Մեկնաբանություն

26.01.2016 12:15


«Ուժեղ» դրամը և թույլ իշխանությունը

«Ուժեղ» դրամը և թույլ իշխանությունը

Ամերիկյան դոլարի ուժեղացման համապատկերին թուլանում են շատ երկրների ազգային դրամները։

Հայաստանի տնտեսական հետաքրքրությունների տիրույթ հանդիսացող ՌԴ–ում ռուբլին մեկ տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ արժեզրկվել է դոլարի համեմատ։ Մեր հարևան Թուրքիայում, Վրաստանում և Ադրբեջանում նույնպես ազգային արժույթների թուլացում կա, ինչը շատ կտրուկ դրսևորվեց հատկապես Ադրբեջանում։

ԵՏՄ տարածքում կտրուկ արժեզրկում է տեղի ունենում նաև Ղազախստանում։

Կան պետություններ, որոնց մոտ ազգային արժույթի թուլացումն ուղղակիորեն կապված է նավթի միջազգային գների կտրուկ անկման հետ, իսկ կան պետություններ, որոնք, թուլացնելով ազգային արժույթը, փորձում են միջնաժամկետում ու երկարաժամկետում դրական արդյունքներ ակնկալել իրենց տնտեսության համար։

Այս ամենին զուգահեռ՝ հայկական դրամը կայուն է և առաջին հայացքից՝ ուժեղ, բայց՝ միայն առաջին հայացքից։

Հայաստանի իշխանությունները հանցավոր մոտեցում են ցուցաբերում՝ արհեստականորեն պահելով դրամի «ուժեղ» փոխարժեքը դոլարի նկատմամբ, ինչի արդյունքում, մասնավորապես, ռուբլին դրամի համեմատ դառնում է «փալաս»։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստան ՌԴ–ից մտնող տրանսֆերտների ծավալը կրճատվում է, և, բացի այդ, դեպի ՌԴ արտահանումը (և ոչ միայն դեպի ՌԴ) դժվարանում է, ինչն էլ իր հերթին շղթայական ռեակցիայի միջոցով հարվածում է տեղական արտադրողներին, պետական բյուջեին, ներքին սպառողական շուկային և այլնին։

Հարց կարող է առաջանալ՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի գնում դրամի աստիճանական թուլացման և մեր տնտեսությունը հետագա խոշոր ցնցումներից հեռու պահելու ճանապարհով, այլ ստիպում է ԿԲ–ին արհեստականորեն պահել փոխարժեքը։

Պատճառը պետք է փնտրել քաղաքական ու հոգեբանական տիրույթներում։

Սերժ Սարգսյանը վախենում է դրամը թուլացնելուց, քանզի գիտի, որ այն կարճաժամկետում բացասական արդյունքներ է ապահովելու՝ գների աճի և սոցիալական լարվածության տեսքով։ Իսկ դրա տակից նա կարող է դուրս չգալ։

«Օրվա կուրսով» ապրող և դրեթե զրոյական լեգիտիմությամբ իշխանության համար կարճաժամկետ խնդիրներն ու մարտավարական քայլերն առաջնային են, հետևաբար «այսօրն» ավելի կարևոր է դառնում, քան «վաղը» կամ, առավել ևս, «վաղը չէ՝ մյուս օրը»։

Ազգային արժույթը թուլացնել կարող է միայն որոշակի լեգիտիմություն ունեցող իշխանությունը, քանզի կարճաժամկետում առաջանալիք անխուսափելի խնդիրները քաղաքական կայունության վրա չեն ազդի միայն հանրային վստահություն ունեցող իշխանության պարագայում։ Սերժ Սարգսյանը գիտի, որ այդ հարցում լուրջ խնդիրներ ունի, և այդ իսկ պատճառով նա վախենում է գնալ Հայաստանի տնտեսությունը հետագա խոշոր պայթյուններից փրկելու ճանապարհով։ Ասել է թե՝ Հայաստանի տնտեսությունը և ՀՀ քաղաքացու շահը հայտնվել են սերժսարգսյանական վախերի պատանդի կարգավիճակում։

Եթե ՀՀԿ ղեկավարն իրեն քաղաքականապես ուժեղ զգար, ապա այսօր կգնար ցավոտ քայլի, որպեսզի վաղը Հայաստանը փրկվեր շատ ավելի լուրջ խնդիրներից, բայց քանի որ նա իրեն ինքնվստահ չի զգում, ուստի զբաղված է Հայաստանի ռեսուրսների մսխման հաշվին արհեստական կայունություն ապահովելու գործով։ Կայունություն, որը մոտ ապագայում լուրջ ավերածությունների պատճառ է դառնալու։ Այսինքն՝ մեր տնտեսությանը սպառնացող վտանգները ոչ թե չեզոքացվում են «ուժեղ» դրամի միջոցով, այլ այդ խնդիրներն ակումուլացվում են։ Դա նույնն է, թե եռացող կաթսայի բերանը զոռով փակես։

Թվում է, թե Սարգսյանը փետրվարյան իրադարձությունների և սահմանադրական հանրաքվեի կեղծումից հետո պետք է քաղաքականապես ուժեղ զգար և իրեն թույլ տար որոշակի ցավոտ տնտեսական լուծումների գնալ այսօր, սակայն դա այդպես չէ։

Ճիշտ է, քաղաքական դաշտն անապատացված է, հաճախորդները համալրված են, «անկախ» մամուլը շարունակում է հաչել, բայց, միևնույն է, Սարգսյանի գլխավոր հակառակորդը՝ Հայաստանի հանրության ճնշող մեծամասնությունը, դեռ չի հանձնվել և հանրաքվեի ժամանակ ցույց տվեց, որ համապատասխան քաղաքական լուծումների դեպքում պատրաստ է համախմբվել և իր «ոչ»–ն ասել այս իշխանություններին։

Սարգսյանը հենց ՀՀ քաղաքացիների միասնական «ոչ»–ից է վախենում։ Նա հո գիտի, որ հանրաքվեն ամենակոպիտ ձևով է կեղծվել, և որ հենց իրեն են «ոչ» ասել։

Սարգսյանի թուլության մասին են վկայում նաև վերջին օրերի իրադարձությունները։ Ուժեղ և ինքնավստահ Սարգսյանը զրոյին մոտ վարկանիշով ՀՅԴ–ին կոալիցիա չէր առաջարկի։ Մանավանդ որ քաղաքական առումով այդ կոալիցիան նոնսենս է, քանզի ԱԺ–ում կա հսկիչ փաթեթ ունեցող ուժ։ Առաջարկել է, նշանակում է՝ ոչ միայն հանրությունից է վախենում, այլ նաև «հարազատ» ՀՀԿ–ից։

Հայաստանը հիմա, պատկերավոր ասած, կրակն է ընկել Սարգսյանի ֆոբիաների ձեռքը, ով տնտեսական, մասնավորապես դրամավարկային քաղաքականության առումով առաջնորդվում է հետևյալ բանաձևով. «Եթե դրամի փոխարժեքը թուլանա, ապա կարճաժամկետում գների աճ և սոցիալական լարվածություն կլինեն։ Ես հասկանում եմ, որ «ուժեղ» դրամը, միևնույն է, Հայաստանի տնտեսության հերն անիծելու է, և մեկ–երկու տարի անց շատ ավելու լուրջ սոցիալ–տնտեսական խնդիրներ են առաջանալու, բայց դա ինձ չի հետաքրքրում։ Այսօր պետք է արտաքին պարտքի հաշվին արհեստականորեն կայուն պահել դրամը։ Եթե ինձ հաջողվի վերարտադրվել (իսկ դա նշանակում է, որ քաղաքական դաշտն ամբողջությամբ մեռած վիճակում պետք է լինի), ապա դրանից հետո կարժեզրկեմ դրամը և չեմ վախենա առաջացած խոշոր պայթյունի քաղաքական հետևանքներից, իսկ եթե չկարողանամ վերարտադրվել, ապա թող ինձանից հետո եկող իշխանությունը գնա ցավոտ, բայց անհրաժեշտ քայլերի, ինձ ի՞նչ։ Ես առաջնորդվում եմ «Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» կարգախոսով»։

Կարծում ենք՝ դժվար չէ կռահել, թե ինչ է պետք անել այս վիճակը փոխելու համար։ Առիթը կա, հանրությունը պատրաստ է։ Մնում են քաղաքական կազմակերպվածությունն ու առաջնորդությունը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը