Լրահոս

02.12.2010 11:08


ԵՀՄՖ. «Դավութօղլուի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»

«Ռեգնում»-ի հաղորդակցության մեջ ներկայացվում է Թուրքիայի ԱԳ նախարար  Ահմեդ Դավութօղլու հայտարարությունը ԱՄՆ-ի Պետ. Քարտուղար Հիլարի Քլինտոնի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ, որտեղ ասվում է հետևյալը. «Թուրքիայում չեն ստեղծվել հայկական գետոներ, ինչպես մի շարք եվրոպական երկրներում...: 1915 թ-ին զոհվել են ոչ միայն հայեր նաև թուրքեր: Կատարված միջադեպերին վերաբերվել որպես հայ ժողովրդի խնդիր սխալ է»: Պարոն նախարար, այս երկու մտքերն էլ չեն համապատասխանում իրականությանն այն աստիճան, որ մեզ զարմացնում է, թե ինչպես կարող է բարձր կարգի դիվանագետը թույլ տալ իրեն այսպիսի դեմագոգիկ հայտարարություն անել: Նախ հայկական գետոներ ասելով ի'նչ ի նկատի ունեք Դուք: Դուք գիտե'ք որևէ եվրոպական մի երկիր, որտեղ հայկական գետո է գոյություն ունեցել Եվրոպայի ողջ պատմության ընթացքում: Այնուհետև, երկրորդ համաշխարհայինի ժամանակ նույնպես բացի հրեաներից նաև գերմանացիներ են սպանվել, ընդ որում գերմանացիների կորուստը թվով շատ ավելի շատ է եղել, քան հրեաներինը: Առնվազն անհեթեթ կլինի այդ առումով կասկածի տակ դնել հրեաների Հոլոքոստի փաստը: Պարոն նախարար, Դուք անընդհատ խոսում եք պատմական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին, այսինքն փորձում եք կասկածի տա'կ դնել Հայոց ցեղասպանության փաստը: Մենք հավատացած ենք, որ Դուք ինքներտ չեք կասկածում կատարված ցեղասպանության  շուրջ և քաջ գիտեք, որ ի վիճակի չեք նաև կասկած առաջացնելու ցեղասպանությունը հաստատած երկրների պառլամենտների անդամների մոտ: Բերեմ կոնկրետ օրինակ. չնայած թուրքական քաղաքական գործիչների  բազմաթիվ փորձերին և պայքարին, Հայոց ցեղասպանությանը կողմ քվեարկած սլովակ պատգամավորների դեմ եվրոպական տարբեր ատյաններում, չի հաջողվել այդ պատգամավորներից գոնե մեկի մոտ առաջացնել կասկած Հայոց ցեղասպանության փաստի նկատմամբ: Ավելին, վերադառնալով Սլովակիա այդ պատգամավորները ծաղրով են հիշում Ձեր հայրենակիցների անիմաստ և անհույս փորձերը' Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու հարցում:

Մեծարգո նախարար, հավատացեք որքան այսօրվա թուրքական իշխանությունները ծավալում են ցեղասպանությունը հերքելու աշխատանքներն, այնքան ավելի անհեթեթ վիճակում են հայտնվում: Այդ վիճակը ավելի ծիծաղաշարժ է դառնում, երբ իրականացված ցեղասպանությունը թաքցնելու նպատակով, մարտնչում եք նաև Եվրոպայի տարբեր երկրներում տեղադրված' ցեղասպանությանը նվիրված, կոթողների' խաչքարների դեմ: Հինգ տարի է թուրք դեսպաններն ապարդյուն կռիվ են տալիս,կոնկրետ, Բրատիսլավայի կենտրոնում տեղադրված խաչքարի ապամոնտաժման համար: Պարոն նախարար, այս հրաշք կոթողը կարող եք փչացնել, վնասել, կոտրել, բայց ապամոնտաժել չի հաջողվի, քանի որ թուրքական ԱԳՆ-ի այդ փորձերը սլովակ պաշտոնյաների մոտ տարակուսանք են առաջացնում: Ոչ ոք չի կասկածում, որ միջազգային ճնշման, ինչպես նաև Ձեր ժողովրդի պրոգրեսիվ զանգվածների  պահանջով, օրերից մի օր Թուրքիան ընդունելու է Հայոց ցեղասպանության փաստը' դրանով իսկ մաքրվելով պատմության ահավոր կեղտաբծից: Սակայն քանի Թուրքիան դա չի կատարել, նա շարունակում է հանցակից մնալ Օսմանյան Կայսրության կողմից իրականացրած ցեղասպանությանը' հանդիսանալով նրա իրավահաջորդը: Հարգելի նախարար, քանի ձեր երկիրը ներողություն չի հայցել կատարվածի համար,  իրավունք չունեք մասնակցելու Հարավային Կովկասի տարածաշրջանում ընթացող գործընթացներին որպես անկողմնակալ երկիր: Իմացեք, որ  ողջ համաշխարհային հայությունը ձեզ վստահելու հիմքեր չունենալու պատճառով միշտ դիմագրավելու է տարածաշրջանում Թուրքիայի քաղաքական ակտիվության զարգացմանն ու ծավալմանը: Ձեր երկրի շահերից է բխում մեկ օր առաջ մաքրվելու պատմական ահավոր կեղտաբծից:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը