Քաղաքական

21.06.2016 13:25


Էլինար Վարդանյանն այցելել է հացադուլի մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանին

Էլինար Վարդանյանն այցելել է հացադուլի մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանին

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանն այսօր այցելել է երեկվանից հացադուլի մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանին:

«Zham.am»
պատգամավորից հետաքրքրվեց, թե ինչպես է Վոլոդյա Ավետիսյանի առողջությունը, և որն է պահանջը.

«Առայժմ առողջության հետ կապված որևէ խնդիր չունի: Պահանջը և խնդիրը մեկն է` պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի ներդրում: Պետք է այստեղ մեջբերեմ հենց Վոլոդյա Ավետիսյանի խոսքերը, ով ևս մեկ անգամ շեշտում է, որ սա միայն իր անձնական խնդիրը չէ. հարցը համակարգային է: Եվ ես միանշանակ համաձայն եմ իր հետ: Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը Հայաստանում չի գործում, այն վերանայման կարիք ունի: Ակնկալում եմ, որ Արդարադատության նախարարությունը ի վերջո կներդնի այն օրենսդրական փաթեթը, որը կկարգավորի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցը»:

Էլինար Վարդանյանը նաև տեղեկացրեց, որ դեռ նախորդ տարվա հոկտեմբերին էր այս հարցը բարձրացվել, և նույնիսկ հանդիպում է տեղի ունեցել արդարադատության նախարարի հետ:

«Արդարադատության նախարարության հետ մենք ձեռք բերեցինք համաձայնություն` հնարավորինս արագ օրենսդրական լուծում տալ խնդրին: Եվ պետք է նշեմ նաև, որ խոսել եմ արդարադատության նախարարի հետ: Վերջինս ասաց, որ նախագիծը` որպես այդպիսին, պատրաստ է, սակայն տրամադրվել է հասարակական կազմակերպություններին` առաջարկությունների և դիտողությունների համար: Ես կարծում եմ, որ չպետք է հապաղել և պետք է հարցին հնարավորինս արագ լուծում տրվի, քանի որ այստեղ մենք գործ ունենք մարդկային կյանքի հետ, այստեղ գործ ունենք մի ինստիտուտի հետ, որն անարդարացիորեն չի գործում»,-եզրափակեց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանն այս պահին գտնվում է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, և օրերս բաց նամակ էր հղել ՀՀ գլխավոր դատախազին՝ պրն. Կոստանյանին, արդարադատության նախարարին՝ Ա. Հովհաննիսյանին, Մարդու իրավունքների պաշտպանին՝ պրն. Թաթոյանին, պատգամավորներ Էլինար Վարդանյանին, Զարուհի Փոստանջյանին և Նիկոլ Փաշինյանին, պրն. Սաքունցին: Նամակի բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

«Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը