Խմբագրական

21.09.2015 09:00


Անկախությունը վտանգված է

Անկախությունը վտանգված է

Հայաստանի անկախության 24–րդ տարեդարձի նախաշեմին մենք «նվեր» ստացանք։ Անկախության սերնդի ներկայացուցիչը Բաքվում քարոզում էր Հայաստանի ու Ղարաբաղի դեմ։

Ռազմի դաշտում հաղթած կողմի ներկայացուցիչը պարտված պետության մայրաքաղաքում խոսում է մեր պետության կործանման մասին և այն մասին, որ բոլորն այստեղ երազում են Ադրբեջան գնալու մասին։

Իհա՛րկե, Վահան Մարտիրոսյանի ասածներն Ադրբեջան գնալու և մեր բանակի թուլության մասով սուտ են (հայաստանյան իշխանությունների վարած քաղաքականության մասին նրա ասածների ճնշող մեծամասնությունը բացարձակ ճշմարտություն էր), և նա ընդամենը դավաճանի գործառույթ է իրականացնում՝ ծառայություններ մատուցելով ալիևյան վարչակազմին, բայց երևույթն ինքնին շատ շոկային է։

Եթե մենք այդքան թույլ լինեինք, ապա Ալիևն իր հոխորտանքները վաղուց էր գործնականում կիրառել, բայց նա գիտի իր հավայի հաչոցի իրական արժեքը։

Վահաններն Ալիևին պետք են սեփական ժողովրդի ականջներից «լափշա» կախելու համար, քանզի տարիների ընթացքում իր կախած «լափշաներն» առաջվա արդյունավետությունը չունեն։ Հայկական անուն ազգանուն ունեցողն ընդամենը պետք է ապացուցի ադրբեջանցիներին, որ հայերն ավելի վատ են ապրում, քան իրենք, հետևաբար պետք է թեթև տանել Ադրբեջանի տնտեսական ճգնաժամը։ Ասել է թե՝ Վահանի արածը, մեծ հաշվով, չի կարող ազդել ուժերի հաշվեկշռի վրա, սակայն եթե դա դառնա միտում (իսկ մեր քաղաքական կյանքի առևտրականացման և հաճախորդացման պայմաններում դա հնարավոր է), ապա դա արդեն կդառնա այլ պատմություն։

Վահանի դավաճանությունը ցույց է տալիս, թե ինչքան ենք մենք թուլացել ու անբարո միջավայր ստեղծել Հայաստանում, որ թշնամի երկրի հատուկ ծառայություններն ազատորեն «վեռբովկա» են անում տնաբույծ «քաղաքացիականին»։

Անկախության սերնդից այսպիսի ապտակն, անկեղծ ասած, անսպասելի էր և շոկային։ Սակայն մյուս կողմից էլ զարմանալ պետք չէ, քանզի մեզանում տիրող հաճախորդ–պատվիրատու միջավայրում ոմանց համար որևէ սրբություն չի մնացել, և ամեն ինչ դարձել է առուծախի առարկա, այդ թվում՝ հայրենիքը։ Եթե ամենավերևից են առևտուր անում Ղարաբաղի ու Հայոց ցեղասպանության հարցերով, ապա վահաններն էլ սկսում են իրենց փայ առևտուրը։

Եթե հասարակությանը դավաճանում են ներսից և վաճառքի հանում ամեն ինչ, ապա դրսից էլ են գնորդներ հայտնվում։ Արդյունքում՝ հայը Բաքվում վայրահաչում է Հայաստանի դեմ։

Սարսափեցնողն այն է, որ Վահանի արածն արդարացնողներ կան։ Կմկմացող ձայնով, բայց կան։

«Այս իշխանություններից փախել է։ Բա ուրիշ ի՞նչ աներ»,– հայտարարում են ոմանք։

Այդ մարդիկ ակնհայտորեն նույնացնում են այս իշխանություններին Հայաստանի հետ։ Ճիշտ է, ամեն ինչ արվել է նույնացման համար, ինչն էլ հավասարեցրել է մեր պետությունն անընդունելի իշխանությունների հետ, սակայն դա սխալ մոտեցում է։ Ինչպես ասում են՝ պետք է տարանջատել կոտլետներին ճանճերից։

Անկախությունը վտանգվում է, երբ մարդիկ մտովի հանձնում են այն, և երբ ՀՀ քաղաքացին դառնում է ներքին էմիգրանտ ու սպասում արտագաղթելու իր շանսին։

Անկախությունը վտանգվում է նաև այն ժամանակ, երբ 24 տարվա մեջ երեք Սահմանադրություն է ներդրվում։ Ընդ որում՝ այս վերջինը կանխամտածված գրվել է մեկ մարդու համար ցմահ իշխանություն ապահովելու, իսկ եթե դա հնարավոր չլինի, ապա պետության ներսում քաոս ստեղծելու մտադրությամբ։

Եվ վերջապես, անկախությունը վտանգված է, քանզի «նախաձեռնողականությամբ» մեր երկիրը դարձրեցին ֆուտբոլի գնդակ։ Արդյունքում՝ ՀՀ–ն ՌԴ–ից վտանգավոր կախվածության մեջ է հայտնվել, իսկ Արևմուտքում՝ կորցրել վստահությունը։

Եվ ուրեմն, մեզ փոփոխություններ են պետք։ Մեծ փոփոխություններ։ Մենք առևտրի առարկա դարձնելու անկախություն չունենք։

Մենք այնքան ենք կորցրել, որ հիմա հետքայլի տեղ չունենք։

Մենք անկախությունը պետք է պահենք ու փայփայենք, իսկ դա հնարավոր է միայն ազատ և բարեկեցիկ կյանքով ապրող քաղաքացու միջոցով։

Անկախ պետությունն ազգերի մակարդակի վկայությունն է։ Անկախ պետություն ունեցողները, սպորտային լեզվով ասած, հանդես են գալիս բարձրագույն խմբում։ Նրանք, ովքեր չեն կարողանում արդյունավետ ինստիտուտներ ստեղծել, տեղափոխվում են առաջին դիվիզիոն կամ ընդհանրապես որակազրկվում են ու լուծարվում։

Մենք ինքներս մեզ ու ամբողջ աշխարհին պետք է ապացուցենք, որ արժանի ենք բարձրագույն խմբում հանդես գալու համար՝ հավակնելով ոչ հետնապահի դերին։

Շնորհավո՛ր Հայաստանի 24–ամյակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը