Մեկնաբանություն

06.11.2015 12:55


Իսկ ումի՞ց է պակաս Հովիկ Աբրահամյանը

Իսկ ումի՞ց է պակաս Հովիկ Աբրահամյանը

Հովիկ Աբրահամյանը հեռակա կարգով մրցում է իր նախորդի՝ Տիգրան Սարգսյանի հետ:

Տնտեսության անկման առումով գրեթե բան չի փոխվել։ Միայն ցինիզմն է պակասել՝ իր տեղը զիջելով «խորաթային» ու տնավարի գյալաջիին։

«Ես Տիգրան Սարգսյանը չեմ, որ ձեզ խաբեմ, թե ճգնաժամ չի լինելու, և կյանքը լավանալու է: Ես ձեզ անկեղծորեն ու ազնվորեն ասում եմ, որ ճգնաժամ է լինելու, և կյանքը վատանալու է»,- հանրությանն է «մեսիջ» փոխանցում գործող վարչապետը:

Բնական է, որ այդ «մեսիջից» հետո հայ ժողովուրդը պետք է ուրախանա, քանզի վերջապես անկեղծ ու ազնիվ պաշտոնյա է գտել, ով հայտարարում է, որ վատ է լինելու, բայց որևէ բան չի հայտարարում այն մասին, թե այդ դեպքում ինքն ինչո՞ւ է մնում աթոռին: Մնում է, որ ի՞նչ անի: Ինքը վարչապե՞տ է, թե՞ շտաբի պետ:

Չէ, մենք հասկանում ենք, որ միամիտ հարց ենք բարձրացնում, բայց, ամեն դեպքում...

Հայաստանում ոչ մի պաշտոնյա հրաժարական չի տվել կամ հրաժարականի չի ուղարկվել վատ ցուցանիշներ ապահովելու համար: Հրե՛ն, Սերժ Սարգսյանը ձախողվել է իր արտաքին ու ներքին բոլոր նախաձեռնություններում, սակայն շարունակում է մնալ նախագահի պաշտոնում ու դեռ մի բան էլ հայտ ներկայացնում սահմանադրական փոփոխությունների միջոցով իշխանության մեջ ցմահ մնալու համար:

Եթե Ս. Սարգսյանը մնում է, իսկ մյուս Սարգսյանին՝ տխրահռչակ նախկին վարչապետին, օֆշորային ու այլ թեմաներով դատախազություն տանելու փոխարեն՝ տանում են ԵՏՄ գործադիր կառույց, ապա ինչո՞ւ պետք է Հովիկ Աբրահամյանը չմնա իր տեղում, ումի՞ց է պակաս: Չէ՞ որ ինքն էլ է ձախողվել տնտեսության կառավարման հարցում: Միգուցե, ավելի քիչ, քան Սարգսյանները, բայց դեռ ժամանակ ունի, կհասցնի:

Իսկ եթե չհասցնի, ապա սահմանադրական հանրաքվեն կա ու կա: Կարելի է այնպես տոկոս «խփել», որ բոլորից առաջ անցնել:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը