Մեկնաբանություն

11.12.2015 12:15


Ո՞վ «կներկի» նախագահականի, ԱԺ–ի և Կառավարության դուռը

Ո՞վ «կներկի» նախագահականի, ԱԺ–ի և Կառավարության դուռը

Երեկ Երևանի կենտրոնում «քաղաքացիականոտ» ակցիա է տեղի ունեցել։ Մեկը ներկով լի դույլը դատարկել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դռան վրա։

Կարեն Անդրեասյանի մամլո ծառայությունից արձագանքել են այդ քայլին։

«Այսօր մենք կենտրոնացած աշխատում ենք ընտրախախտումների բացահայտման ուղղությամբ, իսկ մի նեղ խմբակ, որը տիրապետում է լրատվական դաշտի մի հատվածին, փորձում է խանգարել մեր աշխատանքը: Նույն ձեռագիրը մենք տեսանք Ազգային ժողովում, այնուհետև կրթական ոլորտում, իսկ հիմա էլ այդ խմբակից սնվող լրատվամիջոցում»,– ՄԻՊ գրասենյակից ասել են «zham.am»–ի հետ զրույցում:

Տեղի ունեցածը կամ վերջերս սկիզբ առած իշխանության երիտթևի ներսում առկա մանր «ռազբորկայի» դրսևորումներից է, կամ էլ այդ ակցիա կազմակերպողն ինքնուրույն է գործել։ Թե որն է իրականությունը, հանրության համար այնքան էլ էական չէ (հատկապես խայտառակ ձևով կեղծված հանրաքվեի համապատկերին)։

Մեկ բան հստակ է. ՄԻՊ գրասենյակն ու դրա ղեկավարն այն կառույցն ու պաշտոնյան չեն, որոնք ամենավատն են աշխատում Հայաստանում։ Եվ, հետևաբար, ՄԻՊ գրասենյակի դռան վրա ներկ լցնելը «հավայի» ու էժանագին ակցիա է՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված «սութի բողոք»։

Ներկ պետք է լցնել նախագահական նստավայրի, խորհրդարանի ու Կառավարության շենքերի դռների վրա։ Իհարկե, փոխաբերական իմաստով լցնել, այսինքն՝ փոխել իշխանությունը։ Թե չէ ստացվում է, որ մեր երկրում ամեն ինչ կարգին է, միայն ՄԻՊ–ն է համը հանում։ Չէ՞ որ դա, մեղմ ասած, այդպես չէ։ Ավելին՝ ՄԻՊ աշխատանքն առնվազն չի վնասում ՀՀ քաղաքացիներին, իսկ ահա Սերժ Սարգսյանի, Գալուստ Սահակյանի ու Հովիկ Աբրահամյանի գործունեությունից տուժում են հազարավորներ, նույնիսկ՝ հարյուր հազարավորներ։

Հատկապես Սերժ Սարգսյանի իդեա–ֆիքս հանդիսացող «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման հետևանքով ՀՀ–ից հեռացել է շուրջ 300 հազար մարդ, աղքատությունը կտրուկ աճել է, իսկ ներդրումները՝ կտրուկ նվազել։

Այնպես որ, «ներկը» ճիշտ հասցեով է պետք օգտագործել, այլապես «քաղաքացիական» պայքարը կրկեսի կվերածվի։ Ճիշտ այնպես, ինչպես «Ո՛չ թալանին»–ի ջահելներից ոմանք դարձան ռեալիթի շոուի ծաղրածու «Մի՛ վռազի» ծրագրի շրջանակներում։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը