Լրահոս

07.02.2011 11:05


Ջիգարխանյանը մեծագույն հաճույքով Բաքու կվազի

Ջիգարխանյանը մեծագույն հաճույքով Բաքու կվազի

«Vesti.az»-ին տված հարցազրույցում ռուսաստանաբնակ հայազգի դերասան Արմեն Ջիգարխանյանը պատասխանելով ԼՂ-ի հակամարտությանը վերաբերող հարցին՝ ասել է, թե դրա հիմքում կրոնական գործոնն է։

«Մի խումբ անկիրթ մարդիկ կարողացան կրակ վառել կրոնական հողի վրա։ Մենք ոչ միշտ է, որ սիրում ենք մեր հարևանին՝ մեզ նմանին։ Մեզ դուր է գալիս ապրել նրանց կողքին, ովքեր մեզ նման չեն։ Այդ պատճառով էլ հայերի և ադրբեջանցիների համար իրար կողք լինելը հետաքրքիր էր, հարմարավետ։ Ես ողջ կյանքում ապրել եմ ադրբեջանիցների հետ կողք կողքի։ Մենք անընդհատ հյուրախաղերի էինք մեկնում, և ամեն ինչ հիանալի էր։ Ոչ մի խնդիր չի եղել և չէր էլ կարող լինել»,-ասել է Ջիգարխանյանը։

Նա նաև ավելացրել է, թե Հայաստանն ու Թուրքիան վաղուց արդեն վատ հարաբերությունների մեջ են, սակայն ինքը հիշում է, որ սովորական մարդիկ իրար նորմալ էին վերաբերվում։

«Օրինակ, սովետական ժամանակաշրջանում մենք Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում՝ Թուրքիայի հետ սահմանին, մի ֆիլմ էինք նկարահանում։ Հանկարծ թրքական կողմից բղավոցներ լսեցինք։ Պարզվեց, որ մի սովորական կով էր թրքական կողմից անցել գետը, որտեղով էլ և անցնում է սահմանը, և հայտնվել էր հայկական կողմում։ Եվ ի՞նչ եք կարծում։ Ոչ ոք նրան չվերցրեց, թեև կարող էր։ Նրան հետ ուղարկեցին թրքական կողմ։ Եվ դա արեցին սովորական հայերը։ Առակս կցուցանե, որ եթե ես ու դու ցանկանանք ստեղծել անհանդուրժելի իրավիճակ, ապա մենք դա կհորինենք»։

Հարցին՝ կցանկանայի՞ք գալ Բաքու, Ջիգարխանյանը պատասխանել է.

«Մեծագույն հաճույքով։ Ես թատրոնով էլ կգայի Բաքու։ Ես բազմից եղել եմ այնտեղ։ Երևանի ռուսական թատրոնի հետ հյուրախաղերով էլ եմ այցելել։ Շատ եմ սիրում Բաքուն։ Եվ հետո, Բաքուն ամենաիսկական մեծ եվրոպական քաղաք է՝ թատերական բարձր մշակույթով։ Նույնը կարող եմ ասել նաև Կիևի ու Մինսկի մասին»։

Ադրբեջանցի լրագրողն այնուհետև հետաքրքրվել է. «Ստացվում է, որ եթե հրավիրեն, դուք հաճույքով կգաք»։

«Կվազեմ, ոչ թե ուղղակի կգամ։ Կվազե՛մ»,-պատասխանել է Ջիգարխանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը