Լրահոս

16.11.2009 16:54


Վահան Շիրխանյանն այսօրվա ընդդիմության կողմից արտահերթ ընտրությունների հասնելու հեռանկար չի տեսնում

Վահան Շիրխանյանն այսօրվա ընդդիմության կողմից արտահերթ ընտրությունների հասնելու հեռանկար չի տեսնում

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը ՄԱԱ-ում «7օր»-ին ասել է, որ այժմ Հայաստանում արտահերթ ընտրություններ կարող են լինել միայն այն դեպքում, եթե վտանգավոր զարգացումներ արձանագրվեն Լեռնային Ղարաբաղի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերում։ Հակառակ պարագայում Վ. Շիրխանյանն արտահերթ ընտրությունները համարում է անիրատեսական.

-Եթե օգոստոսի 31-ից հետո՝ սեպտեմբերի 1-2-ին, ընդդիմությունը կոչ աներ և ժողովրդին հաներ փողոց ու պահեր փողոցում մի քանի օր, առաջինն այս արձանագրությունները չէին ստորագրվի, երկրորդ՝ հնարավոր կլիներ հասնել արտահերթ ընտրությունների։ Բայց դա չարվեց։ Արվեց ուղիղ հակառակը, և այսօր ես չեմ տեսնում, որ ընդդիմությունն ի վիճակի է հասնել արտահերթ ընտրությունների,- նշել է Վ. Շիրխանյանը,-եթե զարգացումները բերեն այն վիճակին, որ ժողովուրդը տեսնի իր գոյության, իր հայրենիքի ռեալ սպառնալիքը, կձևավորվի նոր ընդդիմություն, որը և կսկսի աշխատել։

ՍԴՀԿ ներկայացուցիչը նաև հավելել է, որ իրենց կուսակցության համար առաջնայինը երկրում համակարգային փոփոխությունն է։ «Հայ ազգային կոնգրեսը» պահանջում է նախագահի հրաժարականը, և Վ. Շիրխանյանը նշել է, որ պետք է պրագմատիկ լինել և տեսնել, թե հրաժարական պահանջելով՝ իրենք տեսնո՞ւմ են այդ ճանապարհը, թե՞ այսօր ավելի կարևոր խնդիրներ կան մեր ժողովրդի, Հայաստանի համար։

-Լինենք ավելի պրագմատիկ։ Այսօր հրաժարական պահանջելով՝ հրաժարականի հասնել հարավո՞ր է։ Պահանջում ենք հրաժարական, դե թող հրաժարական տա, ինչո՞ւ չի տալիս։ Չի տալիս մարդը հրաժարական և չի էլ տա։ Դա կլինի միայն մի դեպքում՝ եթե դու ամբողջ ժողովրդին ոտքի հանես, եթե ժողովրդին ներկայացնես մի ծրագիր, որի մեջ ամեն մի քաղաքացի տեսնում է իր ապագան։ Մինչև այսօր ներկայացվա՞ծ է այդպիսի ծրագիր։ Ո՛չ։

Թեև ՍԴՀԿ-ն «Հայ ազգային կոնգրեսի» անդամ է, սակայն Վահան Շիրխանյանը նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նոյեմբերի 11-ի ելույթի մի շարք դրույթների հետ համամիտ չեն։

-Երբ ասվում է, որ պահանջատիրությունն անկախ պետականություն ունեցող ազգին վայել բան չի, ես համաձայն չեմ այդ դրույթի հետ,- ասել է Վ. Շիրխանյանը,- Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ պահանջատիրություն է և հողայի՛ն պահանջ։ Դա պետք է լինի Հայաստան պետության քաղաքականության մեջ, ոչ թե թողնվի Սփյուռքի վրա։ Պետությո՛ւնը պետք է հետապնդի այդ նպատակը, ոչ թե թշնամու հետ գնա մերձեցման։ Թուրքիան թշնամի է։

Այս հարցերում Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ որոշ կուսակցությունների հետ ունեցած տարաձայնություններն, այդուհանդերձ, Վ. Շիրխանյանին անբնական չեն թվում, քանի որ նա նշել է, որ նախ ՀԱԿ-ի հետ համագործակցում է Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու համար, և հետո պարտադիր էլ չէ, որ Հնչակյան կուսակցության տեսակետները համընկնեն ՀԱԿ-ի տեսակետների հետ.

-ՀԱԿ-ը կուսակցություն չէ. գաղափարախոսություն չունի։ Հնչակյան կուսակցությունը 123 տարեկան է, իր գաղափարախոսությամբ՝ կայուն, ազգային, պահանջատիրական, և ՀԱԿ-ում լինելով՝ չի կարող փոխել իր գաղափարախոսությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը