Մեկնաբանություն

07.09.2015 17:00


Ինչու է Արամ Սարգսյանը դարձել «Ռոբերտ Քոչարյանի վկա»

Ինչու է Արամ Սարգսյանը դարձել «Ռոբերտ Քոչարյանի վկա»

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոստացավ վայր դնել չվաստակած պատգամավորական մանդատն ու գրավել փողոցը, սակայն հայտնվեց հաճախորդաց ճամբարում և կատարում է «Գեբելսյան» քարոզչամեքենայի արտահաստիքային թղթակցի դերը։

Սարգսյանը պարբերաբար հարցազրույցներ է տալիս մյուս Սարգսյանի՝ Սերժի շահերը սպասարկող «1in.am»–ին՝ «թունդ ընդդիմադիր» և «խիստ արևմտամետ» դիրքերից կռիվ տալով ՀՀԿ ղեկավարի ... ընդդիմախոսների դեմ։ Ընդ որում՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը խոսում է այն պահին ու այն շեշտադրումներով, որ պահին ու որ շեշտադրումներով անհրաժեշտ է «Վերջի բոլշևիկին»։

Պարզվում է, որ Արամը դեմ է սահմանադրական փոփոխություններին, բայց այդ մասին արտահայտվում է նույն «1in.am»–ի էջերում, իսկ դա առնվազն ծիծաղելի է։

Ծիծաղելի է, քանզի Հոռոմսիմ գյուղի չոբան Վալոդն էլ արդեն գիտի, որ տխրահռչակ «1in.am»–ը կցված է Բ26–ին։

Արամի հարցազրույցները «1in.am»–ին սատանի մայլում քյանդրբազություն չեն ու ոչ էլ «շուստրիություն»։ Դա շարքային «դհոլություն» է կամ թիվ մեկ «դհոլ» դառնալու հայտ։

Ուշագրավն այն է, որ Արամ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների հարցում «Ոչ»–ի կողմնակից է, սակայն պայքարում է ... Ռոբերտ Քոչարյանի դեմ ու տենչում նրա քաղաքական վերադարձը։ Սրան ինչ հարց տալիս են՝ Քոչարյանից է խոսում։

«Ո՞րն է այդ հարցում սույն հաճախորդի շահագրգռվածությունը»,– կհետաքրքրվի քաղաքական կուլիսներից անտեղյակ ընթերցողը։ Եթե Արամի խոսքերին հավատալու լինենք, ապա ինքը համոզված է, որ Քոչարյանի ակտիվացումը կհեշտացնի ընդդիմադիր ճամբարի գործը։ Դա, իհարկե, «ատմազկա» է և «դհոլության» ալիբի ապահովելու փորձ։

Որքան էլ Արամ Սարգսյանը ցույց տա, թե ինքն, իրբ, գաղափարական մարտիկ է ու իր հայրենի Դավալու գյուղից առավել Արևմուտքին է սիրում, միևնույն է, դրան ոչ մեկը չի հավատում։

Եթե Արամն այդքան շատ է փրփրել ՀՀ–ի՝ ԵՏՄ–ին անդամակցության փաստով, ապա պետք է օր առաջ դրոշն առներ, դուրս գար ՀՀ–ն նվաստացուցիչ ձևով ԵՏՄ մտցրած Սերժ Սարգսյանի դեմ ու տուն չգնար մինչև արդյունքի հասնելը։ Սակայն Արամը «հարիֆ» չէ, նա նման բան չի անում։ Չի անում, քանզի դրա համար վիտամիններ չեն տա նրան։ Փոխարենը՝ նա Սերժ Սարգսյանին ծառայող «1in.am»–ի տիրույթում պայքարում է ՀՀ երկրորդ նախագահի դեմ։ Ա՛յ, դրա համար վիտամիններ հաստատ տվող կլինի (դե՛, գիտենք, թե ով կտա, էլի՛)։

Արամ Սարգսյանն ուզում է Քոչարյանի ակտիվացումն ու նրա «վկա» է դարձել ոչ թե այն պատճառով, որ գաղափարական ու սկզբունքային հարցեր կան, այլ այն պարզ պատճառով, որ Քոչարյանի ակտիվացման պարագայում Սերժ Սարգսյանին հազար ու մի հին և նոր «դհոլ» է պետք գալու։ Բնականաբար, այդ պայմաններում Բ26–ը ստիպված պետք է առատաձեռն դառնա։ Ահա դրա՛ն է սպասում Արամ Սարգսյանը, ով անգործ է մնացել։

Սոցիալ–տնտեսական այս ծանր պայմաններում Քոչարյանի վերադարձը փրկօղակ կդառնա Արամի համար։

Ի դեպ, հարկ է նկատել, որ Քոչարյանի ակտիվացման դեպքում հաճախորդաց բանակում իրար մազ են սկսելու պոկռտել թիվ մեկ «դհոլի» տիտղոսի համար։ Արամն «էս գլխից» է ուզում այդ կարգավիճակը սեփականաշնորհել։ Դա է պատճառը, որ նա Քոչարյանի դեմ պայքարին զուգահեռ՝ հեռակա կռիվ է տալիս Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այնպես որ, ներտեսակային պայքարում ոչ պակաս թեժ մարտեր են սպասվում։

Ահա այսպիսի բաներ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը