Մեկնաբանություն

07.07.2015 14:22


Բաղրամյանի «առումը»

Բաղրամյանի «առումը»

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի այս փուլը կարելի է ավարտված համարել։ Հիմա ժամանակն է որոշակի գնահատականներ տալու և եզրահանգումներ անելու համար։

Նախքան առանձին կետերով թեմային ու դրա շուրջ առկա խնդիրներին անդրադառնալը՝ նշենք, որ դրական էր ճահճացած այս վիճակում նմանատիպ ակցիա կազմակերպելը և մասնավորապես «Բաղրամյանի» տաբուն ջարդելը։ Բացի այդ, փորձը ցույց տվեց, որ միշտ էլ կարելի է իշխանական «պրոյեկտին» այնպիսի ուղղություն տալ, որ խիարը թարս բուսնի։ Հունիսի 28–ին տեղի ունեցածն ասվածի վառ ապացույցն է (Բաղրամյան 26–ը որոշել էր ներդրված նեոկոմսոմոլների միջոցով Օպերա ուղարկել ժողովրդին, բայց չկարողացավ)։

Ճիշտ է, պայքարը, մեծ հաշվով, անարդյունք ավարտվեց կոնկրետ սակագնի մասով, սակայն տվեց մի շարք այլ արդյունքներ, և եթե ճիշտ հետևություններ արվեն, ապա այս փորձն ահագին օգտակար կլինի երիտասարդների համար։

Եվ այսպես,

1. Եթե անընդհատ փորձում ես քաղաքական նշանակության հարցն արհեստականորեն չքաղականացնել, ապա վերջում քեզ հավաքում են նստացույցի վայրից, ու «քյար» է մնում միայն գիշերները փողոցում քնելու ռոմանտիկ ակցիան։

Կուսակցականացումը պետք չէ շփոթել քաղաքականացման հետ։ Իշխանություններն «օրենքից դուրս» են հայտարարել «քաղաքականություն» բառը, քանզի վախենում են, որ այն կնույնականացվի իշխանափոխության հետ։ Եթե դու տեղավորվում ես իշխանությունների գծած խաղի կանոնների շրջանակներում, ապա վերջում քաղաքականությունն է զբաղվում քեզանով, ու դու հայտնվում ես խաղից դուրս վիճակում՝ դատարկության զգացումով։

2. Այս պայքարի արդյունքում, մեծ հաշվով, առաջ քաշված ոչ մի խնդիր չլուծվեց, քանզի սակագինը մնալու է թանկ, և իշխանությունները շարունակելու են թալանը։ Իսկ դա նշանակում է, որ առանց քաղաքական բովանդակություն պարունակող տեքստի՝ հնարավոր չէ հասնել հաջողության։

Էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու որոշումը չեղարկելու պահանջ ներկայացնելը, Սերժ Սարգսյանի հնչեցրած «երկխոսության» (հիմա դրան աուդիտ են ասում) կոչը դրական գնահատելը և Բիբինի կամ Ռոբերտ Նազարյանի հրաժարականը պահանջելը նույնն է, ինչ «Ֆուտբոլային» դիվանագիտության փուլում Նալբանդյան Էդիկի հրաժարականը պահանջելը (պահանջողները հետագայում գնացին նույն Նալբանդյանի ենթակայության տակ աշխատելու և այսօր էլ պայքարում են Սերժ Սարգսյանի ցմահ իշխանությունն ապահովելու համար)։

Տպավորությունն այնպիսին էր, որ մի խումբ մարդիկ Մարսից նոր էին եկել Հայաստան, ու ոչ մի այլ խնդիր չէին տեսել՝ բացի հոսանքի գնի թանկացումից։ Դա մոտավորապես այն անեկդոտն է հիշեցնում, ըստ որի՝ մեկին ասում են՝ արա՛, այ ոչխարի լակո՛տ, արի՛ ստեղ, իսկ նա պատասխանում է, թե՝ ոչխարի լակոտը հասկացանք, բայց արա՛–ն ինչի համար էր։

Տղե՛րք, միայն հոսանքի գնի 6,93 դրամ թանկացո՞ւմը ձեզ հունից հանեց։ Գազի գինը, նվաստացուցիչ կարմիր կետագծերը, հարկային տեռորը, մսխված վարկերը, սարսափելի արտագաղթը, աղքատության աճի ֆոնին իշխանության վերին օղակների քեֆչի կյանքն ու մյուս բաները չե՞ք նկատում։ Իսկ եթե կարծում եք, որ միայն մեկ հարց է պետք դնել ու չքաղաքականացվել, ապա վերջում ստիպված եք լինելու հպարտանալ միայն Բաղրամյանի վրա արված «սելֆիներով» (լավագույն դեպքում)։

Ի դեպ, հունիսի 23–ին բռնության կիրառած ոստիկաններին պատժելու պահանջը Նալբանդյան Էդիկի հրաժարականի պահանջի պես մի բան է՝ անշառ և լղոզված։ Ո՞ւմ պարզ չէ, որ բռնություն կիրառելու «դաբրոն» Սերժ Սարգսյանն է տվել, իսկ հրամանը՝ Վովա Գասպարյանը։

3. Բաղրամյանում տեղի ունեցող հավաքների երկու շաբաթը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ոստիկանության կողմից ուժի կիրառման բացառումը կամ ուժի կիրառման հավանականության նվազեցումը հնարավոր են միայն մարդաշատության ու հանրային լայն կոնսոլիդացիայի դեպքում։ Իսկ դրա համար պետք են քաղաքական տեքստ և քաղաքական պայքար։

Միայն, այսպես կոչված, քաղաքացիական պայքարով ոչնչի չես հասնի։ Ավելին՝ քաղաքացիական պայքարն, առանց քաղաքական բովանդակության, կարող է ծառայել իշխանությունների շահերին (օրինակ՝ նպաստել ՀԷՑ–ի վերասեփականաշնորհման գործընթացին ու այն ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի վրա «նաղդելուն»՝ թալանի պահպանման նախապայմանով)։

4. Քաղաքական բոլոր ուժերն էլ կուզենային տեր կանգնել Բաղրամյանում հավաքվածներին։ Նման փորձ արեցին ոչ միայն ֆորմալ առումով ընդդիմադիր համարվողները (դրանց մի մասը հայտնվել էր «կենդանաբանական պատում»), այլ նաև ՀՀԿ–ական Աշոտյանը։ Բայց բոլորն էլ, ըստ էության, արժանացան «սիկտիրի»։ Պարզապես Աշոտյանի բախտը չբերեց, ու նա ուղղակիորեն լսեց «սիկտի՛ր» հրահանգը։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում առկա բոլոր խնդիրների լուծման համար պետք է բացառապես քաղաքական պայքար մղվի նոր քաղաքական ուժի միջոցով, քանզի գործողները չունեն անհրաժեշտ լեգիտիմության ու ռեսուրսային պաշարներ։

5. Փորձը ցույց տվեց, որ իշխանություններն ահագին անատամ են դարձել, քանզի սպառել են դրսի միջոցով ներսի հարցերը լուծելու և բիրտ ուժ կիրառելու հնարավորությունը։ Համենայնդեպս, ԱՄՆ–ի ու ՌԴ–ի կոշտ արձագանքը կապեց Սերժ Սարգսյանի ձեռքերն, ու նա ստիպված դարձավ «խաղաղության աղավնի»։ Դա էր պատճառը, որ Գասպարյան Վովան նյարդային էր դարձել, քանզի ուզում էր ուժ կիրառել, բայց տեսնում էր, որ շեֆը ռիսկ չի անում նման հրաման տալ։

6. Ցանկացած շարժում, նախաձեռնություն, համաժողովրդական ալիք պահանջում է թիմի և առաջնորդի առկայություն։ Նաև՝ գործողությունների ծրագրի ու քայլերի հաջորդականության հստակ ներկայացում։ Չկա այլ տարբերակ։ Քաղաքագիտության, կառավարման տեսության ու սոցիոլոգիայի մեջ «նոր խոսք» մի՛ փորձեք ասել։ Դա առնվազն ախմախություն է։ Չկառավարվող զանգվածը նման է հոտի։ Ինքնաբուխ «կայֆերն» այլ տեղեր կարող են օգտակար լինել, բայց ոչ հանրային գործընթացների ժամանակ։

«Ցանցային» ու «հորիզոնական» «լոլոները» միգուցե գեղեցիկ են հնչում, բայց բանի պիտանի չեն քաղաքական գործընթացների ժամանակ։ Հակառակ դեպքում կստացվեն ընդամենը ցանցառություն (որպես ցանցային կառավարման հետևանք) և պառկած վիճակ (որպես անառաջնորդ ու հորիզոնական հարաբերությունների հետևանք)։

Ինչ վերաբերում է հանրությանը, ապա այն պետք է հետևություն անի ու վերջնականապես հասկանա, որ չկան առանձին վերցրած էլեկտրաէներգիայի սակագնի հարց, ՀԷՑ–ի հարց, գազի թանկ գնի հարց և այլն։ Կա քաղաքական խնդիր, և այդ խնդիրը պետք է լուծել։ Մնացածը լիրիկայի ոլորտից է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը