Մեկնաբանություն

12.01.2016 12:15


Մարտի են նետվել մեդալակրի համախոհները

Մարտի են նետվել մեդալակրի համախոհները

Բիձինա Իվանիշվիլիի թիմը հայտարարել է, որ Վրաստանը ցանկանում է դիվերսիֆիկացնել գազի ներմուծումը և թուլացնել իր կախվածությունն ադրբեջանական գազից։ Այդ իսկ նպատակով էլ Վրաստանի էներգետիկայի նախարար Քալաձեն բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ։

Պաշտոնական Թբիլիսին «Գազպրոմի» հետ բանակցում է նաև Իրանից Հայաստանով գազի արտահանման հարցի շուրջ։

Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խափանի վրացական իշխանությունների և ռուսական «Գազպրոմի» միջև ընթացող բանակցությունները։ Պաշտոնական Բաքուն հսկայական լոբբիստական աշխատանք է իրականացնում Վրաստանում։ Մարտի են նետվել Սերժ Սարգսյանի կողմից մեդալի արժանացած Միխայիլ Սահակաշվիլիի թիմակիցները։

Ադրբեջանական իշխանություններն ու նրանց կցված մամուլը (խոսքը հատկապես վերաբերում է Տիգրան Խզմալյանին, «Lragir.am»–ին ու «1in.am»–ի ռուսական տարբերակի խմբագրին համակրող «Haqqin.az»–ին) հիստերիա են բարձրացրել այն բանի համար, որ ադրբեջանական գազը մասամբ փոխարինվելու է ռուսականով, և դրանով իսկ թուլանալու է Վրաստանի կախվածությունը Ալիևի ընտանիքին սպասարկող «SOCAR» ընկերությունից։

Թբիլիսիում Բաքվի հաճախորդ հանդիսացող վրացի քաղաքական գործիչներին հիմա անխնա օգտագործում են։ Սրանք առավոտից երեկո հայտարարում են, թե Վրաստանի նոր մոտեցումները ռուսական գազի ու Հայաստանից իրականացվելիք գազային տրանզիտի մասով վնասում են Ադրբեջանի ազգային շահերին։

Ուշագրավն այն է, որ պաշտոնական Երևանն այս պատմության մեջ ունի պասիվ դիտորդի կարգավիճակ։

Մինչև ռուս–թուրքական լարվածությունը Ադրբեջանը կարողանում էր վիժեցնել իրանական գազի տրանզիտի հարցում պրոհայկական որոշում կայացնելու գործընթացը. Վրաստանի վրա Թուրքիան ու Ադրբեջանը հսկայական ճնշումներ էին բանեցնում, և հայկական կողմի զրոյական ներկայությունն այս հարցում հնարավորություն չէր տալիս այլ լուծում գտնել։ Ադրբեջանցիներն աշխատում էին նաև ռուսական շրջանակների հետ՝ փորձելով իրանական գազի համար տրանզիտ դարձնել Ադրբեջանը։

Սիրիայի տարածքում ռուսական ինքնաթիռի ոչնչացումից հետո ադրբեջանցիների համար հարցը փակվեց «գեղական կարգով»։ Ռուսները և պարսիկները միանշանակ որոշում կայացրեցին դուրս թողնել Ադրբեջանին տրանզիտային գազի նախագծից։ Ու հիմա որքան էլ ծղրտան մեր տնաբույծ «արևմտամետների» սիրելի Սահակաշվիլիի թիմակիցները, չեն կարողանա պրոադրբեջանական տարբերակով որոշումներ կորզել վրացական իշխանություններից։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն իր հակառուսական քայլով հերթական անգամ օգնեց Հայաստանին ու ակամայից շտկեց պաշտոնական Երևանի «նախաձեռնողական» պասիվության և դիլետանտության հետևանքները։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը