Մեկնաբանություն

13.07.2015 14:50


Օֆշորային դատավարություն

Օֆշորային դատավարություն

Մեկնարկել է օֆշորային սկանդալի գործով դատավարությունը: Սա այն դեպքերից է, երբ բոլորն ամեն ինչ գիտեն։ Գիտեն մեղավորի ու տուժողի անունները։ Գիտեն դրդողներին, կատարողներին, աջակիցներին ու զոհին։

Գիտեն նաև, որ արդար դատավարություն չի սպասվում։

Միակ մարդը, ով միամիտ է, ու դեռ կարծում է, թե այս իշխանությունների օրոք հնարավոր է վերականգնել կորուստները, օֆշորային մեքենայության զոհ Փայլակ Հայրապետյանն է։

Նա «Փաստինֆոյի» հետ զրույցում որոշ փակագծեր է բացել։

Պատասխանելով հարցին՝ «Չե՞ք փորձել արդյոք մինչև դատական ատյաններին դիմելը ինքներդ պարզել, թե ինչ են եղել գումարները, Հայրապետյանը նշել է հետևյալը. «Ես մի օր հարցրեցի, ասեցի. «Աշո՛տ, ինչ որ է, մնացած գումարներն ի՞նչ ես արել»:–Ասեց. «Առաջինը՝ 6000 դոլար տվել եմ բիզնես ծրագրին»:–Գրել են, որ Աշոտ Սուքիասյանը Սիերա Լիոնեում ունի 110 հեկտար տարածք, որտեղ կա 9 մլն 600 000 կարատ ադամանդ: Սա ՀՀ «Ամերիաբանկի» կազմած բիզնես ծրագիրն է: Ի՞նչ հիմքերի վրա, ինչպե՞ս է կազմվել, սրա պատասխանը պետք է տան բանկի և՛ կառավարիչը, և՛ աշխատողները: Ասում եմ՝ լավ, հետո՞: Ասում է. «5% ատկատ եմ արել՝ 600 000 դոլարը»»:

Գործարարը նաև խոսել է տխրահռչակ զույգի՝ Նավասարդ Կճոյանի ու Տիգրան Սարգսյանի մասին։

«Գումարները փոխանցել են օֆշորային գոտի՝ 9 մլն դոլար. առաջին ձեռնարկությունում գրանցված է 7 մլն 200 հազար, երկրորդում՝ 350 հազար, երրորդում՝ 2 մլն 200 հազար: Հետո այս գումարները այստեղից փոխանցել է այնտեղ, այնտեղից՝ այստեղ, այսպես մի քանի անգամ, որպեսզի խաբի և՛ պետությանը, և՛ մեզ: ... «Ամերիայով»-ով գնացել է, «Ամերիայով»՝ եկել: Գումարը գնացել է էս երեքի հաշվի վրա (ցույց է տալիս Աշոտ Սուքիասյանի, Տիգրան Սարգսյանի և Նավասարդ արք. Կճոյանի լուսանկարները)՝ 9 մլն, հետ է եկել Հայաստանի Հանրապետություն, հանել են և օգտագործել իրենց կարիքների համար, հանել են, Կճոյանին են ավտոմեքենա առել, տուն են առել, ոսկի են առել: Ինչ արել են՝ ոչ մեկը ձայն չի հանել»,– մանրամասներ է ներկայացրել գործարարը։

Հայաստանում մարդ չկա, որ չհավատա Փ. Հայրապետյանի խոսքերին, քանզի հակառակ կողմում տեսնում են, թե ովքեր են, և գիտեն հայաստանյան բարքերը։

Սակայն դա կապ չունի։ Դատարանը Հայրապետյանին չհավատալու հրահանգ ունի, ու վերջում, ամենայն հավանականությամբ, հենց նրան են տուգանելու՝ զրպարտության մեղադրանքով, ինչպես որ Լիսկայի զոհ դարձած Բուդաղյան եղբայրներին են մեղավոր հանում՝ մեկին՝ հետմահու, երկուսին՝ ողջ վիճակում։

Խնդրի լուծումը տվյալ դեպքում քաղաքական դաշտում է։ Տիգրան Սարգսյանը դատարանում «կերգի» միայն իշխանափոխությունից հետո։ Պետք է այդ ուղղությամբ աշխատել, այլ ոչ թե պատրանքներ ունենալ։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը