Լրահոս

24.09.2010 16:49


Մեկնարկել է սպասված «Խոհանոցի վերածնունդ» ծրագիրը

 

ՀՀ - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը սկսել է երկար սպասված «Խոհանոցի վերածնունդ» ծրագիրը: Ծրագիրը նպատակ ունի խթանել կորցված խոհարարական բաղադրատոմսերի վերածննդի և նոր ճաշատեսակների ստեղծման գործընթացը' հիմնվելով հայկական մթերքի և ավանդույթների վրա: Ծրագիրը մեկնարկել է Սյունիքի մարզի վեց գյուղերում' Հայաստանի հարավային զբոսաշրջության առանցքի զարգացման շրջանակներում:

Վերջերս «Խոհանոցի վերածնունդ» ծրագրի շրջանակներում մրցունակության հիմնադրամը Երևանում գտնվող Շաֆրան ռեստորանում կազմակերպել էր ճաշատեսակներ համտեսելու և գնահատելու միջոցառում: Միջոցառմանը մասնակցեցին մի շարք մասնագետներ խոհարարության բնագավառում, այդ թվում' «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, նույն ՀԿ-ի համակարգող Հասմիկ Կարապետյանը, «Թուֆենկյան» ռեստորանների խոհարար Ռուբեն Պողոսյանը, «Չարենցի 28» ռեստորանի համասեփականատեր Ալիս Աթարյանը, «Արվասար» ռեստորանի տնօրեն Ռուզան Նահապետյանը, «Օրեգանո» և «Շաֆրան» ռեստորանների սեփականատեր Փոլ Սիվրեյը ու խոհարար և սննդի դիզայներ Լուսի Դավիդյանը:

«Խոհանոցի վերածնունդ» ծրագիրը մեկնարկեց «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում' ներառելով Տաթևի վանքի շրջակայքում գտնվող հետևյալ վեց գյուղերը' Խնձորեսկը, Խոտը, Հալիձորը, Շինուհայրը, Տանձաթափը և Տաթևը: Նախնական փուլում մեկ առ մեկ շրջելով բոլոր համայնքներով' Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Համայնքային կապի համակարգող Աստղիկ Աղուզումցյանը հավաքագրեց տեղեկություն նրանց ավանդական ուտեստների,  արվեստների և արհեստների, կլիմայի, ժողովրդագրական, գյուղատնտեսական և կենցաղային պայմանների վերաբերյալ:

Փաստահավաքի արդյունքում պարզ դարձավ, որ բաղադրատոմսեր վերհանելու աշխատանքները պետք էր սկսել 2,100 բնակիչ ունեցող Շինուհայր գյուղից: Գործընթացը պահանջեց տեղաբնակների շրջանում անցկացնել հարցում ավանդական ճաշատեսակների վերաբերյալ և գյուղի դպրոցում «Շինուհայրի ավանդական խոհանոցը» խորագրով շարադրության մրցույթ անցկացնել: Արդյունքում հավաքագրվեցին 12 բաղադրատոմսեր: Բաղադրատոմսեր հավաքագրելու աշխատանքներն ավարտելուց հետո արդեն Երևանում պրոֆեսիոնալ խոհարարներն սկսեցին պատրաստել և համտեսել այս ճաշատեսակները, ինչպես նաև, հիմնվելով ավանդական բաղադրատոմսերի վրա, մշակել իրենց տարբերակները:

«Մենք ցանկանում ենք Հայաստանը դարձնել խոհարարական զբոսաշրջավայր», - ասաց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը: - «Այդ նպատակով վերականգնում ենք հին բաղադրատոմսեր ձեռագրերից և ազգագրական հետազոտություններից, վերամշակում և վերամեկնաբանում ենք տեղական ճաշատեսակներ և ստեղծում նոր, ոչ ավանդական բաղադրատոմսեր' օգտագործելով 100% հայկական բաղադրիչներ: Սա նման է ոսկու արդյունահանման: Մենք ցանկանում ենք վերհանել հայկական խոհանոցի ողջ թաքնված ներուժը մեկ գործընթացով, որը սկսում է հետազոտությամբ, սակայն ներառում է նաև հսկայական ստեղծագործական և թիմային աշխատանք», - նշեց նա:

Ճաշատեսակների համտեսման և գնահատման միջոցառման ընթացքում խոհարար Մամուլյանը նշեց. «Իրականում հայկական խոհանոցը շատ հարուստ է: Սակայն պրոֆեսիոնալ խոհարարները երբեք չեն արձանագրել և զարգացրել ավանդական բաղադրատոմսերը, և այսօր մեզ սպառնում է մի շարք ավանդական ճաշատեսակների կորուստը' հին սերնդի վերացման հետ մեկտեղ: Միևնույն ժամանակ դեռևս շատ ուշ չէ վերաակտիվացնել ոլորտը, և սկսելու համար Սյունիքի մարզը գերազանց վայր է: Այնտեղ ներուժը հսկայական է և գոյություն ունի յուրահատուկ խոհանոցային ժառանգություն»:

Նորվեգական փախստականների խորհրդի աջակցությամբ իրականացվող «Խոհանոցի վերածնունդ» ծրագիրը նպատակ ունի ստեղծել տարբերանշանով մի շարք նոր և վերհանված բաղադրատոմսեր, որոնք կներկայացվեն հանրությանը հատուկ կայքի և խոհարարական գրքի միջոցով: Դրանք կներկայացվեն տարբեր վայրերում' սկսած գյուղական գիշերակացերից (B&B) և վերջացած Հայաստանում և սփյուռքում գտնվող առաջատար ռեստորանների ընտրանիներում: Այս նոր հայկական խոհանոցային ցանցը կներառի ավանդական բաղադրիչների մատակարարումը, հատուկ սննդային արտադրանքների վաճառքը, գործարար միությունները և զբոսաշրջության ոլորտի դերակատարները, ինչպիսիք են հյուրանոցները և զբոսաշրջային օպերատորները:

«Մեր գլխավոր նպատակն է և' ընդլայնել, և' խորացնել հայկական խոհանոցային ավանդույթը», - նշեց Բեկոր Փափազյանը: «Մենք նախաձեռնել ենք այս ծրագիրը Հայաստանի զբոսաշրջության մրցունակությունը բարձրացնելու տեսանկյունից, սակայն գիտակցում ենք, որ այն ունի ավելի մեծ ազգային արժեք: Մենք արդեն տեսնում ենք հետաքրքրության մեծ ալիք խոհարարների, ազգագրագետների և այլ մասնագետների կողմից, ովքեր ծրագրում կներդնեն կարևոր հեռանկարներ, գիտելիք և փորձառություն»:

«Խոհանոցի վերածնունդ» ծրագիրը կներկայացվի հոկտեմբերին կայանալիք «Տաթևի վերածնունդ» ծրագրի բացման արարողության ժամանակ' աշխարհի տարբեր վայրերից ներկա շուրջ 600 հյուրերի և միջազգային զբոսաշրջության լրագրողների ներկայությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը