Մեկնաբանություն

22.07.2015 00:05


Պատերազմի ու խաղաղության ընտրությունը

Պատերազմի ու խաղաղության ընտրությունը

Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը շատ է սիրում թութակի պես կրկնել, որ հայերը պետք է հանձնեն «օկուպացված» տարածքները։ Ճիշտ է, նա նաև նշում է, որ Ղարաբաղի խնդրի կարգավորումը պետք է լինի համապարփակ, ինչը նշանակում է նաև ԼՂՀ կարգավիճակի հստակեցում, սակայն նրա խոսքի հիմնական շեշտադրումը տարածքների վերադարձն է։ Մնացած կետերը ստորադասվում են այդ կետին։

Ուորլիքը նաև սիրում է խոսել խաղաղապահներից։ Ըստ նրա՝ կայուն խաղաղության երաշխիքների համար խաղաղապահներ են պետք։

Սա, իհարկե, միայն նրա տեսակետը չէ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ մյուս երկրների մոտ էլ կա այսպիսի մոտեցում (թեև ամեն մեկն այլ կերպ է պատկերացնում խաղաղապահների կազմն ու ֆունկցիոնալ նշանակությունը), սակայն քանի որ հենց Ուորլիքն է անընդհատ խոսում այդ մասին, ուստի հենց նրա ասածներին է պետք անդրադառնալ։

Նախ՝ հարկ է նկատել, որ Ղարաբաղի խնդրի բանակցային լուծման նախադրյալ մոտ ապագայում չի երևում։ Ինչի՞ շուրջ պետք է համաձայնության գան կողմերը։ Պաշտոնական Բաքուն որևէ զիջողականություն չի ցուցաբերում։ Ակնհայտ է, որ «օկուպացված» տարածքների հանձնման կոչը փաստացի պատերազմի կոչ է։ Նման պայմաններում հայկական կողմի զիջումը կլինի հիմարություն ու նաև՝ դավաճանություն։

Եթե, ինչպես Ուորլիքն է պնդում, կայուն խաղաղության համար անհրաժեշտ են խաղաղապահներ, ապա դա բլեֆ գաղափար է։

Խաղաղ կարգավորման ու խաղաղապահների տեղակայման գաղափարները միմյանց հակասում են։ Եթե գնում ենք Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցություն հաստատելու ճանապարհով, ապա կարիք չկա, որ մեր միջև երրորդ երկրների զորքեր կանգնեն։

Իսկ եթե խաղաղությունը լինելու է փխրուն, ու մենք ընդամենը հողեր ենք հանձնելու և կանգնելու փաստի առաջ, ապա ի՞նչ իմաստ ունի թեկուզ մեկ միլիմետր տարածք զիջել, եթե հակառակորդդ, միևնույն է, պատրաստվում է ռազմական գործողության միջոցով Ղարաբաղն ու Հայաստանը դարձնել թիրախ։

Մի խոսքով, Ուորլիքի հայտարարություններին պետք է պաշտոնապես կոշտ պատասխան տրվի։ Բայց դե, ումից ինչ ենք պահանջում։

Սերժ Սարգսյանը պատրաստ էր 2011թ. Կազանում հանձնել այն, ինչ պահանջում էին թուրքերը «Ֆուտբոլային» դիվանագիտության շրջանակներում։ Պարզապես բախտներս բերեց, որ Էրդողանը հիմար, իսկ Ալիևը՝ ագահ գտնվեցին։ Արդյունքում՝ ՀՀԿ ղեկավարը վախից հետ քաշվեց, այնինչ, եթե համաձայներ կազանյան համաձայնագրին, ապա Թուրքիան ու Ադրբեջանը ժամանակի ընթացքում կստանային այն, ինչը Կազանում պահանջեցին միանգամից (Ալիևը տասը նոր պահանջ էր դրել), բայց չստացան։

Ցավալի է, իհարկե, բայց ստիպված ենք խոստովանել, որ մեր երկրի անվտանգության երաշխավորներն ակամայից դարձել են մեր թշնամի երկրների ղեկավարները։ Այդպես, սակայն, երկար շարունակվել չի կարող։

Սահմանադրական փոփոխությունների գործընթացը հարմար առիթ է հետփետրվարյան դեկոնսոլիդացված վիճակը շտկելու և նոր ալիք բարձրացնելու համար։ Ամեն ինչ մեր ձեռքերում է։ Սերժը խաղում է այնքան, ինչքան թույլ է տալիս հանրությունը։ Հիմա նա տեսել է, որ դիմադրություն չկա, ուզում է անասնաֆերմայի վերածել Հայաստանը։ Հենց լուրջ դիմադրություն լինի, անմիջապես հետ է քաշվելու բոլոր ուղղություններով։

Իշխանափոխությունը Հայաստանում նշանակում է խաղաղություն Ղարաբաղի մասով։ Սերժի մնալը շեշտակի մեծացնում է պատերազմի հավանականությունը։ Մի խոսքով, ընտրությունը շատ մեծ չէ։

Գևորգ Գևորգյան

Հ.Գ.։ Արդեն տխուր ավանդույթի է վերածվում այն, որ Ուորլիքը հենց խոսում է «օկուպացված» տարածքներից, ադրբեջանցիները սկսում են ինտենսիվ կրակոցները։ Նախորդ տարվա օգոստոսին այդպես եղավ։ Հիմա էլ է այդպես՝ Ուորլիքը խոսում է, իսկ շփման գծում ինտենսիվանում են կրակոցները։

Տպավորությունն այնպիսին է, որ Ուորլիքի հայտարարությունները և ադրբեջանցիների գործողությունները սինքրոն են ու համաձայնեցված, կամ էլ՝ պաշտոնական Բաքուն է ամեն անգամ ոգևորվում ամերիկացի համանախագահի խոսքերից ու դիմում արկածախնդրության։

Այս խորագրի վերջին նյութերը