Լրահոս

24.09.2010 09:15


ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպմանը

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է  ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպմանը

Նյու-Յորք Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելության երրորդ օրը ևս հագեցած էր տարբեր ձեւաչափերի հանդիպումներով:

Հայաստանի արտգործնախարարի աշխատանքային օրը սկսվեց Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ հանդիպումով, որոնց ընթացքում քննարկվեցին հայ-վրացական օրակարգի բազմաթիվ հարցեր: Երկխոսությունը շարունակելու նպատակով հոկտեմբերի սկզբին Գրիգոլ Վաշաձեն կժամանի Երեւան: 

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Պատրիսիա Օ'Բրայանին հանձնեց "Միջազգային ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի մասին" միջազգային կոնվենցիայի եւ "Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին" ՄԱԿ-ի կոնվենցիայի Հայաստանի կողմից վավերացման մասին փաստաթղթերը:

Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Յանդրոկովիչի հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը իր խորվաթցի գործընկերոջը փոխանցեց Խորվաթիայի Նախագահ Իվո Յոսիպովիչին ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը: Նախարարները նշեցին, որ անցյալ տարվա ընթացքում մեր երկրների միջեւ նախագահական մակարդակով բարձրաստիճան փոխայցելությունները լավ նախադրյալներ ստեղծեցին հայ-խորվաթական քաղաքական, տնտեսական եւ մշակութային համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար: Նախարարներ Նալբանդյանն ու Յանդրոկովիչը անդրադարձան նախագահական մակարդակով ձեռք բերված  պայմանավորվածությունների կատարմանը: 

Էդվարդ Նալբանդյանը եւ Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարը քննարկեցին հաջորդ ամիս Սլովենիայի Նախագահի Հայաստան կատարելիք պաշտոնական այցելության նախապատրաստական աշխատանքները, անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Սլովենիայի արտգործնախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Հունաստանի արտգործնախարար Դիմիտրիս Դրուցկասի հետ հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը քննարկեց երկու բարեկամ երկրների միջեւ համագործակցության ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Հունաստանի արտգործնախարարը տեղեկացրեց ֆինանսական ճգնաժամի հաղթահարման նպատակով իրականացվող աշխատանքները: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին նաեւ տարածաշրջանային հարցերի շուրջ: Ընդունելով Հայաստան այցելելու հրավերը Հունաստանի արտգործնախարարը տեղեկացրեց, որ Հայաստան կայցելի այս տարվա ընթացքում:  

Նույն օրը տեղի ունեցավ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեի, Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց համանախագահ երկրների ջանքերը ՄԱԿ-ի ԳԱ նախորդ նստաշրջանում ադրբեջանական ապակառուցողական բանաձեւի նախագծի հետկանչման հարցում: Մինսկի խմբի համանախագահները Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեցին մինչ ս.թ. դեկտեմեբրին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը իրենց կողմից նախատեսվող քայլերի մասին:  

Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Մուալիմի հետ էր: Զրոււցակիցները գոհունակություն հայտնեցին վերջերս համագործակցության տարբեր ուղղություններով նկատվող ակտիվության կապակցությամբ եւ պայմանավորվեցին հավելյալ աշխատանքներ տանել հարաբերությունների առավել զարգացման համար: Նախարարներ Նալբանդյանն ու Մուալիմը մտքեր փոխանակեցին Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Կովկասի խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ:      

Նույն օրը ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց մեկ ամիս առաջ Հայաստանում ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովին կայացրած որոշումների իրականացման գործընթացը, քննարկվեցին կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման աշխատանքները: 

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Հայաստանի արտգործնախարարը հանդիպում ունեցավ իր իրաքցի գործընկերոջ Հոշյար Զեբարիի հետ: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Իրաքի հետ համագործակցության զարգացումը եւ հենց այդ պատճառով էլ որոշում է կայացվել վերաբացել Բաղդադում Հայաստանի դեսպանությունը: Իրաքի արտգործնախարարը շնորհակալություն հայտնելով Հայաստանի ղեկավարությանը դեսպանություն հիմնելու համար, ասաց, որ իր կառավարությունը եւս մտադիր է դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Երեւանում: Էդվարդ Նալբանդյանի խնդրանքով Հոշյար Զեբարին ներկայացրեց Իրաքում իրադրության կայունության հաստատմանն ուղղված իշխանությունների ջանքերը եւ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության ձեւավորման շուրջ ընթացող բանակցությունները:   

Սեպտեմբերի 23-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին ժամանած պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը:   

Այս խորագրի վերջին նյութերը