Մեկնաբանություն

15.12.2015 07:25


Կուսակցությունը «ոհմակ» է

Կուսակցությունը «ոհմակ» է

Մի առիթով «դասականը» հայտարարել էր, թե կուսակցությունը ոհմակ չէ։ Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ նա կուսակցական կյանքը պատկերացնում է բացառապես ոհմակային տրամաբանության մեջ։

Հիմա իշխող «ոհմակում» իրար են «կծոտում»։ Ով թույլ գտնվեց՝ ոչ թե հեռացվելու է, այլ հոշոտվելու է «ոհմակի» կողմից։

«Ոհմակում» գործում է «Աքելան վրիպեց» հայեցակարգը։

Հիմա ով վրիպի՝ դուրս կմնա «խաղից»։ Իսկ «խաղի» մրցանակը վարչապետական աթոռն է։ Ընդդիմադիր դաշտում տիրող անմխիթար վիճակի արդյունքում կռիվը տեղափոխվել է ներիշխանական տիրույթ։

Սերժ Սարգսյանը մտածում է Հովիկ Աբրահամյանին հեռացնելու մասին, բայց դեռ չի կողմնորոշվում, թե երբ դա անի։ Ժամանակը տվյալ դեպքում Սերժի դաշնակիցը չէ։

Հովիկ Աբրահամյանն իր հերթին մտածում է վարչապետական աթոռին հնարավորինս երկար մնալու մասին։ Հովիկը գիտի, որ եթե ժամանակ ձգի, ապա շանս կստանա շահած դուրս գալու համար։

Ժամանակն աշխատում է Սարգսյանի դեմ։ Որքան շատ նա Աբրահամյանին թողնի վարչապետի աթոռին, այնքան «ոհմակում» դա կգնահատեն որպես ՀՀԿ ղեկավարի թուլության նշան։ Մյուս կողմից էլ՝ նոր վարչապետի նշանակումը որոշակի ներքին ցնցումների պատճառ կարող է դառնալ։ Ահա այս երկընտրանքի առաջ է կանգնած «Վերջի բոլշևիկը»։

Թե ինչպես կհանգուցալուծվի ՀՀԿ ղեկավարի ու նրա տեղակալի աթոռային հակադրությունը, կերևա առաջիկայում։

Հանրության շահն այս հարցում զուտ մարտավարական է՝ «Թող իրար «ուտեն»» թեմայով։

Իշխանության համար իրական այլընտրանք ներկայացնող ուժի ի հայտ գալուն պես հանրային շահն անմիջապես կպաշտպանվի։ Իսկ առայժմ հետևենք ներիշխանական գզվռտոցին։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը