Մեկնաբանություն

07.12.2015 14:30


Սերժ Սարգսյանի «9–րդ ձևը» (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի «9–րդ ձևը» (տեսանյութ)

Սահմանադրական հանրաքվեն կեղծվեց ամենալկտի ու ամենախայտառակ ձևով։ Գրեթե զրոյական քաղաքական դիմադրության պարագայում այլ բան չէր էլ սպասվում։

Հանրաքվեն կեղծվել էր դեռևս այս տարվա փետրվարին։ Այն օրերին ներկայիս «թունդ ընդդիմադիրներից» շատերը ծափ էին զարկում, հետևից խաղեր էին տալիս իշխանությունների հետ և ուրախանում։ Իրենց թվում էր, թե ԲՀԿ–ին փաստացի ոչնչացնելուց հետո դաշտը բացվել է, ու հիմա իրենք կդառնան «կինոյի միջի տղան»։ Կյանքը ցույց տվեց, որ առավելագույնը դրանք կարող են սերիալային դերասան լինել, այն էլ՝ չորրորդական մարդու կարգավիճակով։ Այնպես որ, հիմա թող կոկորդիլոսի արցունքներ չթափեն ու կուրծք չծեծեն։ Բոլորն էլ ամեն ինչ տեսնում են։

Սերժ Սարգսյանը դիմադրություն չտեսավ, և դա է պատճառը, որ թաղային խուժանը, ոստիկանության ուշադիր հայացքի ներքո, «խփեց» հանրաքվեի տոկոսները։

Ընտրակեղծիքները կազմակերպվել էին պետական մակարդակով, ասել է թե՝ կիրակի օրը տեղի ունեցավ պետականորեն կազմակերպված հանցագործություն։ Այս ամենը, բնականաբար, ղեկավարում էր Սերժ Սարգսյանը, ում համար սա կենաց–մահու հարց էր։

«Այո»–ի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանին հերթական անգամ «պոդստավկա արեցին» ու հիմա կարող են բոլոր ընտրակեղծիքները դուրս գրել նրա վրա։ «Գեբելսյան» քարոզչամեքենան արդեն այդ ուղղությամբ աշխատում է, բայց դե, դա արդեն գործող վարչապետի խնդիրն է։ Նրան հասնում է։

Երբ Աբրահամյանը ՀՀԿ փետրվարյան հայտնի նիստի ժամանակ ոչ թե արժանապատիվ իրեն պահեց (նա կարող էր կամ հակադրվել Ծառուկյանի դեմ հարձակումների ժամանակ, կամ էլ հայտարարել, որ չի ցանկանում մասնակցել մի «սխոդկայի», որտեղ իր բարեկամի հարցն է քննարկվում, այն էլ՝ հակասահմանադրական ձևով), այլ դեռ մի բան էլ միացավ կարենավագյաններին ու արմենաշոտյաններին և քննադատեց իր թոռների պապիկին, ապա դրանից հետո նրան, իրոք, հասնում է։ Քաղաքականության մեջ, խելքից բացի, նաև արժանապատվություն է պետք։ Իսկ երբ երկուսն էլ չկա, ապա պատկերը շատ ավելի տխուր է դառնում։

Ինչ վերաբերում է ընտրակեղծարարության մեխանիզմներին, ապա այս անգամ գործի դրվեցին ինչպես հին, այնպես էլ նոր տեխնոլոգիաները։

Է՛լ լցոնումներ, է՛լ ընտրակաշառք, է՛լ քվեաթերթիկների բռնի փոխատեղում, է՛լ ընտրահանձնաժողովականների կաշառում և ահաբեկում, է՛լ «կարուսել»։ Բայց Բաղրամյան 26–ի հիմնական գործիքն, այսպես կոչված, շրջիկ խմբերն էին, որոնք բազմակի քվեարկություններ ապահովեցին։

Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ ինքն ընտրակեղծիքների 400 համեմատաբար «ազնիվ» ձև գիտի։ Այս անգամ նա դիմել էր «9–րդ ձևի» օգնությանը։ Մարդկանց գրանցել էին Հայաստանից բացակայողների և անգամ Հայաստանում գտնվողների բնակարանների վրա, տվել կեղծ տեղեկանքներ և ուղարկել քվեարկության։

Արդյունքում՝ բոլոր ընտրատեղամասերում «Այո»–ն պարտվում էր «Ոչ»–ին, սակայն ընդհանուր հաշվարկում «Այո»–ի օգտին «խփվեց» ավելի քան 63%:

Հասարակությունն իր օգտին գրանցեց 32,35%: Եվ դա այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացին ընտրակեղծարար իշխանության դեմ բառիս բուն իմաստով մնացել էր մենակ։ Քանզի «ընդդիմադիր» կոչված ուժերը կա՛մ ծախվել են, կա՛մ լուսանցքային են դարձել, կամ էլ առաջնորդվում են «Ժամը 16:37–ին հեղափոխություն ենք անում» գժական հայեցակարգով։

Հանրությունը սեփական ուժերով 400.000–ից ավելի ձայն հավաքեց (այդքանն արձանագրվեց պաշտոնապես)։ Պարզ է, որ եթե կազմակերպված ուժ լիներ, ապա պատկերը լրիվ այլ կլիներ։ Ավելին՝ կազմակերպված հակաիշխանական ուժի պարագայում Սերժ Սարգսյանը ռիսկ չէր անի գնալ հանրաքվեի, քանի որ դա կարող էր վերածվել իր անվստահության գործընթացի և արտահերթ նախագահական ընտրությունների։

Այս ամենը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է նոր ուժ ձևավորել, ներգրավել բոլոր առողջ հատվածներին ու լուրջ կռիվ տալ այս իշխանությունների դեմ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը