Քաղաքական

26.09.2015 11:13


Բերդավանում 1992թ. հետո այսպիսի ուժգին հրետակոծություն չէին տեսել (տեսանյութ)

Բերդավանում 1992թ. հետո այսպիսի ուժգին հրետակոծություն չէին տեսել (տեսանյութ)

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչները շվարած են։ 1992 թվականից հետո այսպիսի ուժգին հրետակոծություն չէին տեսել։ Այս մասին հայտնում է «Ազատություն»–ը։

Գյուղացիները պատմում են, որ անցած տարիներին իրենց տներից ընդամենը 1-2 կիլոմետր հեռավորությամբ գտնվող սահմանին լսվող կրակոցներն արդեն սովորական էին դարձել։ Այդ ձայների տակ դպրոց են գնացել, այգի մշակել ու հարսանիք արել։ Բայց երեկ երեկոյան գյուղի հրետակոծությունն աննախադեպ էր վերջին ավելի քան երկու տասնամյակների ընթացքում։

«Մինամյոտով-բանով խփում են, հա, բայց դե, զոհ չի էլել։ Էս արդեն սարսափելի ա, էլի»,- ասում է գյուղացիներից մեկը։

Գնդակոծվել է նաև գյուղի կենտրոնը, որտեղ գործում են մշակույթի տունը, երաժշտական դպրոցն ու կենցաղի տունը։ Կոտրվել են ապակիներ, վնասվել են պատերն ու վերջերս վերանորոգված մշակույթի տան աստիճանահարթակը։

1992 թվականից ի վեր՝ Բերդավանում երբևէ ուսումնական ժամին չէին կողպել դպրոցի դռները։ Մոտ 400 աշակերտ ունեցող դպրոցում այսօր միայն ուսուցիչներն են եղել. ոչ մի երեխա դպրոց ոտք չի դրել։ Ստիպված են եղել փակել դպրոցի դռներն ու տուն գնալ։

Բազմազավակ ընտանիքների տների դռները ևս կողպված էին։ Գյուղացիներն ասացին, որ տարհանել են երեխաներին՝ վտանգից խուսափելու համար։

«Հա, ասում ենք, մնանք, մեր գյուղը պահենք, բայց մինչև ե՞րբ։ Մենք արդեն մեծ մարդիկ ենք, մեզ սպանեն էլ՝ կարևոր չի, բայց երեխեքը կրակոցի տակ, ինչ սթրեսի վիճակում են գտնվում։ Նախագահը գնում ա մանկապարտեզներ՝ միջոցառումների, էս ա անում, էն ա անում, բայց մտածում ա՞ ստեղի երեխեքի մասին, թե ինչ պտի անեն», - դժգոհում են գյուղացիները։

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը