Կարծիք

30.09.2010 10:39


Երբ ճիշտ չէ մոտեցումը

Երբ ճիշտ չէ մոտեցումը

Զարմանալի չէ, իհարկե, որ հայրենի մասմեդիան վերջին օրերին սևեռվել է այն հարցի վրա, թե ՀՀ ԱԺ-ում ինչպե՞ս կքվեարկի Դաշնակցությունը ԼՂՀ անկախության ճանաչման' «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությանը: Թե ՀՅԴ Բյուրոն եւ թե ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը «Ժառանգություն» կուսակցության' այս հարցով դեռ առաջին քայլերից հետո հստակ ասել են' այդ հարցը պետք է քննարկվի եւ քվեարկվի խորհրդարանում միայն այն դեպքում, երբ բոլոր խմբակցություններն ու մեծամասնական պատգամավորները կպարտավորվեն կողմ քվեարկել ԼՂՀ անկախության ճանաչմանը: Այսօր էլ, երբ հոկտեմբերի 5-ին սպասվում է հարցի քննարկում, Դաշնակցությունը վերահաստատում է իր տեսակետը: ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը սեպտեմբերի 28-ի իր ասուլիսում պարզորոշ հայտարարել է' Ղարաբաղի ճանաչման հարցն այն հարցն է, որի քննարկմանը պետք է ներկա լինեն Հայաստանի խորհրդարանի բոլոր 131 պատգամավորներն ու բոլորն էլ պետք է քվեարկեն կողմ, իսկ եթե 100 տոկոս միակարծություն չի լինելու, ապա ճանաչման հարցը քննարկել պետք չէ:

Շա՞տ բարդ բան է ասել: Արի ու տես, որ նույնիսկ այս հասարակ միտքը որոշները դժվարացել են մարսել ու դեռ շարունակում են չհասկանալ: Նույնիսկ կարելի էր ասել' իրենց չհասկացողի տեղ են դնում, եթե չլիներ մի արտառոց համեմատություն, որին դիմել են' Դաշնակցությանը երկմիտ ներկայացնելու հստակ մտադրությամբ. «Եթե Ղարաբաղի ճանաչման համար ՀՅԴ-ն պահանջում է 100 տոկոս միակարծություն, ապա նույնը կարող էր անել ասենք Հայաստանի անկախության հանրաքվեի ժամանակ, ասելով, թե եթե Հայաստանի բոլոր քաղաքացիները չէ, որ ուզում են Հայաստանը տեսնել անկախ, ապա իմաստ չունի անկախության հանրաքվե անել եւ հռչակել անկախություն»: Այս տողերի հեղինակը «Lragir.am» կայքի մեկնաբան, թե քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է, ում քանիցս առիթ ենք ունեցել հասկացնելու, որ սաստիկ ջանասիրությունն ու բեղուն գրիչը դեռևս խելքի եւ քաղաքական վերլուծություններ անելու կարողության գրավական չեն: Բայց մարդը համառ է, ի՞նչ կարող ես անել: Թող ուրեմն մնա իր կարծիքին, իսկ մենք տեսնենք թե ինչ տարբերություն կա միևնույն թեմայով ժողովրդի մեջ հանրաքվե անցկացնելու եւ ԱԺ-ում քվեարկություն կազմակերպելու միջև: Նախ' ՀՀ անկախությունը ճանաչելու համար միջազգային հանրությանն անհրաժեշտ էր մեկ բան' անկախ Հայաստանի Հանրապետությունում ապրելու' Հայաստանի ժողովրդի համաձայնությունը, որ անհրաժեշտ էր անցկացնել փլուզվող կայսրության փլատակների տակ չմնալու համար: Ավելին, այդ նույն միջազգային հանրությունը, եթե հիշենք, խիստ շահագրգռված էր ճանաչել հետխորհրդային հանրապետությունների անկախությունը, որպեսզի ժամ առաջ ազատվեր յոթանասունամյա մղձավանջից, որ կոչվում էր ԽՍՀՄ: Պարզ չէ՞, միթե, որ անգամ «այո» քվեների չնչին առավելության դեպքում էլ պետք է հայտարարվեր ՀՀ անկախությունը: Կարո՞ղ էր իրեն հարգող որևէ քաղաքական ուժ դեմ լինել անկախության այս հանրաքվեին: Նույնիսկ Կոմկուսը, արտաքուստ, դեմ չէր անկախությանը: Հիմա, այս երևույթը բերել եւ համեմատել ՀՀ ԱԺ-ում Արցախի անկախության ճանաչման հարցի հետ եւ դեռ ՀՅԴ-ին էլ մեղադրել, թե նա ՀՀ անկախության հանրաքվեի ժամանակ այլ դիրքորոշում է ունեցել, իսկ այժմ Արցախի անկախության ճանաչման հարցում այլ դիրքորոշում ունի, ընդամենը միամտություն է, ասեղը ձվի հետ համեմատելու պես մի բան:

Ինչո՞ւ է ՀՅԴ-ն կողմ, որ ԼՂՀ անկախության ճանաչման հարցը նշված վերապահումներով միայն հասնի քվեարկության: Մի շատ պարզ պատճառով: ՀՅԴ-ն լավ է ճանաչում թե մեր խորհրդարանը եւ թե մեր իշխանություններին: Տառապանքս փորձ ունի, ինչպես ասում են: Նույնիսկ մեզ ծանոթ մեկնաբանը հստակ, սևով սպիտակին գրում է. «Գրեթե անկասկած է, որ իշխանությունը' ՀՀԿ-ն եւ ինչ-որ չափով էլ իշխանություն հանդիսացող ԲՀԿ-ն, դեմ են քվեարկելու նախաձեռնությանը»: Եթե նա հարգում է իր խոսքը, կամ եթե վստահ է, որ ինքը գրեթե ճիշտ է, ապա ինչո՞ւ է կարծում, որ ՀՅԴ-ն այդքանը չի հասկանում: Ի՞նչ անի այս վիճակում ՀՅԴ-ն: Գնա արկածախնդրությա՞ն: Պատերա՞զմ հայտարարի խորհրդարանական մեծամասնությանը, հարցը հասցնի քվեարկության փուլ եւ տապալի՞ ՀՀ օրենսդիր մարմնի կողմից Արցախի անկախության ճանաչումը: Որևէ մեկը կարո՞ղ է պատկերացնել, թե ինչ կկատարվի եթե ՀՀ ԱԺ-ն դեմ քվեարկի Արցախի անկախությանը: ԱԺ-ն, հարգելի գործընկերներ, հանրաքվեի գնացող ժողովուրդ չէ, այլ քաղաքական մարմին, որտեղ որոշումները կայացվում ու քվեարկվում են պատգամավորների քաղաքական նկատառումներով: Մենք ի՞նչ է, ցանկանում ենք մի նոր ազգային տո՞ն պարգևել Ադրբեջանին, խայտառակվե՞լ միջազգային հանրության առաջ: Իսկ գուցե հենց այս պահին Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մեջ համոզված վերլուծաբանները կարծում են, որ ՀՀ ԱԺ մեծամասնությունը վերջին պահին, ամոթի զգացումից խեղդված, «կո՞ղմ» կարտահայտվի: Սա մոլորություն է բարեկամներս: Այդ քաղաքական մեծամասնությանը ՀՅԴ-ն մի լավ «տնտղել» ու ամեն մեկին իր հինգ մատի պես գիտի այլևս: Չպետք է մոռանալ, որ հայ-թուրքական արձանագրությունների վրա դեռ չի հասցրել փոշի նստել: Իսկ թե ֆուտբոլոյին օրերին ինչ էր անում այդ քաղաքական մեծամասնությունը փողոցային, այսպես կոչված ծայրահեղ ընդդիմության հետ թև-թևի տված, ամենքին է հայտնի:

Այս ամենն անտեսելով' «Lragir.am»-ի վերլուծաբանն այսպես է շարունակում իր գիրը. «... ընդունելի է նույնիսկ իշխանության դիրքորոշումը, որը ասում է, թե այժմ նպատակահարմար չի գտնում ճանաչումը: Թեեւ բերվող փաստարկներն այդքան էլ ուժեղ չեն, հաճախ նույնիսկ տրամաբանությունից բավական հեռու, բայց գոնե կա հստակ կարծիք, որը ենթադրում է հստակ պատասխանատվություն դրա համար: Նույնը նաեւ ճանաչումը պնդող Ժառանգության, եւ նաեւ այն մերժող Հայ Ազգային Կոնգրեսի դեպքում: Նրանք գոնե արտահայտում են իրենց կարծիքը: Իսկ թե ինչ է արտահայտում Դաշնակցությունը, շատ դժվար է ասել»: Ինչո՞ւ, եղբայր: Դժվա՞ր է, թե չես ուզում ասել, որ Դաշնակցությունը երկու ձեռքով կողմ է Արցախի անկախության ճանաչմանը, միայն թե Դաշնակցությունը համոզված չէ, որ քվեարկության պահին ԱԺ-ում միայնակ չի մնա:

Վերջակետ դնելուց առաջ, այնուամենայնիվ, մի երկու խոսք պետք է ասել այն մասին, որ Հայաստանում չկա մեկը կամ մի քաղաքական ուժ, որ դեմ լինի Արցախի անկախության ճանաչմանն ընդհանրապես: Մենք հարցին ճիշտ չենք մոտենում, ու այստեղ է մեր հիմնական սխալը: Ոչ մի հայ թող իրեն ավելի հայրենասեր չերևակայի մի ուրիշ հայից: Ոչ մի կուսակցության ներկայացուցիչ թող իրեն այս հարցում ավելի սկզբունքային չհամարի մյուսից: Սա ճիշտ մոտեցում չէ: Կա մեր կամքից անկախ իրավիճակ, որի հետ, ուզենք-չուզենք պետք է հաշվի նստենք: Այդ իրավիճակի կողքին կա մեր հարցերի հարցը եւ կա այդ հարցը քննարկելու եւ միահամուռ որոշում կայացնելու հրամայականը: Մնացած ամեն ինչ աղմուկ է եւ շահարկում: Աղմկելու եւ շահարկելու համար հարցեր շատ կան, բայց այս մեկը դրանցից չէ: Եթե նաև սա կարողանանք ըմբռնել, ավելորդ տեղը հարց չենք տա, թե ինչո՞ւ Դաշնակցությունը, կողմ լինելով Արցախի անկախության ճանաչմանը, դեմ է, որ հենց այս պահին բանը հասնի քվեարկության:

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը