Լրահոս

01.12.2009 13:14


ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հարցապնդում է ներկայացրել ՀՀ Կառավարությանը

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հարցապնդում է ներկայացրել ՀՀ Կառավարությանը

«Էրեբունի» բիզնես-կենտրոնում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ ուղղված հետագա գործողությունների մասին խոսելիս ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել է, որ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը, օգտվելով իր իրավունքից, հարցապնդում է ներկայացրել ՀՀ Կառավարությանը՝ պարզելու, թե ինչպես է կառավարությունն իրականացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացը՝ պահանջելով բոլոր այն փաստաթղթերն ու հիմնավորումները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է սկզբից մինչև վերջ կատարվել գործընթացը։

-Մենք ստացել ենք պատասխան, որը, բնականաբար, մեզ չի բավարարում։ Պատասխանն ինքնին արդեն բավական լուրջ հարցեր է առաջացնում, և մենք խնդիր ենք դնելու, որ մոտակա քառօրյայում այս հարցն Ազգային ժողովում քննարկման առարկա դառնա, և դրա հետ կապված որոշում ընդունի Ազգային ժողովը,- ընդգծել է Արմեն Ռուստամյանը։ 

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն էլ ասել է, որ ներկայացված հարցապնդումը բաղկացած է եղել 23 ենթահարցից։ Կառավարության պատասխանը ցույց է տվել, որ հայկական կողմը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին նախապես պատրաստված չի եղել, չեն պահպանվել ՀՀ օրենքի պահանջները, և հայկական կողմը գաղափար անգամ չի ունեցել, թե ինչի մասին է խոսքը։ Արծվիկ Մինասյանն այդ պատասխանն անվանել է դիվանագիտության և իրավագիտության մեջ չլսված անգրագիտություններով լեցուն մի գրություն։ Նա նաև ասել է, որ ՀՅԴ-ն մտադիր է դատական կարգով բողոքարկել այդ պատասխանը, քանի որ ցանկանում է փաստել ոչ միայն արտգործնախարարության և կառավարության ոչ իրավաչափ վարքագիծը, այլև դատական կարգով վիճարկել կառավարության լիազորությունների գերազանցումը և ՀՀ Սահմանադրությամբ պաշտպանվող շահերի ոտնահարումը, ինչը նաև դրական լիցք կարող է հանդիսանալ ՍԴ-ի կողմից արձանագրություններով ստանձնած պարտավորությունները Սահմանադրությանն անհամապատասխան ճանաչելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը