Քաղաքական

21.06.2016 14:45


«Թե բուն ԼՂՀ բանակցային գործընթացի մասին ինչ պրոցես գնաց, գիտեն երեք մարդ՝ Պուտինը, Ալիևը և Սարգսյանը»

«Թե բուն ԼՂՀ բանակցային գործընթացի մասին ինչ պրոցես գնաց, գիտեն երեք մարդ՝ Պուտինը, Ալիևը և Սարգսյանը»

Բանակցային գործընթացի մեջ ևս մեկ ֆորմատ ավելացավ, և այդ եռակողմ հանդիպումը կշարունակվի: Իսկ թե բուն ԼՂՀ բանակցային գործընթացի մասին ինչ պրոցես գնաց, ապա դրա մասին գիտեն երեք մարդ՝ Պուտինը, Ալիևը և Սերժ Սարգսյանը: «newsbook.am»–ի փոխանցմամբ՝ «Ի՞նչ տվեց Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպումը» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը:

«Ես կասկածում եմ, որ Սերժ Սարգսյանն անկեղծորեն կբացահայտի, թե ինչ են խոսել: Տարիներ առաջ «Կազանը» նույնիսկ չէր բացատրում, թե ինչ է ներկայացնում, որին ինքը հավանություն էր տվել: Դրա մասին հասարակությունն իմացավ 2016-ի պատերազմից հետո: Այստեղ է հենց, որ մեր հասարակությունն իր զգոնությունը պետք է պահի, որովհետև Ադրբեջանն ուժեղացել է, բալանսը փոխված է հօգուտ նրա: Ադրբեջանը ցույց է տալիս, որ ուժեղացել է, իսկ Ալիևը սպառնում է, որ եթե ռեալ պրոցես չգնա բանակցային գործընթացում, ինքը կգնա ռազմական գործողությունների, ինչը տարբեր պատճառներով շահավետ չէ ոչ Ռուսաստանին, ոչ էլ Արևմուտքին»,- ասաց Երվանդ Բոզոյանը:

Անդրադառնալով նաև Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը` քաղաքագետը նշեց, որ այն շատ վատ «մեսիջ» էր թե՛ հայ հասարակությանը, և թե՛ դրսի համար:

«Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալել հունիսի 20-ին` այն օրը, երբ գնում են բանակցություններ երեք նախագահների միջև, ապա, կներեք, ես ունեմ կասկած` այս ձերբակալությունով, ըստ էության, հայկական կողմն ուզում է մեսիջ տալ բանակցային մյուս կողմին, որ իրենք պատրաստվում են որոշակի քայլերի գնալ, և դրա համար նրանք պետք է հանեն ռադիկալ շրջանակներին: Այսպիսի քայլով հայկական կողմը շատ վատ «մեսիջ» է տալիս միջնորդներին, Ադրբեջանին և Ռուսաստանին: Այնտեղ հայկական կողմից թուլություն են տեսնում: Անկախ նրանից՝ Ժիրայր Սեֆիլյանն ինչ կարծիք ունի, ես կարծում եմ՝ նա այդպիսի կարծիքի իրավունք ունի ամեն դեպքում: Եթե իշխանությունն ուզում է ինքնակամ մանևրի դաշտը թուլացնել, նշանակում է՝ ինքն իր մեջ որոշակի լուծումներ արդեն ունի, ինչը դառնում է մտահոգիչ»,- նկատեց բանախոսը:

Աղբյուրը՝ «newsbook.am»

Այս խորագրի վերջին նյութերը