Մեկնաբանություն

21.10.2015 11:46


Չգրված կանոններ՝ ըստ նոր Սահմանադրության

Չգրված կանոններ՝ ըստ նոր Սահմանադրության

«Պետպատվերով» աշխատած Գագիկ Հարությունյանի հանձնաժողովը հանրությանն է ներկայացրել Սահմանադրության մի նախագիծ, որի կյանքի կոչման դեպքում Հայաստանում պետական կառավարման քաոս է առաջանալու քաղաքական և իրավական առումներով։

Առաջարկվող նոր Սահմանադրության հիմքում դրված է ոչ թե իշխանությունների զսպման և հակակշիռների ժողովրդավարական մեխանիզմը, այլ «փորթափոցին»։

Նախատեսված է, որ իշխանության ներսում բոլորը պետք է պայքարեն բոլորի դեմ ու մտածեն ոչ թե պետական խնդիրների լուծման, այլ բացառապես սեփական դիրքերի պահպանման մասին, ինչն էլ հնարավորություն կտա խորհրդարանական կայուն մեծամասնությանը տիրապետող «գենսեկին» ստվերային իշխանություն ունենալ՝ զրո պատասխանատվությամբ։

Թե գործնականում ինչ կստացվի, ոչ ոք չի կարող ասել։ Սա մի էքսպերիմենտ է, որը կարող է շատ թանկ նստել պետության վրա։

Ինչ վերաբերում է նոր Սահմանադրության մեջ առկա դրույթներին, ապա դրանք ավելի քիչ նշանակություն ունեն, քան չգրված կանոնները, որոնք բխում են առաջարկվող տեքստի փիլիսոփայությունից։

Ներկայացնենք այդ չգրված կանոններից մի քանիսը։

1. Եթե ԱԺ ընտրությունների առաջին փուլում չի հաջողվում «խփել» այնքան տոկոս, որ հնարավոր լինի խորհրդարանական կայուն մեծամասնություն ձևավորել, ապա դա պետք է անել երկրորդ փուլում։

2. Պետությունը կարելի է կառավարել Մելիք–Ադամյան փողոցից. ոչ մի պատասխանատվություն և լիքը լիազորություններ։

3. Կարելի է այնպիսի օրենք ընդունել, որ խորհրդարանական կայուն մեծամասնության ղեկավար «գենսեկը» հնարավորություն ստանա ազդել ուժային կառույցների վրա Անվտանգության խորհրդի միջոցով, խորհուրդ, որի գործունեության կարգը պետք է գաղտնի պահվի, մինչև համապատասխան օրենքի ընդունումը։

4. Եթե պատերազմ սկսվի, ապա կարելի է պատասխանատվությունը դնել ռազմական առումով «բանից բեխաբար» վարչապետի վրա ու ձեռքերը հանգիստ լվանալ։

5. Եթե Ղարաբաղի հարցով բացասական զարգացումներ լինեն, ապա դրա պատասխանատվությունը կարելի է դնել խորհրդարանական կայուն մեծամասնության վրա և ձեռքերը հանգիստ լվանալ։

6. Եթե չստացվի այն, ինչ ծրագրվել է, ապա՝ ինձանից հետո թեկուզ նոր Սահմանադրություն։

Սա՛ էր այն չգրված կանոնների ոչ ամբողջական ցանկը, որն առաջարկվում է հանրությանը։ Բնականաբար, այս ամենին պետք է «ոչ» ասել։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը