Կարծիք

18.07.2015 23:30


Դեպի Արցախ ուղղված աշխարհի հայացքը և սահմանադրական փոփոխությունները

Դեպի Արցախ ուղղված աշխարհի հայացքը և սահմանադրական փոփոխությունները

Վերջին շրջանում, իսկ ավելի ճիշտ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ պատմական համաձայնագրի կնքումից հետո, միջազգային հանրության կողմից ակտիվություն է նկատվում Արցախյան հակամարտության խնդրի շուրջ:
Սկզբից ելույթ է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմ Ուորլիքը, օրեր անց արձագանքում է Մոսկվան (Լավրով-Նալբանդյան հեռախոսազրույցը), մինչ այդ էլ Հայաստան (ու Վրաստան) տարածաշրջանային այց պետք է կատարեր Դոնալդ Տուսկը, սակայն այցը չստացվեց Հունաստանի պատճառով: Այժմ արդեն հայտարարվել է, որ Տուսկը կայցելի ոչ միայն Հայաստան ու Վրաստան, այլև Ադրբեջան:
Հասկանալի է, որ միջազգային հարթակի հիմնական խաղացողներն իրենց շահերն են հետապնդում տարածաշրջանում՝ ռազմավարական ու էներգետիկ նշանակության: Ոմանք ձգտում են ստատուս-քվոի փոփոխմանը, ոմանք՝ տարածաշրջանում բալանսի պահպանմանը (Ռուսաստանը մի կողմից 200 մլն դոլար արտոնյալ վարկ է տրամադրում Հայաստանին պաշտպանական զենք ձեռք բերելու համար, մյուս՝ ռազմական զենք վաճառում Ադրբեջանին):
Աշխարհում տեղի են ունենում զգալի փոփոխություններ: Երկու կողմից թշնամիներով շրջապատված Հայաստանն անտարբեր մնալու իրավունք չունի, ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը երկնքից կախված է և խթանվում է ոչ միայն դրսից, այլև ներսից:

Ի դեպ, ներսի խթանող գործոններն առավել վտանգավոր են, քանզի գործող իշխանության կողմից չկա ադեկվատ ընկալում ու արձագանք աշխարհում ու տարածաշրջանում առկա գործընթացներին, բացի այդ նրանք ներսում վարում են այնպիսի քաղաքականություն, որը բավականին վտանգավոր է երկրի համար:
Սերժ Սարգսյանը տարված է սեփական վերարտադրության գաղափարով, որը հակասում է և՛ ազգային ու պետական շահերին, և՛ ազգային անվտանգությանը:

Խաղաքարտերի դասավորվածությունը մեր օգտին չի խոսում, հնարավոր է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենար: Եթե Սերժ Սարգսյանը չսթափվի ու վերջ չդնի պետականակործան քաղաքականությանը, ապա դա կանի ժողովուրդը՝ լավագույն տարբերակը, կամ դրսի ուժերը՝ վատագույն տարբերակը բոլորի համար:
Սահմանադրության փոփոխման մասին խոսք անգամ լինել չի կարող, քանզի նրանում ամբողջապես լղոզված է ազգային անվտանգության երաշխավորման մեխանիզմը:

Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը