Մեկնաբանություն

17.10.2015 13:10


Բա Շավա՞րշը

Բա Շավա՞րշը

Օֆշորային սկանդալի գլխավոր հերոս Տիգրան Սարգսյանը հաջորդ տարվա փետրվարից աշխատելու է Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմնի ղեկավար։ Սա այն նույն Տիգրանն է, ում «Գեբելսյան» քարոզչամեքենան ներկայացնում էր որպես ՀՀ–ում արևմտամետության կոթող և եվրաասոցացման առաջամարտիկ։

Սա, անշո՛ւշտ, հերթական շեշտակի հարվածն է «արևմտամետներին» (մի քանի օր առաջ էլ ռուսատյաց ամերիկացի Մաքքեյնի գեղեցկատես աղջիկն էր հայտարարել, որ աշխարհի թիվ մեկ քաղաքական գործիչը Պուտինն է)։

Սեփական բլեֆի տակից դուրս գալու և «մուտիլովկաներին» «գեոպոլիԾիկ» տեսք տալու համար հիմա սրանք կրկին հեքիաթներ են հորինում։

Բ26–ի հաճախորդ «1in.am»–ը հարցադրում է առաջ քաշում, թե արդյոք սա ռուս–ամերիկյան համաձայնության արդյո՞ւնք է։ Աչքով–ունքով ուզում են հասկացնել, թե տեսեք՝ մեր Տիկոն այնքան մասշտաբային տղա դուրս եկավ, որ նրա հարցով գլոբալ և գեոպոլիտիկ համաձայնության են գալիս աշխարհի հզորները։

Նման բան, իհարկե, չկա։ ԵՏՄ–ում կա նախագահության ռոտացիոն սկզբունք։ Հաջորդ տարի այն անցնելու էր Հայաստանին։ Պաշտոնական Երևանն առաջարկել է Տիգրան Սարգսյանի թեկնածությունը, այնտեղ էլ չեն առարկել, քանզի առարկելու պրակտիկա չկա։ Թե չէ ռուս–ամերիկյան համաձայնությո՜ւն, ֆլա՜ն, ֆստա՜ն...

Տիգրան Սարգսյանը ոչ ամերիկացիների, ոչ էլ ռուսների, շատ կներեք, «տնգլին» չէ, որ մի հատ էլ նրա թեմայով համաձայնության գան։

Տիգրանը հետաքրքրում է երկու սուբյեկտի՝ Սերժ Սարգսյանին ու հայ ժողովրդին։ Առաջինն ատամներով պահում է օֆշորիստին ու նրան պարբերաբար «գործի» դասավորում, իսկ երկրորդը տուժել է նախկին վարչապետի «բարեշրջումներից»։

Ճիշտ է, հայ ժողովրդի քաղաքական ներկայացուցիչները կարողացան աշխատանքից հեռացնել Տիգրան Սարգսյանին, բայց Մոլդովայի ժողովրդի պես հետևողական չեղանք, որ իրավական ընթացք տայինք նրա արածներին ու պատասխանատվության ենթարկեինք։

Տիգրանը հեռացվեց վարչապետի պաշտոնից ու նշանակվեց ԱՄՆ–ում ՀՀ դեսպան։ Նրա այդ նշանակումն «անկախ» մամուլը ներկայացրեց որպես արևմտամետության վառ ապացույց։

Հիմա ահա այդ «արևմտամետիստը» աշխատանքի է անցնելու ԵՏՄ–ում, ինչը ցույց է տալիս, որ տնաբույծ բոլոր «արևմտամետների» վերջին հանգրվանը ԵՏՄ–ն է կամ էլ Բաքուն։ Նայած՝ ում մոտ ինչպես ստացվի։

Այս պատմության մեջ միակ հարցը, որ բաց է մնացել, հետևյալն է՝ ե՞րբ են եվրաասոցացման մոլի պաշտպան ու արևմտամետության ռահվիրա Շավարշ Քոչարյանին նշանակելու ԵՏՄ գործադիր մարմնի մամլո խոսնակ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը