Լրահոս

25.09.2015 16:45


Առանձնապես ծանր հանցագործության դեպքը թաքցնելու գործ

Առանձնապես ծանր հանցագործության դեպքը թաքցնելու գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ Արթուր Եգանյանը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արմեն Այդինյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, իսկ Ա. Այդինյանը կատարել է նաև պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես՝ 2013թ. փետրվարի 27-ին օպերլիազոր Գարեգին Մարդանյանը զեկուցագիր է ներկայացրել հիշյալ բաժնի պետ Արթուր Եգանյանին՝ անհայտ անձի կողմից Հովհաննես Ղալթախչյանի «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան 2013թ. փետրվարի 25-ին Տավուշի մարզի Աչաջուր գյուղի մոտ վնասելու վերաբերյալ: Զեկուցագրում առկա տվյալների ստուգումը բաժնի պետ Ա. Եգանյանը հանձնարարել է քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արմեն Այդինյանին:

Վերջինս հստակ տեղեկություն ստանալով անհայտ անձի կողմից Հ. Ղալթախչյանի, հիշյալ ավտոմեքենայի ուղևորներ Արամ Աթաբեկյանի, Մհեր ու Համբարձում Սաքանյանների նկատմամբ սպանության փորձ կատարվելու և Հ. Ղալթախչյանի ավտոմեքենայի վրա հրազենային վնասվածքի առկայության մասին՝ 2013թ. փետրվարի 28-ին ոստիկանության բաժին բերման ենթարկված Մհեր Սաքանյանից իր աշխատասենյակում փորձել է պարզել նրանց նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը՝ նրան տեղեկացնելով, որ իրեն հայտնի են դեպքի իրական հանգամանքները:

Այնուհետև 2013թ. մարտին Ա. Եգանյանն իր աշխատասենյակում Կամո Ղալթախչյանից պահանջել է գրավոր հաղորդում ներկայացնել որդու՝ Հ.Ղալթախչյանի վարած ավտոմեքենայի վրա հրազենով կրակոցներ արձակելու վերաբերյալ, սակայն վերջինս հրաժարվել է և պահանջել առանց իր կողմից հաղորդում ներկայացնելու բացահայտել հանցագործությունը:

Այնուհանդերձ, Արթուր Եգանյանն ու Արմեն Այդինյանը իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքում չբացահայտված առանձնապես ծանր հանցագործությունների գծով բացասական ցուցանիշ չունենալու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ հանցագործության դեպքի մասին Կ. Ղալթախչյանի բանավոր հաղորդման վերաբերյալ արձանագրություն չեն կազմել, հանցագործության մասին հաղորդումը չեն գրանցել, հայտնաբերված հանցագործության մասին քննիչին անհապաղ տեղյակ չեն պահել, չեն զննել դեպքի վայրը և որևէ միջոց չեն ձեռնարկել հանցագործության հետքերը, այլ նյութական օբյեկտները հայտնաբերելու ուղղությամբ, հրազենային վնասվածքներով Հ. Ղալթախչյանի ավտոմեքենան համապատասխան փորձաքննության չեն ուղարկել, առանձնապես ծանր հանցագործությունը և այն կատարած անձանց բացահայտելու նպատակով համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ չեն ձեռնարկել: Ավելին՝ Ա. Եգանյանը, դատախազից թաքցնելով իրականությունը, ներկայացրել է, թե ստացված տվյալները չեն հիմնավորվել և իրականությանը չեն համապատասխանում, իսկ Արմեն Այդինյանը նյութերի նախապատրաստման ընթացքում, դարձյալ, հանցագործության դեպքը թաքցնելու անձնական դրդումից ելնելով, կազմել է պաշտոնեական կեղծ փաստաթուղթ, այն է` 2013թ. մարտին Հ. Ղալթախչյանի տան բակում «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայի զննության ժամանակ հայտնաբերելով հրազենային վնասվածքներ, դրանք չի արձանագրել, այլ հետին ամսաթվով կազմել է արձանագրություն, որին մասնակից է դարձրել այդ օրը ՀՀ-ում չգտնվող Կ.Ղալթախչյանին և արձանագրությունում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, թե, իբր, ավտոմեքենայի վրա հրազենային վնասվածքներ չկան և այն անվնաս է:

Հիշեցնենք, որ Արթուր Եգանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Այդինյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ 1-ին և 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Վերջիններիս նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՔԾ

Այս խորագրի վերջին նյութերը