Մեկնաբանություն

14.07.2015 10:15


Երբ ձեռքը տանում են Աստվածաշնչին

Երբ ձեռքը տանում են Աստվածաշնչին

Ոստիկանապետ Վովա Գասպարյանը փորձում է վերականգնել Բաղրամյան պողոտայում սասանված հեղինակությունը։ Նա մահակը ցած է դրել ու կրկին դիմել Աստվածաշնչի օգնությանը։

Վովային «քաշեց» Սերժ Սարգսյանը։ Թե ինչպես և ինչու «քաշեց», լրացուցիչ բացատրության կարիք չունի։ Ամեն ինչ տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ։

Ուշագրավ է, որ Բաղրամյան 26–ին կից գործող քարոզչամեքենան որևէ ձևով աջակցություն չցուցաբերեց ծանր դրության մեջ հայտնված ոստիկանապետին։ Ավելին՝ դրանք Վովայի համապատկերին դրական լույսի ներքո էին ներկայացնում փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։ Թե ինչ է նշանակում այս ամենը, կերևա առաջիկայում։

Չի բացառվում, որ Վովան որևէ խնդիր չունի, և շարունակում է մնալ լեգիտիմության գրեթե զրոյական պաշար ունեցող այս իշխանությունների «պահապան հրեշտակը», պարզապես իշխանական քարոզչամեքենան, իր սկզբունքին հավատարիմ, «փչացնում» է նաև յուրայիններին։ Թեև, հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ Վովան այնպիսի բաներ արեց, որ նրա դեմ հակաքարոզչության համար առանձնապես մեծ ջանք պետք չէր ներդնել։ Ընդամենը պետք էր ցույց տալ նրա «էքսպրոմտ» հարցազրույցներն ու հայտարարությունները Բաղրամյան պողոտայում և վերջ։

Հիմա ով Վովային ակամայից խանգարել էր, նա էլ փորձում է օգնել։ Ավելի ճիշտ՝ այդ մեկին հիմա էլ օգտագործում են այլ նպատակով։

Ինչպես հայտնի է, ոստիկանապետը արծաթապատ Աստվածաշունչ է նվիրել «Գեբելսյան» քարոզչամեքենայի սիրելի Վաղինակ Շուշանյանին։ Վերջինս ընդունել է նվերն ու կիսվել իր տպավորություններով։ Կօգնի՞ այդ քայլը Վովա Գասպարյանին։ Հազիվ թե։ Նրան, երևի, թվում է, որ եթե մեկ անգամ «կրոնական» թեմայով կարողացել է գործը հաջողացնել (նկատի ունեմ Րաֆֆուն «աղոթեցնելը»), ապա հետագայում էլ կստացվի։ Սակայն ինչպես մարդա մեկի տատը կասեր՝ պապն ամեն անգամ փլավ չի ուտի։

Ինչ մնում է Վաղինակին, ապա ափսոս էր տղան։ Այդքան ջահել, բայց արդեն նվերներ ստացող։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը