Լրահոս

07.09.2015 14:06


Հարուցվել է քրեական գործ՝ Գեղարքունիքում երեք զինծառայողների մահվան դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ Գեղարքունիքում երեք զինծառայողների մահվան դեպքի առթիվ

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ծովակ գյուղի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում երեք զինծառայողների մահվան դեպքի առթիվ:

2015 թվականի սեպտեմբերի 5-ին` ժամը 22:30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի 86 ST 777 հաշվառման համարանիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

Վթարի պատճառով ստացած մարմնական վնասվածքներից ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող կապիտան Տարոն Միքայելի Սեդրակյանը մահացել է, մայոր Գրիգոր Սամվելի Սահակյանը և ենթասպա Գևորգ Ավետիքի Վարդանյանը մահացել են քիչ անց՝ ՀՀ ՊՆ Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալում:

Զինծառայողներ՝ մայոր Սևակ Տիգրանի Գասպարյանը և կրտսեր սերժանտ Հարություն Հրանտի Միրզոյանը գտնվում են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, նրանց վիճակը գնահատվում է ծանր կայուն:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություն, նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը