Մեկնաբանություն

18.01.2016 12:17


Ինչո՞ւ է Իլհամ Ալիևը դարձել «մուլտիկուլտուրալիստ»

Ինչո՞ւ է Իլհամ Ալիևը դարձել «մուլտիկուլտուրալիստ»

Ադրբեջանում գների աճն ու տնտեսական անկումը շարունակվում են։

Նավթի միջազգային գների իջեցման համապատկերին դոլարն այնտեղ դարձել է գերդեֆիցիտ ապրանք։ Փոխանակման կետերը չեն գործում։ Դոլարը վաճառվում է «տակից»՝ պաշտոնականից խիստ տարբերվող փոխարժեքով։

Խանութները կա՛մ փակվում են, կա՛մ շատ բարձր գներով ապրանք վաճառում։

Ստեղծված իրավիճակը ստիպել է ադրբեջանցիներին փողոց դուրս գալ։ Իշխանությունները ուժ են կիրառում, բայց դա օգուտ չի տալիս, քանզի սովն իրենն ասում է։

Բողոքի գործողությունները դեռ չեն տեղափոխվել մայրաքաղաք, բայց դա ոչինչ չի նշանակում։

Ալիևը մտահոգություն ունի, որ զուտ սոցիալական թեմայով դժգոհությունը կարող է վերածվել քաղաքականի և հանգեցնել իշխանափոխության։ Հարկ է նկատել, որ նրա մտահոգությունն անհիմն չէ։

Ալիևին սպասարկող լրատվամիջոցները հիմա սկսել են քարոզել, թե Ալիևին չի կարելի հեռացնել, քանզի դա կարող է հանգեցնել Ադրբեջանի մասնատմանը Ռուսաստանի ու Իրանի միջև։

«Պայքարել հանուն Ալիևի նշանակում է պայքարել հանուն միասնական Ադրբեջանի,– հայտարարում են պրոիշխանական ներկայացուցիչները և ավելացնում,– ասելով Ալիև՝ հասկանում ենք Ադրբեջան և հակառակը. այդպես է ստացվել»։

Իշխանական քարոզչամեքենան նաև խոսում է այն մասին, որ եթե հանկարծ քաղաքական խլրտումներ լինեն, ապա հայերը կարող են գրավել Կիրովաբադը։ Հիշել են 1993–ի դեպքերը և զուգահեռներ են անցկացնում։

Մի խոսքով, ադրբեջանցիներին քարոզիչներն ասում են՝ իշխանափոխությունը հավասարազոր է Ադրբեջանի կործանմանը։ Ծանոթ պատկեր է, այնպես չէ՞։

Ուշագրավն այն է, որ Ալիևը վախենում է ոչ միայն ու ոչ այնքան, այսպես կոչված, արևմտամետ ընդդիմությունից, այլ կրոնական հիմքով հակադրվող շրջանակներից (Նարդարանի դեպքերն այդ ենթատեքստն ունեին)։

Բանն այն է, որ Ալիևը սուննի քուրդ է, իսկ ահա Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը շիա է, որի հետ աշխատում է Իրանը։ Թեհրանում առանձնապես չեն էլ թաքցնում, որ Իրանի ադրբեջանական շրջանակների միջոցով փորձում են հեռացնել Ալիևին։ Ասել է թե՝ Ադրբեջանում քաղաքական հակամարտությունը կարող է տեղափոխվել իշխանություն–ընդդիմություն աշխարհիկ հարթությունից դեպի կրոնական հարթություն։

Փորձելով խուսափել մահմեդական աշխարհում հիմա սրված սուննի–շիական բաժանարար գծի այս կամ այն կողմում հայտնվելու հեռանկարից՝ Ալիևը մուլտիկուլտուրալիզմ է քարոզում և զուգահեռաբար մեղադրում իրեն հակադրվող կրոնական շրջանակներին «Իսլամական պետության» աջակիցներ լինելու մեջ, ինչն իրականում անհեթեթություն է, քանզի ԻՊ դեմ հենց շիաներն են պայքարում՝ Իրանի գլխավորությամբ։

Ալիևը հասկանալի պատճառներով չի ուզում մտնել կրոնական հակադրության դաշտ, քանզի այնտեղ նա կպարտվի այնպես, ինչպես սուննի փոքրամասնության առաջնորդ Սադդամ Հուսեինը շիական մեծամասնությանն աջակցող արտաքին ուժին։ Իրաքում այդ արտաքին ուժն ԱՄՆ–ն էր, իսկ Ադրբեջանում այդ դերը փորձում է կատարել Իրանը։ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների պատրաստվող ԱՄՆ–ը կարծես դեմ չէ այդ սցենարին։

Ալիևը հիմա բարդ վիճակում է հայտնվել, ու նրան, իրոք, մնում է միայն «մուլտիկուլտուրալիստ» խաղալու տարբերակը, որպեսզի հանրային դժգոհությունը չմտնի կրոնական տիրույթ։ Թե ինչ կստացվի այս ամենի արդյունքում, կերևա առաջիկայում։ Առայժմ քաոս է տիրում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը