Կարծիք

20.11.2009 12:27


Արջուկը, Արշակ Բ-ն, Մեդվեդևը, Ժ.Ժ. Ռուսոն, Քոչարյանը և բազում այլք

Արջուկը, Արշակ Բ-ն, Մեդվեդևը, Ժ.Ժ. Ռուսոն, Քոչարյանը և բազում այլք

Լավ էր, մոռացել էի Քոչարյանի գոյության մասին: Ու որ ինքն իր մասին չհիշացներ արջի շինծու պատմությամբ (չգիտեմ, թե իր օգնականներից ո՛ր մի չկայացած վիպասանի կողմից հորինված), փա՜ռք Աստծո, չէի էլ հիշի: Առհասարակ, ես ճիշտ եմ համարում այն կարծիքը, որ ընդդիմադիրը պետք է նախ կենտրոնացած լինի ամեն տվյալ շրջանի ներկա իշխանության քննադատության վրա՝ անշուշտ, չմոռանալով անցյալն ու ակունքները: Իսկ եթե ներկայի և անցյալի քննադատության բալանսը խախտվում է հօգուտ անցյալի, մեծ է շանսը հայտնվելու 2008-ի սկզբի գեղամյանամանուկյանական դիրքում: Ասքանով հանդերձ, չեմ կարող առիթը բաց չթողնել նորահայտ հայոց արջի պատմությանը չանդրադառնալու: Տվյալ դեպքում ինձ համար կարևոր չէ, թե ինչ կոնկրետ հանգամանքներում է արված Քոչարյանի հայտնի հայատարարությունը: Ինձ հետաքրքրիր է ևս մեկ անգամ ուշադրությունը դարձնել այն ընդհանուր ոճի վրա, որը մեր քաղաքականություն ներմուծեց Պուտինի այդ անշուք հայաստանյան ստվերը: Այդ ոճի մասնավոր մի դրսևորում է ընդամենը արջուկի պատմությունը:

Նախ' հետաքրքիր է եվրոպացու պատկերի երևան գալը Քոչարյանի աֆրիկյան պատության մեջ: Այստեղ կարելի է թերևս ինչ-որ ուղերձ (գիտակցված թե ենթագիտակցական' չգիտեմ) տեսնել, որը նույնպես բնորոշիչ է թե՛ այսպես կոչված «երկրորդ նախագահի», թե՛ նրա հյուսիսային տերերի բարդույթավորված մտածողությանը: «Դեպքը», ինչպես հիշում ենք,  տեղի է ունենում Աֆրիկայում որսի ժամանակ: Ասոցիատիվ կապը, որն առաջանում է ժամանակակից մարդու մեջ, պարզ է' կուսական բնություն, նախնական կյանք, հետամնաց, բայց առնական բնիկներ, վայրի և վտանգավոր գազաններ' առյուծներ և ուրիշներ, քաջ որսորդներ, արկածներ....: Մի խոսքով՝ 12 տարեկան պատանու ռոմանտիկ ճաշակը բավարարելուն նախատեսված գովազդային-գրական կարծրատիպերի շարք: Քոչարյանն իրեն անուղղակի նույնացնում է այդ շարքի հետ: Մյուս կողմից, այդ իդիլիկ պատկերում առանձնանում է և պատկերին հակադրվում անանուն եվրոպացին, որն այս առակի «քաքլանն» է: Այս հակադրության մտահղացումը նույնպես պարզ է. եվրոպացին ներկայանում է որպես քաղաքակիրթ, բայց բնության հետ կապը կորցրած, թույլիկացած, վախկոտ, «ինծիլիգենտ» մեկը: Եվս մի մաշված կարծրատիպ, որը ստեղծել են իրենք իսկ եվրոպացիները, ավելի կոնկրետ' Ժ.Ժ. Ռուսոն 18-րդ դարում: Իսկ մեր օրերում սա ավելի շատ գովազդային հնար է աֆրիկյան և այլ էկզոտիկ ուղղությունները սպասարկող զբոսաշրջիկային գործակալությունների տոմսերն առնելու համար:

Բայց բացի զբոսաշրջիկներից, կա նաև մարդկանց մեկ այլ խումբ, որը դառնում է այպիսի էժանագին կարծրատիպերի զոհը: Դա «աբիժնիկ» պետություններն են, ու «աբիժնիկ» մարդիկ են: Դասական օրինակ' Ռուսաստանը: Վերջինիս վերնախավը, վերջին երեք հարյուր տարվա ընթացքում անընդատ ձգտելով Եվրոպայի մաս դառնալ և չհաջողվելով այդ գործում, իր անհաջողության վերքերը սպիացնելու համար, առատորեն օգտվում է եվրոպացի իսկ մտածողներից փոխառված քննադատական նյութից' համեմաված տեղական պրավոսլավ ու մոնղոլ-թաթարական զարթուզիբիլով: Այս հողի վրա ծնվել է և ցայսօր էլ շատ մոդայիկ են «ռուսական ոգու», «սամոբիտնոստի» և այլ քաք սրտի մխիթարանք հեքիաթները մեծահասակիների համար: Իբր' հետամնաց ենք, պարտված ենք, բայց «զատո» առնական ենք, բնական ենք, ուժեղ ենք, իսկ եվրոպացիները թուլամորթ են, գոմիկ են, վախկլան են ու տենց....: Հետաքրքիր է, որ «սամոբիտնոստի» այդ ողջ «աջաբսանդալի» խորհրդանիշը հենց արջն է' ռուսական արջը (չշփոթել Դ. Մեդվեդևի հետ): Սա էլ կապված է ոչ այնքան հնդեվրոպացի ռուսների, որքան Ռուսատանի բնիկ ֆիննաուգորական և սիբիրյան ժողովուրդների հավատալիքների ու ծեսերի հետ (հնդեվրոպացիների հին հավատալքիներում արջը թեև առկա է, բայց ավելի համեստ տեղ է զբաղեցնում առասպելաբանությունում, քան այլ կենդանիները' գայլը, արծիվը, վարազը և այլն): Շնորհիվ մարդու հետ իր արտաքին նմանության՝ արջը թե՛ հիշյալ ժողովուրդների հավատալիքներում, թե՛ առհասարակ համամարդկային ենթագիտակցականում նույնացվում է նախնական, վայրի, ֆիզիկապես ուժեղ մարդու հետ: (Գուցե հետաքրքրիր է, որ ըստ Փավստոս Բուզանդի՝ հայոց ապագա թագուհի Փառանձեմը չէր ուզում ամսունանալ Արշակ Բ արքայի հետ, որի անունը միջին պարսկերենից թարգմանված՝ նշանակում է «արջուկ», որովհետև Արշակը շատ մազոտ էր և թուխ, այսինքն ուներ մոտավորապես նախնական վայրի «արջամարդու» կերպարանք: Պետք է նկատել, որ չնայած վայրի մարդու «առնականությանը», կանայք, այսինքն՝ բնության բնազդը, ինչպես երևում է, դեռ հին ժամանակներում նախընտրում էին երեխա ունենալ այլ տիպի տղամարդկանցից, այսինքն բնական ընտրությունը դեմ էր «արջանման» մարդկանց բազմացմանը): Ավելորդ է ասել, որ բացի ռուսներից, նաև բազմաթիվ այլ ասիական և աֆրիկյան լուզեր-բռնակալներ իրենց բարդույթները հանգստացնելու համար օգտագործել են և օգտագործում են «վայրի, բայց առնական»-ի հակադրությունը «քաղաքակիրթ, բայց թուլամորթ»-ին՝ հաճախ իրենց համեմատելով նաև զանազան ուժեղ կենդանիների հետ: Քոչարյանն այս առումով ինքնատիպ չէ:

Չգիտեմ, արջի առակը ռուսների հետ միասին են հորինել, թե՞ տեղական ստեղծագործողներն են քրտնել ու ճկռել դրա վրա, բայց կարող եմ մի այլ բան ասել, որ գուցե տարօրինակ թվա: Քոչարյանի ներգծվածությունը այս լուզերական կարծրատիպի մեջ պատահական չէ նաև մեկ այլ առումով: Մենք սովոր ենք հայ համարել ամեն մեկին, ում անձնագրում գրված է հայ: Եթե ասեմ, որ Քոչարյանը մեր ազգաբնակչության այն մասի ներկայացուցիչն է, ովքեր անձնագրով հայ լինելով՝ մշակութային ինքնության տեսակետից այդպիսիք չեն, մի՛ շտապեք մեղադրել ինձ ազգի պառակտման կամ հրապարակախոսական չափազանցության մեջ: Էթնիկ առումով, այո՛, կարելի է ասել, որ նա և իր նմանները հայ են, բայց եթե ազգը հասկանանք քաղաքացիական կամ մշակութային-քաղաքակրթական (ի նկատի չունեմ ֆոլկլորային, այլ այսպես կոչված «բարձր մշակույթը») իմաստով, ապա ես չեմ վախենա պնդել, որ Քոչարյանն այլազգգի է: Ավելի կոնկրետ, նա սովետական ազգի ներկայացուցիչ է, որը որքան էլ հեգնենք ու հերքենք դրա գոյությունը, այնուամենայնիվ՝ եղել է և կա: Այստեղից էլ լուզերի գիտակցության դրսևորումները: Եթե հիշում եք, 2007-ի վերջին նա բողոքում էր այն բանից, որ 88-ի Շարժումը պայքարում էր Սովետական Հայաստանի «օրինական կառավարության» դեմ, հետո քանդվեց ծաղկուն Սովետական Հայաստանը, իսկ Ազատության հրապարակն էլ նա և իր «հանրայինը» շեշտված կոչել ու կոչում են հին' Թատերական անվամբ:

Մի խոսքով, պատմությունը պարզ է, և այն լիովին ներգծվում է տղայական այն ոճի մեջ, որը տարածված լինելով մեր հասարակության մեջ, քաղաքականության մեջ՝ առաջին անգամ մտավ Քոչարյանի օրոք (ինչպես Ռուսաստանում՝ Պուտինի օրոք): Ավելորդ է ասել, որ բարձր քաղաքականության ոլորտում այն բացարձակ տհասության դրսևորում է: Ցավոք, սա պատահականության արդյունք չէ: Որքան էլ փորձենք ինքներս մեզ մխիթարել, այնուամենայնիվ՝ Քոչարյան ֆենոմենը նաև այդ տեսակետից մեր հասարակության մի մասի հասարակական և մարդկային մակարդակի օբյեկտիվ արտացոլումն է: Այդ մակարդակը մնում է և դեռ կմնա մեր երկրի առաջընթացի ճանապարհին կանգնած գլխավոր խոչընդոտներից մեկը: Վայրի արջուկ բնիկները պետք է հասկանան, որ վախկլան եվրոպացիներին ծաղրելը և բնիկներին գովերգելը բուն իսկ եվրոպացիների ներքին արտոնությունն է: Դարձի՛ր սպիտակ մարդ, և որքան ուզում ես ծաղրիր եվրոպական զառամյալ ու թուլամորթ քաղաքակրթությունը: Սա ուժեղների յուրահատուկ քմահաճույքն է' ինքնաքննադատությունը և ինքնածաղրանքը: Միամիտ բնիկները, որոնք խաբվում են առնական արջուկների մասին այդ պատումներով, ընդամենը կուտ են ուտում:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Այս խորագրի վերջին նյութերը