Քաղաքական

04.10.2010 14:23


Քաղաքագետները՝ նոր ուժի մասին

Քաղաքագետները՝ նոր ուժի մասին

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ասել է, թե Հայաստանը անցումային երկիր է, և բնականաբար՝ այստեղ դեռևս կայացած չեն այն կառույցները, որոնք պետք է նպաստեն ժողովրդավարության զարգացմանը։

Քաղաքագետը նշել է, թե մեզ մոտ 20 տարի շարունակ իշխանավորները փորձել են կենտրոնացնել իշխանությունը, և այժմ ուզում են ամբողջությամբ մենաշնորհային վիճակ ստեղծել։

Երվանդ Բոզոյանն ասել է, թե այդ ամենին, սակայն, «ֆորմալ առումով դեմ է ԲՀԿ-ն և այն զանգվածը, որը որևէ կուսակցության չի պատկանում, նույնպես իշխանական այդ բուրգին դեմ է»։

Վերջին տարիների ընթացքում, ըստ Ե. Բոզոյանի, փոքր բիզնեսն ընդհանրապես մեռած վիճակում է. «Մոտ 1300 խանութ է փակվել, իսկ 60 հազ.-ից ավելի մարդ արտագաղթել է երկրից, ինչը ցույց է տալիս, որ երկրի վիճակը գնալով վատանում է։ Բացի այդ էլ, ըստ բանախոսի, վտանգված է միջին բիզնեսը, և օլիգարխներն էլ են զգում, որ իրենց վիճակն էլ կարող է վատանալ»։

Քաղաքագետի գնահատմամբ՝ նման պարագայում է, որ պետք է հակասություններ առաջանան իշխանությունների և բիզնեսի ներկայացուցիչների միջև։

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ բանախոսն ասել է, թե ՕԵԿ-ը կորցրել է 5%-ի շեմը հաղթահարելու հնարավորությունը, քանզի այն ընտրազանգվածը, որը միջին խավ լինելով՝ բիզնեսով էր զբաղված և հավատում էր «Օրինաց երկրի» ծրագրային դրույթներին, այսօր հիասթափված է։ Նրա կարծիքով՝ բացի ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից և ՀԱԿ-ից, մնացած բոլոր կուսակցությունների խորհրդարան մուտք գործելը կասկածի տակ է դրված։

Նույն ակումբում ասուլիսի հրավիրված Ալեքսանդր Մարգարովն ասել է, թե այսօր ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև հակասություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե ԲՀԿ-ն ուզենա թիվ 1-ը լինել.

-Դրա համար էլ որպես ընդդիմություն ՀՀԿ-ն նրան դեմ է դուրս գալիս, այդտեղ է հակասությունը։

Նա նշել է, որ ՀՅԴ-ն՝ որպես դասական կուսակցություն, գրեթե միշտ 7%՝ գումարած-հանած 3% ձայներ կարող է հավաքել, սակայն որոշակի գործոններ հաշվի առնելով՝ հնարավոր է, որ 5% էլ չհավաքի։ Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա Ա. Մարգարովը համաձայնել է Երվանդ Բոզոյանի դիտարկմանը, թե ՕԵԿ-ը կորցրել է իր ընտրազանգվածը, սակայն եթե նրանք որոշակի ծրագրային դրույթներ առաջարկեն, գտնեն այն կետը, որով հնարավոր լինի գրավել ընտրազանգվածին, ապա հնարավոր է, որ այն նույնպես լինի խորհրդարանում։

Անդրադառնալով նոր ուժի ստեղծման անհրաժեշտությանը՝ Ա. Մարգարովն ասել է, թե ընտրություններին դեռ երկու տարի կա, և որպես իշխանական նախագիծ, հնարավոր է, որ նոր ուժ ձևավորվի։ Նա, սակայն, նշել է, թե հնարավոր է, որ նոր ուժը ինքնաբուխ կերպով ձևավորվի, այլ ոչ թե որպես իշխանական նախագիծ, ու ավելացրել, թե այս պահի դրությամբ չի տեսնում այն ռեսուրսները, որով դա կարող է ձևավորվել։

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ խոսելով նոր ուժի ձևավորման մասին՝ ասել է, թե այսօր դրա անհրաժեշտությունը կա, ինքը զգում է այդ, և շատ կարևոր է, որ հասարակությունն էլ զգա, որովհետև, ըստ նրա, եթե մենք այսօր չզգանք, որ նոր ուժի անհրաժեշտություն կա, ապա մի քանի տարի հետո կհայտնվենք վտանգի տակ։

Քաղաքագետն այսօրվա իրավիճակը բնութագրել է որպես բրեժնևյան ճահճային դաշտ ու նշել, թե այն ընտրազանգվածը, որը 2008թ. ձայն էր տվել Տեր–Պետրոսյանին, «Օրինաց երկրին», նրանց մեծ մասը հիասթափված է և՛ Արթուր Բաղդասարյանից, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանից։

-Այդ նոր ուժի ստեղծման նախադրյալները կան,–եզրափակել է Բոզոյանը։

Հեղինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը