Քաղաքական

29.12.2015 17:03


ՌԴ ԱԳՆ. «Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է ԼՂ հակամարտության կարգավորմանը»

ՌԴ ԱԳՆ. «Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է ԼՂ հակամարտության կարգավորմանը»

Ռուսաստանը հասանելի բոլոր գործիքները կիրառում է ԼՂ հակամարտության կողմերին միջնորդական օժանդակություն ցուցաբերելու համար, ներառյալ բարձր մակարդակի հանդիպումները:

Այդ մասին ասված է անցնող տարվա արդյունքների վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ պահպանվող բարդ իրադրության լույսով Ռուսաստանն ակտիվ դեր է խաղացել հակամարտության կողմերին միջնորդական օժանդակություն ցուցաբերելու հարցում՝ դրա համար կիրառելով հասանելի բոլոր գործիքները, այդ թվում՝ ամենաբարձր ու բարձր մակարդակի հանդիպումները,-տեղեկացրել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում,-համապատասխան նախաձեռնությունները հանգամանորեն քննարկվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ապրիլին Երևան և հունիսին Բաքու կատարած այցերի ընթացքում, ինչպես նաև քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ համապատասխանաբար ապրիլին և մայիսին Մոսկվա կատարած պաշտոնական այցերի ժամանակ»:

«Դեկտեմբերի սկզբին Բելգրադում ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության մեջ ամրագրված է կողմերին ուղղված հաստատակամ կոչը՝ հաստատել հավատարմությունը հակամարտության խաղաղ լուծմանը և առկա առաջարկությունների հիման վրա շարունակել համապարփակ կարգավորման հասնելուն նպատակամղված աշխատանքը»,-նշել են ՌԴ ԱԳ նախարարությունում:

Այս խորագրի վերջին նյութերը