Մեկնաբանություն

24.09.2010 10:48


«Խմբագրված» Տեր-Պետրոսյանը, «սևերես» Անժիկը, Պիտեր «Լեբլեբին» ու «պռոստո» Մարիան

«Խմբագրված»  Տեր-Պետրոսյանը, «սևերես» Անժիկը, Պիտեր «Լեբլեբին»  ու «պռոստո» Մարիան

Սեպտեմբերի 17-ի հանրահավաքի անոնսը  լևոնականներն անում էին էժանագին հեռուստասերիալների «ռասկրուտկային» հարիր ոճով: «Տեր-Պետրոսյանի ելույթում սպասեք անակնկալների»,- հայտարարում էին նրանք։ Դե ուրիշ ձև չկա մարդկանց «տաք» պահելու ու ստիպված անակնկալ-մանակնկալի մասին են խոսում, որ մարդ հավաքվի։

Լևոնենց գործն էլ մի բան չէ ու նրանց պետք չէ նախանձել։ Հա՛մ պետք է շարքերին խաբեն, թե' հեսա արտահերթ ընտրություն է լինելու ու Տեր-Պետրոսյանը դառնալու է նախագահ («Հաղթելո՛ւ ենք»), հա՛մ էլ 2008-ից մնացած իներցիան պետք է պահեն ու մի կերպ հասնեն մինչև հերթական խորհրդարանական ընտրություն, իսկ դրանից հետո «էջմիածնական միաբանություն» կամ գեղամյանություն անելու նոր հորիզոններ կարող են բացվել։ Ահա այդ ծրագրերի շրջանակներում էլ ծնվում են անոնսային հեքիաթները։ Իսկ բուն հանրահավաքի ժամանակ անակնկալներ չեղան ու չէին կարող լինել։

Եթե լևոնենք իրոք ուզում են անակնկալ մատուցել, ապա շատ որոշակի բաներ կան, որոնց մասին խոսելով՝ կարելի է անակնկալի բերել հանրությանն ու մասնավորապես՝ ինձ։

Անակնկալն այն կլիներ, որ ՀԱԿ առաջնորդը հայտարարեր, թե իր քաղաքական հայացքները վերանայել է, քանի որ Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային» դիվանագիտությունը, ինչին ինքը երկու ոտքով ու նույնքան ձեռքերով կողմ  է եղել, ցույց տվեց քիրվայական գաղափարախոսության սնանկ ու հակապետական լինելը։ Տեր-Պետրոսյանը եթե ընդունի, որ Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականության» ֆիասկոն նաև իրենն է, ապա ողջունելի քայլ կլինի ու անակնկալ բոլորիս համար։

 Անակնկալ կլիներ նաև այն, որ Տեր-Պետրոսյանը խոստովաներ իր կառավարման տարիների կոպիտ սխալները, ընտրակեղծիքների հիմնադիր նախագահ լինելը, կեղծված հանրաքվեով միապետական սահմանադրության  «ընդունել» տալը և հայտարարեր, թե հեռանում է քաղաքականությունից, քանի որ բոլոր առումներով պարտվել է, և ստեղծված վիճակի մեջ զգում է իր մեղավորությունը։

Բայց այդ ամենը սեպտեմբերի 17-ին տեղի չունեցավ, ու մենք ընդամենն ականատես եղանք մի քանի «անակնկալների»։

Առաջին «անակնկալը»

Լևոն Տեր-Պետրոսյանը սկսել է «խմբագրվել», «սրբագրվել» ու ինքն իրենից մեջբերումներ անել։ Դա մի փոքր այլ բանի մասին է վկայում, բայց մենք կանդրադառնանք խնդրո առարկայի քաղաքական նրբերանգներին։

Պարզվում է, որ բազմաչարչար հայ ժողովրդի մի մասը, որի մեջ են մտնում նաև «վկաները», այնքան էլ լավ չէին ըմբռնել Լևոնի ելույթի իմաստը, որը նա հնչեցրել էր ՀՀՇ-ի համագումարում։ Ավելի ճիշտ՝ Տեր-Պետրոսյանն  էր այդպես համարել, որ  իրեն լավ չեն հասկացել, ու ստիպված էր որոշ մեկնաբանություններ ներկայացնել։

«Առանց ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի»,-ՀՀՇ-ի համագումարի սեփական ելույթից մեջբերում արեց «հիմնադիրը» և սկսեց իսկական դեմագոգիան, թե բա ո՞վ է ասել՝ Ղարաբաղը զիջենք, որ Հայաստանը զարգանա, թե բա ես ասում եմ՝ լուծենք, ո՛չ թե զիջենք։

«Ո՞վ է ձեզ ստիպում որևէ բան զիջել, ո՞վ է պահանջում տարածքներ վերադարձնել»,-«հայրենասիրություն» էր խաղում ՀԱԿ առաջնորդը՝ «մոռանալով», որ իր պատկերացրած փոխզիջումը 1997թ. ներկայացրած փուլային լուծման տարբերակն էր, որով ազատագրված տարածքները հանձնվում էին Ադրբեջանին, նախկին ԼՂԻՄ-ի տարածքը «դե յուրե» մնում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, Ղարաբաղի կարգավիճակի հարցը, բնականաբար, ընդհանրապես չէր քննարկվում, իսկ Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովվում էր անորոշ մեխանիզմով։ Թե սրա ինչն էր փոխզիջում, որն ուզում էր կյանքի կոչել Տեր-Պետրոսյանն իր նախագահ եղած ժամանակ, թողնում ենք գիտակից (կրկնեմ՝ գիտակից) ընթերցողների դատին։

Ի դեպ, Տեր-Պետրոսյանը մինչև հիմա էլ պնդում է, թե փուլային տարբերակը լավագույն լուծումն էր, որն այլևս անհնար է ստանալ։ Դե, եթե փուլայինից լավն այլև չի լինելու, ապա մնում է միայն Սյունիքի հարցը քննարկել ադրբեջանցիների հետ, քանի որ, ինչպես նշեցինք, փուլայինով Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր մնալու։ Հետևաբար՝ «Ո՞վ է ձեզ ստիպում որևէ բան զիջել, ո՞վ է պահանջում տարածքներ վերադարձնել» տերպետրոսյանական ձևակերպումը կա՛մ քաղաքական անմեղսունակության, կա՛մ դեմագոգիայի դրսևորում է։

Ի դեպ, Տեր-Պետրոսյանի «ֆինտուֆլյուշկան» «լուծել, ոչ թե զիջել» մասով շատ նման էր Սերժ Սարգսյանի ու իր սազանդարների այն դեմագոգիային, թե իրենք հայ-թուրքական արձանագրություններով Հայոց ցեղասպանությունն առևտրի առարկա չեն դարձրել թուրքերի հետ բանակցություններում։ «Ո՞վ է ասում, թե հայ և թուրք պատմաբանների ենթահանձնաժողովը խոչընդոտելու է Ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Ընդհակառակը՝ այդ հանձնաժողովի միջոցով թուրքերն ավելի շուտ են ճանաչելու Ցեղասպանությունը»,- իրենց համապատասխան շնչավորի տեղը դրած՝ հայտարարում էին «ֆուտբոլային» դիվանագիտության քարոզիչները՝ շատ լավ հասկանալով, որ դա այդպես չէ։ Հիմա Լևոնն է նույն բանն անում Ղարաբաղի հարցը «լուծելու» առումով՝ փորձելով բառախաղերով սրբագրվել։ Մի խոսքով՝ միմյանց արժանի «ախոյանների» հետ գործ ունենք. մեկը ցեղասպանությունը չի «ուրանում», մյուսը՝ Ղարաբաղը։ Մեկը մեկից քիրվա։

Հա, չմոռանանք նշել, որ նախկինում արված պնդումները  Տեր-Պետրոսյանը հանրահավաքի մասնակիցներին մի փոքր մոնտաժված ներկայացրեց։ ՀՀՇ-ի համագումարի սեփական ելույթից մեջբերված «Առանց ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի» խոսքն ավարտվել էր «..., անկախ այն հանգա­մանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը» նախադասությամբ, որը «պատահաբար» դուրս էր մնացել ՀԱԿ առաջնորդի սեպտեմբերի 17-ի  հանրահավաքային տեքստից, ինչը հասկանալի էր. հանրահավաքի մասնակիցների մեջ շատ էին զոմբիները, ովքեր հազիվ թե լսած կամ կարդացած լինեին Լևոնի նախորդ ելույթը, ու հեշտությամբ կարելի էր նրանց մի փոքր այլ ձևով ներկայացնել սեփական մտքերը ու հանգստացնել ոմանց։ Այս ամենը ցույց է տալիս, որ ՀՀՇ-ի համագումարում արտասանած մտքերը շատ բացասական է ընկալվել անգամ յուրայինների կողմից և Տեր-Պետրոսյանի այդ ելույթի արձագանքները շողուլից մի թեթև գցել էին նույնիսկ «վկայի» կարգավիճակ ունեցող տերպետրոսյանականներին։ Ըստ այդմ՝ խնդիր էր դրված «հետ բերել» նրանց և այդ խնդիրը փորձ արվեց լուծել դեմագոգիայի ու կեղծ հայրենասիրության օգնությամբ։ Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթից հետո, երևի, զոմբիներից շատերը կսկսեն վրա տալ, թե բա. «Ո՞վ ա ասում, որ Լևոնը հայտարարել ա, թե ով էլ լինի իշխանության, մեկ ա՝ լավ չի լինելու, մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի։ Հետո էլ ասում եք, թե ինքը տենց բաներ ա ասել։ Ես լսա, տենց բան չասեց»։

Երկրորդ «անակնկալը»

Պարզվեց, որ «համաժողովրդական» շարժման հոգեզավակ Հայ ազգային կոնգրեսը «կոշտացնում» է իր դիրքորոշումը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հարցերում։

Արտաքին քաղաքականության  մասով Տեր-Պետրոսյանը մասնավորապես նշեց. «...Մենք նույն վճռականությամբ դեմ ենք լինելու նաև հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը, քանի դեռ նրանցից չի հանվել հայ և թուրք պատմաբաններից կազմված միջկառավարական հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող դրույթը»։

Պա՛հ, պա՛հ, պա՛հ։ Դիրքորոշման ինչպիսի՜ «կոշտացում», «հայրենասիրական» ինչպիսի՜ պոռթկում։

Լևոնի այս հայտարարությունից հետո, ասում են, Էրդողանը անվտանգության խորհրդի նիստ է գումարել, Օբաման վերանայել է ԱՄՆ դիրքորոշումը Կովկասի մասով, Սարկոզին փորձել է կապվել կնոջ հետ, բայց ապարդյուն, նավթի միջազգային գները կտրուկ անկում են ապրել, Անժիկ տոտան (կներեք՝ Անջելինա Ջոլին)  հերթական սևամորթին է որդեգրել, դե, իսկ Սերժ Սարգսյանը սկսել է ափալ-թափալ ուսումնասիրել Եղիազար Այնթապցու կենսագրության որոշ մանրամասներ։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա սա հերթական դեմագոգիան էր, որը  մենք տեսանք ՀՀ առաջին նախագահի կատարմամբ։ Սա ընդամենը վկայում է, որ ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ Տեր-Պետրոսյանը հասկացել են, որ «ֆուտբոլային» դիվանագիտությունը խայտառակ ավարտ է ունեցել մեզ համար, ուստի երկուսն էլ փորձում են տարանջատվել «նախաձեռնողականությունից» ու հետին թվով «հայրենասիրություն» խաղալ։ Նման դեպքերում «հայրենասիրությունը» դառնում է քիրվաների վերջին հանգրվանը, և նրանք գործի են անցնում՝ «կոշտացնելով»  դիրքորոշումներն իրենց փայ «Եղիազարների» հանդեպ։ Սերժ Սարգսյանը «ֆուտբոլից» փորձում է մաքրվել Դեյր Զորի անապատներում ելույթ ունենալով ու հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելով, իսկ Տեր-Պետրոսյանի «հայրենասիրական» նոպան բռնում է պատմաբանների հանձնաժողովի պահով։ Նրանց ուրիշ բան չի մնում անելու։

Տեր-Պետրոսյանը հիմա «մոռացել» է, որ Սերժ Սարգսյանի քիրվայական փուլում ամեն կերպ ձգտում էր նրանից առաջ ընկնել և դարդ անել միայն Նոբելյան մրցանակի հասցեատիրոջ մասով՝  դրական տարրեր տեսնելով հայ-թուրքական գործընթացում։

«Այս ամենով հանդերձ, թեկուզ նման տխուր արդյունքով ավարտված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը բոլորովին զուրկ չէ դրական տարրերից։ Մի կողմից՝ Թուրքիայի բնական շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, իսկ մյուս կողմից՝ այդ կարգավորման պայմանավորումը հայ-ադրբեջանական հարաբերություններում ակնկալվող տեղաշարժով, որոշ հող է ստեղծում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի խթանման համար»,-հայ-թուրքական գործընթացի լավ կողմերն էր ներկայացնում Տեր-Պետրոսյանը 2009թ. մայիսի 1-ի հանրահավաքում։

Ի՞նչ է, այն ժամանակ Ցեղասպանության ուսումնասիրման պատմաբանների հանձնաժողովի մասին խոսք չկա՞ր։ Իհարկե՝ կար։ Սերժ Սարգսյանը, Գյուլին հրավիրելիս, «էն գլխից» հայտարարել էր, որ կողմ կլինի պատմաբանների հանձնաժողով ստեղծելու թուրքական վաղեմի նախապայմանին, միայն թե թուրք նախագահը գա Երևան ու Սարգսյանի հետ միասին հիանա մերոնց կերած գոլերով։ Բա ու՞ր էիք այն ժամանակ, հարգելի՛ «հիմնադիր»։ Բա էն ժամանակ ինչու՞ հանրահավաքը հետաձգեցիք ու «պետական շահի» մասին հիշեցիք։ «Կակռազ» հանրահավաք անեիք ու ասեիք, թե դեմ եք պատմաբաններին։ Թե՞ ուզում էիք Սերժի ձեռքերով քիրվայությունը գլուխ բերել ու հետո կոկորդիլոսի արցունքներով իջնել  հրապարակ։ Չստացվե՞ց։

Այս ամենը շատ հստակ բացատրություն ունի։ Այն ժամանակ քիրվայության փուլ էր ու Լևոնը տարերքի մեջ էր, իսկ հիմա, երբ Ղարաբաղ ծախելը «փոզմիշ» եղավ և թուրքերն էլ համապատասխան վայր ուղարկեցին Հայոց աշխարհի քիրվաներին (Լևոնից մինչև Սերժ), արդեն կարելի է «դոշ տալ» ու «հայրենասեր» երևալ մի փաստաթղթի հետ կապված, որն արդեն աղբանացում է։

Ինչ վերաբերում է ներքին կյանքին առնչվող հարցերում «հիմնադիրի» դիրքորոշման «կոշտացմանը», ապա այստեղ էլ մոտավորապես նույն պատկերն է, ինչ արտաքին մասով։

Տեսնելով, որ «Եղիազարը» չի ընդունում «էջմիածնական միաբանների» աղաչանք-պաղատանքները «երկխոսության» ու նյու-գեղամյանություն անելու մասով, կոնգրեսականները ստիպված «կոշտացնում» են իրենց դիրքորոշումը։ Ավելի ճիշտ, Տեր-Պետրոսյանն է որոշում, որ հիմա «կոշտացման» փուլ է ու շարքերն այդ ռեժիմով են սկսում ապրել, թե չէ կոնգրեսականները երբեք էլ բան չեն որոշել. իրենց ասել են գնացե՛ք տուն՝ գնացել են, ասել են ելե՛ք փողոց՝ ելել են, իսկ հիմա ասում են «կոշտացե՛ք»՝ մարդիկ սուս ու փուս «կոշտանում» են։

«Իշխանությունների հետ երկխոսության համար անհրաժեշտ նախկին պայմանին՝ քաղբանտարկյալների անհապաղ ազատարձակմանը, մենք այժմ ավելացնում ենք ևս մեկը՝ մարտի 1-ի տասը սպանությունների բացահայտումը և դրանց պատասխանատուների դատական հետապնդումը»,- սաստիկ «կոշտ» հայտարարություն արեց Տեր-Պետրոսյանը։ Այս խոսքերից հետո, ասում են, Եղիազար Այնթապցին իր գերեզմանում մի երկու «կռուգ» շուռ է եկել, Պիտեր Լեբլեբին (կներեք՝ Սեմնեբին) փոխել է իր նստավայրը, Սամվել Ալեքսանյանը վերանայել է շաքարի գները, Սերժ Սարգսյանը դադարեցրել է Գագիկ Ծառուկյանի դեմ քարոզարշավում օգտագործել «ընդդիմադիր» թերթերը, դե, իսկ Արևիկ Պետրոսյանը շտապել է հրաժարական տալ ու դառնալ «պռոստո» Մարիա (կներեք՝ շարքային պատգամավոր)։

Պատկերացնել կարելի է, թե հաջորդ հանրահավաքում ինչ նոր նախապայման է առաջ քաշելու Տեր-Պետրոսյանը, որպեսզի միայն դրանց կատարումից հետո երկխոսի իշխանությունների հետ։ Այդ տեմպերով շարունակելու դեպքում՝ մինչև 2012 թվականը «հիմնադիրի» նախապայմանների թիվը կարող է հասնել մի քանի տասնյակի և իշխանությունները ստիպված կգնան հերթական ընտրությունների («Մաքրելու՛ ենք»)։

Իսկ իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ վարվում է ճիշտ այնպես, ինչպես Էրդողանն իր հետ։

Ինչպես հայտնի է՝ և՛ Սարգսյանը, և՛ Տեր-Պետրոսյանը «նախաձեռնողականություն» ցուցաբերեցին՝ մեկը Էրդողանի, մյուսը՝ Սարգսյանի հանդեպ, ու ստացանք նույն պատկերը. քծնող կողմն է՛լ ավելի արհամարվեց։ Եվ ի՞նչ էր մնում անել Սարգսյանին ու Տեր-Պետրոսյանին։ Ճիշտ է՝ «քցվելուց» ու արհամարվելուց հետո «կոշտացնել» իրենց դիրքորոշումն ու ճոռոմ-ճոռոմ խոսել, թե բա հեսա կտենաք ձեր հալը։ Սերժը ստիպված կասեցրեց արձանագրությունների վավերացման գործընթացը, բայց դա արեց ստիպված քանի որ թուրքերը, ոգևորվելով ՀՀ նախագահի «նախաձեռնողականությունից», Ղարաբաղն ուզեցին։

Տեր-Պետրոսյանն էլ է հիմա  Սերժի հոգեվիճակում հայտնվել։ ՀՀԿ «ճկուն» առաջնորդը  մերժեց «միաբան» դառնալու «հիմնադիրի» առաջարկը և հիմա Տեր-Պետրոսյանը նախապայման նախապայմանի հետևից է դեմ տալիս։ Բա ուրիշ ի՞նչ անի։

Ահա ձեզ դիրքորոշման «կոշտացման» ողջ անատոմիան, որոնք արձանագրվել են ներքաղաքական ու արտաքին քաղաքական «գետնին վրա»։

Երրորդ «անակնկալը»

Այն, որ լևոնական գաղափարախոսությունը թրքաբոլշևիկյան է, մենք գիտեինք շատ վաղուց, բայց հետաքրքիր էր լսել այդ մասով արված ինքնախոստովանական ցուցմունքը։ Ճիշտ է, թրքաբոլշևիկների գաղափարական ժառանգներին հիմա մի փոքր այլ՝ թրքալիբերալի բնորոշումն է սազում, բայց դրանից քիրվայության  էությունը չի փոխվում։

Արդեն երկար ժամանակ է՝ մեռանք որոշ մարդկանց բացատրելով, որ լևոնենք նեոբոլշևիկներ են, թրքալիբերալներ ու ոչնչով չեն տարբերվում 1920թ. մայիսյան ապստամբություն բարձրացրած հայ թրքաբոլշևիկներից, ովքեր նպաստեցին Կարսի հանձնմանը, բայց ոմանք դժվարանում էին մեր ասածներն ընկալել։ Սեպտեմբերի 17-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հաստատեց այդ թեզը, ինչի համար շնորհակալ ենք նրանից։ Այստեղ անակնկալն այն չէր, որ հաստատվեց լևոնենց թրքաբոլշևիզմը։ «Անակնկալ» էր թրքաբոլշևիկների՛ շուրթերից լսել այդ ամենը։

Խոսելով Ղարաբաղի հարցից և գործող իշխանությունների այժմյան պահվածքից՝ «հիմնադիրը» հայտարարեց հետևյալը. «Իշխանությունն ամեն գնով պահպանելու պետական պատասխանատուների մարմաջը մեր երկիրը նորից կանգնեցնում է կործանման կամ առնվազն ազգային աղետի եզրին։ Դաշնակցական գործիչներից ոմանք իրենք էլ հետին թվով խոստովանել են, որ եթե 1920թ. մայիսին իշխանությունը հանձնեին բոլշևիկներին, ապա Հայաստանը չէր կորցնի Ղարսը, Արդահանը, Սուրմալուն ու Նախիջևանը, և այդ դեպքում գուցե բոլորովին այլ լուծում ստանար նաև Ղարաբաղի հարցը։ Դա անելու փոխարեն, սակայն, նրանք անխնա կոտորեցին մայիսյան ապստամբության առաջնորդներին և հարյուրավոր ապստամբների բանտերը նետեցին, մեղմ ասած, անխոհեմաբար հարուցելով Ռուսաստանի անհաշտ թշնամանքն ու հայրենիքի հաշվին դառնագույնս հատուցելով այդ անխոհեմության համար»։ Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են։

Միայն մեկ դիտարկում. աչքի է զարնում Տեր-Պետրոսյանի՝ պատմական դեպքերին գոնե ժամանակագրության առումով չտիրապետելը։ Հետևաբար՝ տարածված այն առասպելը, թե նա փայլուն պատմագետ է ու խորաթափանց գիտնական, պարզապես փուչիկ է, և ահա թե ինչու։ Բանն այն է, որ հայ բոլշևիկների մայիսյան ապստամբությունից հետո դաշնակցական իշխանությունները նորմալ բանակցություններ են վարել բոլշևիկյան  իշխանության հետ և, հետևաբար, մայիսյան ապստամբությունը ճնշելով՝ նրանք չէին  հարուցել Ռուսաստանի անհաշտ թշնամանքն ու հայրենիքի հաշվին դառնագույնս հատուցել այդ անխոհեմության համար։ Դաշնակցականների հանդեպ Ռուսաստանի թշնամանքն ավելացավ Սևրի դաշնագրի ստորագրումից հետո, քանի որ դա իր բնույթով հակասովետական  փաստաթուղթ էր։ Ասել է թե՝ Տեր-Պետրոսյանը լավագույն դեպքում խեղաթյուրում է պատմական փաստերը և կամայականորե՛ն մեկնաբանում դրանք, կամ էլ լավ չի տիրապետում իրադարձություններին։

Ի դեպ, հայ բոլշևիկների մայիսյան ապստամբությունը դաշնակցական իշխանությունների կողմից ճնշելն ու Ղարսի անկումը դրանով պայմանավորելը սովետական պատմագրության «շտամպն» է, որը, փաստորեն, հիմք է ընդունում  իրեն անկախական ու հակասովետական մտածողության տեր ներկայացնող Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այսինքն՝ հակադաշնակցական քարոզչությունն իրականացնելիս՝ ՀՀ առաջին նախագահն օգտվում է սովետական ագիտպրոպի զինանոցից։ Սովետական տարիներին նման դատողություններով ու գնահատականներով աչքի էին ընկնում միայն մոլի հակաանկախականները, որոնց շարքում իր հաստատուն տեղը զբաղեցնելու հայտ է ներկայացնում նաև «հիմնադիրը»։

Ահա սրանք էին այն «անակնկալները», որոնց մենք ականատես եղանք սեպտեմբերի 17-ին։ Սպասենք նոր «անակնկալների»։ Պայքա՛ր, պայքա՛ր, մինչև Սերժ ...

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը