաքյան Քրդստանի խորհրդարանը շատ հնարավոր է, որ իրաքյան քուրդ գրոհայինների, այդ թվում PKK-ականների վերադարձն ապահովելու համար, համաներման մի շարք օրինագծեր ընդունի: Բնականաբար, հեշտ գործ չէ PKK-ի զինաթափումը...

Դավութօղլուի առաջ բերած ողջ խանդավառության հետ մեկտեղ' չենք կարող ասել, որ փոխադարձ կասկածները լիովին վերացել են: 1999թ., Աբդուլլահ Օջալանի ձերբակալությունից հետո, իրաքյան քրդերի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի պատճառով առաջացավ վստահության ճգնաժամ:

Երբ Բաղդադի իշխանությունների կողմից կանաչ լույս վառվի, Էրբիլում թուրքական հյուպատոսություն կբացվի: Այնտեղ ներկայացուցիչ ունենալու դեպքում Թուրքիայի հետ հարաբերություններն այլևս կիրականացվեն ոչ թե ինչպես նախկինում էր' զինվորների և MIT-ի միջոցով, այլ' քաղաքացիական իշխանության: Իսկ դա ավելի առողջ և մնայուն հարաբերություններ կստեղծի:

Հայաստանը խցանվում է
Երբ իրաքյան քրդերի հետ հարաբերություններում սառույցը հալչում է, ցավոք, Հայաստանի հետ հարաբերությունները դոփում են նույն տեղում: Իսկ դրա հիմնական պատճառն այն է, որ եթե անգամ Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններում տեղ չի գտել ղարաբաղյան պայմանը, այնուամենայնիվ, այդ պայմանը որպես այդպիսին կա: Արդեն բոլորի համար պարզ է, որ խորհրդարանում հանգրվանած արձանագրությունները չեն վավերացվելու և կյանքի չեն կոչվելու, քանի դեռ Հայաստանը դուրս չի եկել «բռնազավթված» յոթ շրջանների գոնե մի հատվածից: Ըստ թուրքական դիվանագիտական աղբյուրների, Անկարան ակնկալում է, որ Հայաստանը «կօգտվի ընձեռված պատմական պատեհ առիթից»: Այսինքն' Հայաստանը դուրս գա այդ շրջաններից' առանց ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծման, և դրա դիմաց որպես «մրցանակ» կստանա Թուրքիայի հետ հարաբերություններ և բաց սահմաններ: Նույն աղբյուրները հայտարարում են, թե անհրաժեշտ է, որպեսզի Երևանի վարչակազմն ուշքի գա, քանի որ Ադրբեջանն անընդհատ զինվում է, իսկ Հայաստանում շարունակվում է աղքատությունը, և արտագաղթի հետևանքով բնակչությունն աստիճանաբար նվազում է:
Մեր կարծիքով այդ տրամաբանությունը բավականին խնդրահարույց է:

1.    Հայաստանն այդ շրջանները «գրավել» է ղարաբաղյան պատերազմի ժամանակ' իր դիրքերն ուժեղացնելու համար: Եվ քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հիմնախնդիրը, այդ հաղթաթուղթն իր ձեռքից վայր չի դնի (դա կարող են անել միայն Ռուսաստանի հավանությամբ): Ղարաբաղյան հարցը Հայաստանի համար, ցեղասպանությունից զատ, մեկ այլ ազգային դատ է: Ղարաբաղը ծախողը կզրկվի գլխից:

2.    Ադրբեջանը, ում Թուրքիան վստահեցրել է, թե Հայաստանի հետ սահմանը չի բացի, քանի դեռ վերջինս չի ազատել «գրավված» տարածքները, ինչո՞ւ պետք է ճկունություն ցուցաբերի ղարաբաղյան հակամարտության հարցում: Որոշ պնդումների համաձայն' դեռ ակտիվ զինվում է, ինչն էլ խոսում է նրա այլ ծրագրերի մասին:

3.    Բացառությամբ Ռուսաստանի' Հարավային Կովկասի համար  խաղաղության հաստատումն անիրականանալի երազանք է: Հավանաբար Վրաստանին վերջնականապես մեկուսացնելու համար Կրեմլին օգտակար կլինի հայ-թուրքական հաշտեցումը: Հայաստանի ենթակառուցվածքները վերահսկող Ռուսաստանը կշահի նաև առևտրի տեսանկյունից: Թուրքիայի և Հայաստանի տարածքներով ձգվող երկաթգիծը, էներգետիկ և ճանապարհային նախագծերը կարող են զարգացնել առևտուրը: Սակայն այս գործընթացում, հավանաբար, ավելի կարևոր հաղթաթուղթ ձեռք բերվեց. Ադրբեջանի և Թուրքիայի միջև սեպ խրվեց: Դժվար թե Օսեթիան և Աբխազիան ճանաչած, սակայն վարագույրի մյուս կողմում ճնշումները շարունակող Ռուսաստանն այդպես հեշտությամբ ճանապարհ տա Թուրքիային:

4.    Ադրբեջանը հասկացավ Թուրքիայի ուժը, բայց չտրվենք ռոմանտիզմին' կարծելով, թե ադրբեջանական ընդդիմությունը ոտքի է ելել հանուն Թուրքիայի: Ընդդիմությունը Թուրքիայի միջոցով ցանկանում է գոլ խփել Ալիևի դարպասին, ճիշտ այնպես, ինչպես Սարգսյանի նկատմամբ արեց հայաստանյան ընդդիմությունը: Նրանց և մեր պարոն Դենիզի միջև մեծ տարբերություն չկա:

Արդյունքում, ինչպես ի սկզբանե մեր վարչապետն է հայտարարել, քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հիմնախնդիրը, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները չեն կարգավորվելու: Եվ այն էլ միայն, եթե Ադրբեջանը յոթ շրջանների դիմաց հրաժարվի Ղարաբաղից: Հուսով եմ' կողմերից մեկը վերջին պահին անակնկալ կմատուցի և մեզ կշփոթեցնի:

Ամբերին Զաման, «Թարաֆ»

Թարգմանությունը՝ Սիվիլիթաս հիմնադրամի

Այս խորագրի վերջին նյութերը