Լրահոս

24.11.2009 13:59


Կիրո Մանոյան. «Եթե Ադրբեջանն այսօր վստահ լիներ, որ կկարողանա հաղթել, արդեն կսկսեր պատերազմը»

Կիրո Մանոյան. «Եթե Ադրբեջանն այսօր վստահ լիներ, որ կկարողանա հաղթել, արդեն կսկսեր պատերազմը»

-Ճիշտ առիթն էր հրապարակավ հայտարարելու, որ եթե սա է, ուրեմն բանակցությունները պետք է տեղի չունենան,- «Ուրբաթ» ակումբում «7օր»-ի հարցին ի պատասխան ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի երևանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով մյունխենյան հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած սպառնալիքներին։

Նա նաև հույս է հայտնել, որ Մյունխենում կայացած Սարգսյան-Ալիև 4-ժամյա հանդիպման առաջին 2 ժամերի ընթացքում խոսվել է այն մասին, որ եթե Ադրբեջանը շարունակի սպառնալիքները, ապա Հայաստանը դուրս կգա բանակցություններից։

Կ. Մանոյանը նաև կարծում է, որ հայկական կողմը Ադրբեջանի նախագահի սպառնալիքներին համարժեք պատասխան չի տվել։

-Այս մեկն ուղղակի սպառնալիք էր, և այս սպառնալիքին պատասխանել ընդամենը նախագահի խոսնակի այն հայտարարությամբ, որ եթե ռազմական գործողությունը սկսվի, մենք անկախությունը կճանաչենք, շա՜տ, շա՜տ քիչ է։ Եթե ռազմական գործողություն սկսի, մենք պետք է միացում հայտարարենք, ոչ թե՝ անկախություն ճանաչենք։ Անկախություն ճանաչելը շատ ավելի վաղ պետք է լինի,- ասել է Կ. Մանոյանը։-Կարծում եմ՝ ճիշտ մոտեցում չէ, որ մերոնք մեկնաբանում են, թե դա ներքին սպառման համար է։ Ի՞նչ է նշանակում՝ ներքին սպառման համար, երբ որ մենք էլ ենք լսում։

Իսկ թե ինչո՞ւ Հայաստանն ադրբեջանական սպառնալիքներին այդպես էլ համարժեք պատասխան չի տալիս, Կ. Մանոյանը բացատրել է նաև այն հանգամանքով, որ Հայաստանը ոչ միայն բանակցում է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման համար, այլ նաև՝ որպեսզի երրորդ կողմին՝ միջազգային հանրությանն ընդունելի երևա։

Ինչ վերաբերում է պատերազմին, ապա Կ. Մանոյանը համոզված է, որ եթե Ադրբեջանն այսօր անգամ 50%-ով հավանականություն ունենար, թե այդ պատերազմում կհաղթի, ապա արդեն կհարձակվեր.

-Դա չանելու հիմնական պատճառն այսօրվա իրական սահմաններն են։ Դրանք այդ հնարավորությունը չեն տալիս Ադրբեջանին։ Իսկ այն, որ ասում են՝ պետք է տարածքները հետ վերադարձնեք, նշանակում է, որ ընդհակառակը՝ պատերազմի հավանականությունը մեծանում է։

Առաջիկա ամիսներին էլ ԼՂ-ի հարցում բեկումնային առաջընթաց Կ. Մանոյանը չի տեսնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը