Լրահոս

21.11.2009 14:18


Սուրեն Սուրենյանցի տպավորությամբ՝ իշխանության ներսում շատ ակտիվ վերադասավորումներ են տեղի ունենում

Սուրեն Սուրենյանցի տպավորությամբ՝ իշխանության ներսում շատ ակտիվ վերադասավորումներ են տեղի ունենում

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհդի ներկայացուցիչ Սուրեն Սուրենյանցը «Ազդակ» ակումբում «7օր»-ի հարցին ի պատասխան ասել է, որ ընդհանրապես աննորմալ է համարում, երբ երկրի նախագահը, վարչապետը կամ ԱԺ նախագահն անկուսակցական են լինում, սակայն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ՀՀԿ-ին անդամագրվելը Ս. Սուրենյանցը կապում է մի շարք հանգամանքների հետ։

-Տնտեսական ճգնաժամը, դրանից բխող հետևանքները, կառավարության ոչ էֆեկտիվ գործունեությունը հանգեցրել էին նրան, որ վարչապետի դիրքերն էապես սասանված էին հենց իշխանության ներսում։ Նույնիսկ կոալիցիայի շրջանակներից հնչում էին շատ բաց ակնարկներ նրա պաշտոնանկության անհրաժեշտության մասին։ Իմ խորին համոզմամբ՝ վարչապետը փորձեց իր համար նպաստավոր կամ իր պաշտոնի պահպանումը երաշխավորող քաղաքական տանիք փնտրել՝ ի դեմս ՀՀԿ-ի,- ասել է Ս. Սուրենյանցը՝ վարչապետի հանրապետական դառնալը կապելով նաև իշխանության ներսում տեղի ունեցող զարգացումների հետ.

-Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը որոշել է քաղաքական նոր թիմ ստեղծել, և այդ գործընթացում էական դերակատարություն է վերապահվել վարչապետին։ Հանրապետական կուսակցության առաջիկա համագումարը և դրան հետևող զարգացումները երևի թե մասամբ կհաստատեն իմ ենթադրությունները։

ՀՀ ԱԺ-ում 2010թ. պետական բյուջեի օրենքի նախագծի քննարկման ժամանակ Տիգրան Սարգսյանի ելույթն էլ, որտեղ նա խոսում էր օլիգարխիայի դեմ պայքարի մասին, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամը բացատրում է քաղաքական նոր գործընթացներում վարչապետի համար նոր իմիջ ձևավորելու խնդրով։

Իրականում Ս. Սուրենյանցը շատ կցանկանար, որ օլիգարխների դեմ պայքարն իրականություն դառնար.

-Շատ լավ կլինի, որ ինքն իրապես փորձի օլիգարխիկ համակարգի դեմ պայքարել։ Բայց կասկածում եմ, որովհետև ինքն ընտրեց մի կուսակցություն, որտեղ ամենաշատն են օլիգարխները, և եթե Տիգրան Սարգսյանն իսկապես սկսելու է պայքարել, ուրեմն արմատապես պետք է փոխվի նաև Հանրապետական կուսակցության ղեկավար կազմը։ Գրեթե վստահ եմ, որ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ առավել ևս Տիգրան Սարգսյանը քաղաքական նման կամք չունեն։ Շատ կցանկանայի, որ այդ կամքն ունենային և այդ բարեփոխումներն անեին, բայց խիստ կասկածում եմ, որ իշխանությունը կկտրի այն ճյուղը, որի վրա նստած է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը