Մեկնաբանություն

15.07.2015 09:20


Ինչո՞ւ հրաժարական տվեց արդարադատության նախարարը

Ինչո՞ւ հրաժարական տվեց արդարադատության նախարարը

Հայաստանում իշխանական համակարգը փակ է և գործում է գիլդայական սկզբունքով։ Սերժ Սարգսյանի օրոք այդ համակարգն է՛լ ավելի է փակվել։ Որոշումների ընդունման գործընթացն ամբողջությամբ տեղափոխվել է կուլիսներ։ Ստվերային քաղաքական կյանքը կլանել է ամեն ինչ։

Փակ համակարգում մարդկանց առաջխաղացումներին ու հետընթացներին հանրությունը ծանոթանում է մակերեսային մակարդակով։

Այսինչ մարդուն նշանակեցին, այնինչ մարդուն հեռացրեցին, երրորդին խրախուսեցին։ ՀՀ քաղաքացիներին միայն դա են ցույց տալիս։ Իսկ թե ինչու առաջ քաշեցին այս մեկին, հետ տարան այն մեկին ու խրախուսեցին (կամ պատժեցին) երրորդին, չի ասվում, բացատրություններ չեն տրվում, և հաշվետվություն չի ներկայացվում։

Երեկ հրաժարական է ներկայացրել արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։ Պատճառների մասին նա չի խոսել։

Սերժ Սարգսյանն անմիջապես ընդունել է այդ հրաժարականը։ Սա երևացող, այսինքն՝ գործըթնացի «չոր» մասն է։ Իսկ թե ինչու է իրականում հրաժարական ներկայացրել նախարարը, չի հայտարարվում։ Հետագայում միգուցե որևէ ձևական բան հայտարարվի, բայց իրականությունը հազիվ թե բացվի։

Պարզ է, որ այդ որոշումը մեկ օրվա մեջ չի հասունացել, բայց հանրությունն այդպես էլ չի իմանա, թե ինչու որոշվեց հենց Մանուկյանին նշանակել նախարար, ու ինչու հիմա նա հրաժարական տվեց։

Ի դեպ, ուշագրավ է, որ արդարադատության նախարարը հրաժարական է ներկայացնում Սերժ Սարգսյանի անձնական շահերին առնչվող սահմանադրական փոփոխությունների տեքստի ներկայացման նախաշեմին։ Նախարարը, ինչպես հայտնի է, ակտիվ դերակատարում չուներ սահմանադրական տեքստի մշակման գործընթացում, մինչդեռ ի պաշտոնե պետք է որ լիներ։

Պայմանավորվա՞ծ է Մանուկյանի հրաժարականը սահմանադրական գործընթացի հետ, թե՞ ոչ, դժվար է ասել։ Միգուցե կա հրաժարական ներկայացնելու խիստ անձնակա՞ն պատճառ։

Փակ ու ստվերային ռեժիմով որոշումներ կայացնող իշխանությունների դեպքում կարող ես միայն ենթադրություններ անել։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը