Մեկնաբանություն

18.07.2015 11:35


«Սահմանադրական» հեղաշրջման օգտին քարոզն սկսվել է

«Սահմանադրական» հեղաշրջման օգտին քարոզն սկսվել է

Սերժ Սարգսյանը հրապարակեց «սահմանադրական» հեղաշրջման ճանապարհային քարտեզը։ Հիմա սկսվել է դրա օգտին քարոզչության փուլը։

«Գեբելսյան» քարոզչամեքենան աշխատանքի բաժանում է կատարել։ Ամեն մեկն անցել է իր պարտականությունների կատարմանը։

Հաստիքային սերժականները՝ Էդուարդ Շարմազանով, Հրայր Թովմասյան, Գագիկ Հարությունյան, Կարեն Ավագյան, Մարքրիտ (ըստ Գալուստ Սահակյանի) Եսայան, Վահրամ Բաղդասարյան և այլք, ստանդարտ ձևակերպումներով փորձում են համոզել, թե ինչ մարդակենտրոնն է Սերժ Սարգսյանը, ով, իբր, հեռանում է իշխանությունից, բայց ուզում է իր հետևից լավ բան թողնել հայ ժողովրդին, հետևաբար պետք է կողմ լինել սահմանադրական փոփոխություններին։

Սրանք իրենք իրենց ասածներին չեն հավատում, բայց «ի պաշտոնե» պարտավոր են խոսել և խոսում են։

Ինչ վերաբերում է արտահաստիքայիններին, ապա սրանք «նուրբ» ձևով են աշխատում Սերժ Սարգսյանի օգտին։ Արտաքուստ կողմ չեն արտահայտվում սահմանադրական փոփոխություններին, բայց դեմ են արտահայտվում սահմանադրական փոփոխություններին դեմ դուրս եկողներին։

Օրինակ՝ «թունդ ընդդիմադիր» Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների ու իր թերթի միջոցով, կարենավագյանների ու մարքրիտեսայանների հետ միաժամանակ, սկսել է քարոզել, որ սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ են, որ Սերժը գործող Սահմանադրությամբ էլ կարող է վերարտադրվել (ի դեպ, այս թեզը ՀՀԿ–ականների սիրածներից է), որ, միևնույն է, հանրաքվեն անցնելու է, և որ պետք չէ հանրային դիմադրություն կազմակերպել՝ ժողովրդին տանելով պարտության։

Առաջին հայացքից երկաթյա փաստարկներ են ու թունդ ընդդիմադիր կեցվածք, բայց՝ միայն մտավոր հետամնացների համար։

Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշիանյանն իր համար փորձում է ալիբի ապահովել՝ «Մենք գնում ենք ինստիտուցիոնալ ընդդիմություն ձևավորելու ճանապարհով» հավերժական հաճախորդի հայեցակարգի օգնությամբ։

Նիկոլենք ասում են, թե իշխանությունը կփոխվի, երբ ունենանք ինստիտուցիոնալ ընդդիմություն։ Իսկ հարցին, թե երբ կունենանք, պատասխանում են՝ երբ որ կունենանք։ Համաձայնե՛ք, որ սա գեղամյանության կատարելագործված տարբերակն է։

Ի՞նչ է նշանակում «Սահմանադրական փոփոխությունների հարցը օրակարգային կեղծ կետ է, հետևաբար պետք չէ մտնել դրա դեմ պայքարի գործընթացի մեջ» ձևակերպումը։ Եթե նիկոլենք չեն հասկանում, որ սահմանադրական փոփոխություններից հետո իրենք լավագույն դեպքում կկարողանան ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել հաճախորդությունը, ապա իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ, քանզի քաղաքական դաշտում չպետք է լինեն անմեղսունակներ։ Իսկ եթե այս ամենը շատ լավ հասկանում են, բայց չհասկացող են ձևանում, ապա սա արդեն լրիվ ուրիշ բան է։

Հայտարարել, որ ժողովրդին չի կարելի տանել պարտության, որ պետք է նախ ձևավորել ինստիտուցիոնալ ընդդիմություն և նոր միայն մտնել պայքարի մեջ, նույնն է, որ 90–ականների սկզբում հայտարարեինք, թե ադրբեջանական հարձակումների դեմ չարժե դուրս գալ, որովհետև դեռ ինստիտուցիոնալ բանակ չունենք, հենց ունենանք՝ այն ժամանակ էլ կկռվենք, թե չէ չի կարելի ժողովրդին տանել պարտության։

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մենք կանոնավոր բանակ չունեինք։ Ավելին՝ պատերազմի սկզբնական փուլում դեռևս անկախ պետություն էլ չունեինք։ Այդ ամենը ձեռք բերվեց հընթացս։ Ուրիշ տարբերակ չկար։

Պատկերացնո՞ւմ եք՝ ղարաբաղցիներին ու Հայաստանի սահմանամերձ գոտիների բնակիչներին այն ժամանակ, Երևանում նստած, ասեինք, որ մեր ունեցած սուղ հնարավորություններով չենք պաշտպանվելու, քանի որ դեռ կանոնավոր բանակ չկա, ու, միևնույն է, Ադրբեջանը հաղթելու է, քանզի քանակապես ու այլ ռեսուսրներով գերազանցում է մեզ։ Դա կլիներ դավաճանական կամ, լավագույն դեպքում, անմեղսունակ վարքագիծ։

Քեզ վրա թշնամին հարձակվում է և ուզում է սրի քաշել, իսկ դու ասում ես, թե քանի դեռ ինստիտուցիոնալ բաներ չունենք, իմաստ չունի ինքնապաշտպանվելը, քանզի հարյուր տոկոսով երաշխավորված չէ հաղթանակը։

Հիմա անգամ չորքոտանիներին է պարզ, որ Սերժ Սարգսյանն ուզում է նեոբոլշևիկյան հեղաշրջում իրականացնել։ Ու եթե այս պայմաններում քարոզում ես, թե, միևնույն է, նա կանցկացնի այդ ծրագիրը, ուստի դիմադրելու կարիք չկա, նույնն է, որ ադրբեջանական բանակին հանձնես երկրի բանալիները, քանզի դեռ չես հասցրել հուժկու ինստիտուցիոնալ ընդդիմություն ձևավորել։

Հարցն, իհարկե, այն չէ, որ եթե Նիկոլն ու նրա «ինստիտուցիոնալ» հովանավոր Խաչատուր Սուքիասյանը չմիացան սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարին (դե սա պետպատվերով «կենդանի պատ» չէ, որ սիրուն շորերը հագնեն, ու «սիկտիրչի» Աշոտյանի հետ գան Բաղրամյան պողոտա), ապա հայ ժողովուրդը «կքաշվի»։ Հարցն այն է, որ հայ ժողովուրդը պետք է դեմքով ճանաչի իր բոլոր «ինստիտուցիոնալներին»։ Որ հետո գեղամյանության արդյունավետությունը զրոյական լինի։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը