Լրահոս

27.09.2010 15:51


Հովիկ Աբրահամյանի ներկայացրած առաջարկներն անընդունելի են

Հովիկ Աբրահամյանի ներկայացրած առաջարկներն անընդունելի են

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ավետիք Իշխանյանը «7օր»-ին ասել է, որ իրենց չեն բավարարում «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքների փոփոխությունների փաթեթի վերաբերյալ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած առաջարկությունները։

-Էությունը չի փոխվում, իսկ էությունն այն է, որ բացվում  են օտարալեզու դպրոցներ։ Ես, ճիշտն ասած, չգիտեմ' ինչքանով է սա իրավական կամ ոչ իրավական, բայց էությունը մնում է նույնը,-ասել է Ա. Իշխանյանը:-Ինչ վերաբերում է օտար լեզուների մակարդակի բարձրացմանը, մի պարզ խնդիր կա՝ օտար լեզուների դասավանդման մեթոդիկա՛ն պետք է փոխել, որովհետև 12 տարվա մեջ առնվազն 2 օտար լեզու հայերենի հետ հավասար  հնարավոր է փայլուն սովորացնել երեխաներին։

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման անդամներն առաջարկում են ընդհանրապես չանդրադառնալ «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքների փոփոխություններին՝ անընդունելի համարելով նման քննարկումները։

Ա. Իշխանյանի խոսքերով՝ այսօր ԱԺ-ում հրավիրված լսումները ձևական բնույթ են կրում։ Շարժման անդամ Արմեն Հովհաննիսյանն էլ հայտարարել է, թե այդ լսումները համարում են «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման և մտավորականության 2-րդ համաժողովը։

-Միաժամանակ գոհունակություն ենք հայտնում, որ տարածքի չվարձակալության խնայված գումարը նույնպես կարող է օգտագործվել մեր գաղափարներն ու մոտեցումներն ավելի լայն շրջաններին հասանելի դարձնելու համար։ Շնորհակալություն ենք հայտնում իրազեկ և սրտացավ բոլոր հյուրերին, որոնք հնարավորություն կստանան արտահայտել իրենց մոտեցումները, սակայն հայտարարում ենք, որ հայատյացությունը փեշակ դարձրած և մեր ազգային, մարդկային ու քաղաքացիական իրավունքների հաշվին իրենց բարեկեցությունը կերտող անձանց ներկայությունը և արտահայտությունները մեր կողմից միանշանակ արհամարհվելու են,-ասել է Ա. Հովհաննիսյանը։

Ի դեպ, շարժման անդամներն իրենց ելույթը սկսել են ընդգծելով, որ դիմում են համաժողովի մասնակիցներին, ինչն էլ վրդովեցրել է լսումները վարող ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին։ Նա զգուշացրել է, որ կօգտվի վարողի իր իրավունքից և ձայնից կզրկի նրանց, ովքեր նման կերպ են սկսում իրենց ելույթը։

Իսկ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ներկայությամբ (այդ պահին Ա. Աշոտյանը դահլիճում չի եղել) ելույթ ունենալու ցանկություն հայտնած արվեստագիտության դոկտոր Լևոն Չուքասզյանին Արտակ Դավթյանը չի թույլատրել ելույթ ունենալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը