Քաղաքական

18.07.2016 13:03


ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հայտարարությունը

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հայտարարությունը

Երևանում տեղի ունեցող աննախադեպ զարգացումների և ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հայտարարությունը

1.ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը ցավակցում է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի հարազատներին, մերձավորներին, ընկերներին։ Մենք սգում ենք հայ սպայի կորուստը։ Կուսակցությունը շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորվածներին։
2.Կոչ ենք անում կողմերին բացառել իրավիճակի ուժային լուծումը։ Չի կարելի թույլ տալ նոր արյունահեղություն, նոր զոհեր։ Պետք է գտնվեն ելքեր, լուծումներ, որքան էլ դրանք դժվար լինեն։ Կուսակցությունը պատրաստակամություն է հայտնում անհրաժեշտության դեպքում ներգրավվել այդ գործընթացին։

3. ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունն առաջարկում է ստեղծել տարբեր քաղաքական ուժերից կազմված խումբ, որի վրա կդրվի լիազորություն՝ բանակցելու երկու կողմերի հետ՝ հարցին քաղաքական ու անարյուն լուծում տալու նպատակով։

4.Մենք համոզված ենք, որ այս ամենի պատճառը երկրում ստեղծված մթնոլորտն է, տարիների ընթացքում կուտակված և լուծում չստացող լրջագույն խնդիրները, քաղաքական մենաշնորհը։ Նեղ իշխանական խմբի ամենաթողության խաղի կանոնն է այն պարարտ միջավայրը, որի պայմաններում հնարավոր են դառնում ընդվզման նման ծայրահեղ դրսևորումները։

5.ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը փաստում է, որ երկրում հասունացած է խորքային փոփոխությունների անհրաժեշտությունը։ Հայաստանի քաղաքացիներին, հասարակության տարբեր խմբերին պետք է օր առաջ վերադարձնել սեփական երկրում արժանապատիվ ապրելու իրավունքն ու հավատը։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը