Մեկնաբանություն

08.07.2015 09:25


Ի՞նչ արժե Հայրիկյանի մյուս ուսը

Ի՞նչ արժե Հայրիկյանի մյուս ուսը

Նախագահական վերջին ընտրությունները կոմերցիոն տեսանկյունից բավական հաջող էին «ֆեյք» թեկնածու Պարույր Հայրիկյանի համար։

«Կաֆելչիկների» չարաճճիությունները շատ թանկ նստեցին հարկատուներիս վրա։ Հայրիկյանը Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունից ահագին փող ստացավ վերնաշապիկը չծակած, բայց ուսը վիրավորած փամփուշտի հետքի համար։ Իսկ թե ինչքան նստեց նույն Պարույրը ՀՀԿ նախագահի բիզնես շրջապատի վրա որպես նախագահի թեկնածու և որպես ՍԴ դիմում տված ու հետ վերցրած գործիչ, կիմանան ինքը, Սերժ Սարգսյանը և բիզնես շրջապատը։

Բաղրամյան պողոտայում կազմակերպվող ցույցերը ևս եկամտաբեր կարող էին դառնալ Պարույրի համար, քանզի հնարավորություն էր ստեղծվել Բաղրամյան 26–ին ձեռնտու տարբերակով «Արևմտամետիստ» և «Ռուսական իմպերիալիզմի դեմ պայքարիստ» խաղալ, սակայն բան դուրս չեկավ։ Նրա մյուս ուսին բան չեղավ, հետևաբար պետբյուջեի հաշվին առողջարաններում ման գալու նոր հնարավորություն չստեղծվեց։

Իսկ թե ինչ կարժենար այս անգամ նրա ուսը, արդեն դժվար է կռահել։ Նայած թե «անկախության սիմվոլին» ինչ տիպի «կաֆելչիկներ» «կռաստվեին» Բաղրամյանում։

Դատելով ամենից՝ ցուցարարների մեջ մի կարգին արհեստավոր չի գտնվել։

Հայրիկյանի ուսը մեկ էլ երևի պետք կգա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ու դրանից հետո, երբ նա կփորձի «իմպերիալիստական Ռուսաստանի» դեմ պայքարի շրջանակներում պաշտպանել Սերժ Սարգսյանի ցմահ իշխելու իրավունքը։

Սամվել Խաչագողյան

Հ.Գ.։ Հայրիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե Ռուսաստանից ահազանգ է ստացել, որ իր հարցերն ուզում են լուծել։ Նա կոչ է անում խուճապի չմատնվել, բայց նաև՝ չարհամարհել։ Այդ «ստատուսը» կարդալուց հետո անմիջապես հիշեցի «Անորսալի Ջոյի» մասին անեկդոտը, բայց խնդիրը տվյալ դեպքում անեկդոտը չէ։ Խնդիրն այն է, որ Հայրիկյանն ուզում է բարձրացնել իր ուսի գինը «Տեսե՛ք, իմ հարցերն ուզում են լուծել» ծրագրի շրջանակներում։

Այս խորագրի վերջին նյութերը