Տնտեսական

26.12.2009 11:40


2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը

2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի  կատարման ամփոփ բնութագիրը

2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 603.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 718.8 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 67.3%-ով և 80.2%-ով ապահովել են տարեկան ծրագրային ցուցանիշների կատարումը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները նվազել են 13.1%-ով կամ 91.4 մլրդ դրամով: Մասնավորապես' 17.7%‑ով (101.6 մլրդ դրամով) նվազել են հարկերն ու տուրքերը, 10.3%-ով (367.8 մլն դրամով)՝ պաշտոնական դրամաշնորհները և 0.3%-ով (296 մլն դրամով)՝ պարտադիր սոցիալական ապահովության վճարները: Նույն ժամանակահատվածում այլ եկամուտներն աճել են 42.7%-ով (10.9 մլրդ դրամով):

Պետական բյուջեի եկամուտների 78.1%-ը ձևավորվել է հարկերի ու տուրքերի, 15.3%-ը' պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6%-ը' այլ եկամուտների և 0.5%-ը' պաշտոնական դրամաշնորհների հաշվին: □Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին□ ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 17.2 մլրդ դրամ' նախորդ տարվա 15 մլրդ դրամի դիմաց:

Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 471.9 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր' 64.7%-ով կատարելով տարեկան ծրագիրը: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտները նվազել են 17.7%-ով կամ 101.6 մլրդ դրամով: Ընդ որում, գրեթե բոլոր հարկատեսակների գծով, բացառությամբ եկամտահարկի և հաստատագրված վճարների, արձանագրվել է մուտքերի անկում:

Հարկերի ու տուրքերի 48.7%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է շուրջ 229.7 մլրդ դրամ և 22.8%-ով կամ 67.8 մլրդ դրամով զիջել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից շուրջ 151.8 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 77.9 մլրդ դրամը' ապրանքների և ծառայությունների ներքին շրջանառությունից: Ընդ որում, նվազել են և՛ ներմուծումից, և՛ ներքին շրջանառությունից ստացվող գումարները:

Պետական բյուջե մուտքագրված հարկերի ու տուրքերի 8.1%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին՝ կազմելով ավելի քան 38.4 մլրդ դրամ: Մասնավորապես' հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է շուրջ 25.8 մլրդ դրամ, որից 12.3 մլրդ դրամը' բենզինի և դիզելային վառելիքի, 9.5 մլրդ դրամը՝ ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են շուրջ 12.7 մլրդ դրամ, որից շուրջ 7.3 մլրդ դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկը նվազել է 9.8%-ով կամ շուրջ 4.2 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերի 16.9%-ով նվազմամբ: Նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից մուտքերն ավելացել են 9.1%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 16.1%‑ն ապահովվել է շահութահարկի հաշվին՝ կազմելով ավելի քան 76 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 3.8%-ով կամ 3 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ոչ պետական ձեռնարկությունների, ոչ ռեզիդենտների և պետական ձեռնարկությունների կողմից վճարված շահութահարկի նվազմամբ: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ զգալի աճ է արձանագրվել ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից վճարված շահութահարկի գծով' 39.1% կամ 2.8 մլրդ դրամ: Ավելացել են նաև օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների կողմից վճարված, մեկ տոկոս դրույքաչափով, ինչպես նաև ոչ ռեզիդենտից աղբյուրի մոտ վճարված շահութահարկի մուտքերը' համապատասխանաբար 9.9, 7 և 58.2 տոկոսով:

2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 52.9 մլրդ դրամ եկամտահարկ' ապահովելով հարկերի ու տուրքերի 11.2%‑ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 11.9%‑ով կամ 5.6 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում մաքսատուրքը կազմել է շուրջ 22.3 մլրդ դրամ՝ 35.2%-ով կամ 12.1 մլրդ դրամով զիջելով 2008 թվականի նույն ցուցանիշը և ապահովելով պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 4.7%-ը:

Հունվար-նոյեմբեր ամիսներին պետական տուրքի գծով ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 17 մլրդ դրամ կամ ծրագրված մուտքերի 70.7%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական տուրքը նվազել է 16.9%-ով կամ 3.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ՀՀ‑ից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի, պետական գրանցման, ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների և լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաների տրամադրման համար գանձվող տուրքերի նվազմամբ:

Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձված հաստատագրված վճարները կազմել են շուրջ 20.9 մլրդ դրամ' 13.2%-ով կամ 2.4 մլրդ դրամով գերազանցելով 2008 թվականի համապատասխան ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանավորված է խաղատների գործունեության կազմակերպման, դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման, hանրային սննդի ոլորտում գործունեության իրականացման և առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար գանձվող հաստատագրված վճարների աճով:

Պարզեցված հարկից հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 340.8 մլն դրամ, որը 94.4%-ով կամ 5.7 մլրդ դրամով զիջել է նախորդ տարվա նույն ցուցանիշը' պայմանավորված 2009 թվականի հունվարի 1‑ից □Պարզեցված հարկի մասին□ ՀՀ օրենքի գործողության դադարեցմամբ:

2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 5.4 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերը նվազել են 37.7%‑ով կամ 3.3 մլրդ դրամով' հիմնականում պայմանավորված օգտակար հանածոների արդյունահանման, այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու և ՀՀ ներմուծվող' շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար գանձվող բնապահպանական վճարների նվազմամբ:

Հաշվետու ժամանակահատվածում այլ հարկերից պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 9 մլրդ դրամ: Մասնավորապես' շուրջ 2 մլրդ դրամ են կազմել «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված ռոյալթին և կոնցեսիոն վճարը, 2.7 մլրդ դրամ' ճանապարհային վճարները, 861.1 մլն դրամ' հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 1.8 մլրդ դրամ' հարկային օրենսդրությունը խախտելու համար «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տուգանքները, 258.3 մլն դրամ' ՀՀ հարկային մարմինների կողմից ՀՀ պետական կառավարման մարմիններում և պետական հիմնարկներում կատարված ստուգումների և վերստուգումների արդյունքում առաջադրված լրացուցիչ հարկային և մաքսային պարտավորությունները և 1.3 մլրդ դրամ' ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն ընդհանուր առմամբ նվազել են 52.9%-ով կամ 10.1 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված ռոյալթիի ու կոնցեսիոն վճարի և ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման վճարի նվազմամբ:

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են 92.5 մլրդ դրամ և տարեկան ցուցանիշը կատարել 72%-ով: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարները նվազել են 0.3%-ով կամ 296 մլն դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում ստացվել են ավելի քան 3.2 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհներ և կազմել տարեկան ծրագրված ցուցանիշի 44.1%-ը: Նշված գումարից 1.3 մլրդ դրամը ստացվել է Եվրոպական հարևանության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման համար, 1.2 մլրդ դրամը' Եվրամիության պարենային ապահովության ծրագրի շրջանակներում, 270.4 մլն դրամը' □Պարենային արտադրության աճ□ ծրագրի շրջանակներում Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված ապրանքանյութական արժեքների դրամայնացումից: Եվս 510.6 մլն դրամ մուտքագրվել է պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներին' նրանց կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման համար:

Պետական բյուջեի այլ եկամուտները 2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել են շուրջ 36.3 մլրդ դրամ և 14.6%-ով գերազանցել տարեկան ծրագրային ցուցանիշը: Ծրագրի գերազանցումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ որոշ եկամտատեսակներ, մասնավորապես' բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարները և ՀՀ ռեզիդենտներին պետության տրամադրած վարկերի օգտագործման տոկոսավճարներն արդեն իսկ գերազանցել են տարեկան ծրագիրը' համապատասխանաբար 2.2 և 6.7 անգամ: Բացի այդ, ծրագրի գերազանցում է արձանագրվել նաև իրավախախտումների համար գործադիր և դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերի գծով և տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ ՀՀ համայնքների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցներից, ինչպես նաև հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող գույքի օտարումից մուտքերի գծով, որոնք կազմել են համապատասխանաբար 5.1 մլրդ դրամ, 214.4 մլն դրամ և 57 մլն դրամ' նախատեսված համապատասխանաբար 4.6 մլրդ դրամի, 60 մլն դրամի և 38.4 մլն դրամի դիմաց: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 42.7%-ով կամ 10.9 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ռադիոհաճախականության օգտագործման վճարի, բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների աճով, ՀՀ շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման 3-րդ օպերատորի մրցույթի հաղթողի կողմից կատարված վճարումներով և իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից մուտքերի աճով:

2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 718.8 մլրդ դրամի ծախսեր' կազմելով ճշտված տարեկան ծրագրի 80.2%-ը, որից 15 մլրդ դրամը' պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: Մասնավորապես' 624 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, շուրջ 94.8 մլրդ դրամ' ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի ծախսերն ավելացել են 6.9%-ով կամ 46.1 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների, պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերման, աշխատավարձի և նպաստների ծախսերի աճով, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 624 մլրդ դրամ' 83.3%-ով կատարելով տարեկան ծրագիրը և 9.1%-ով կամ 52.3 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Ընթացիկ ծախսերից շուրջ 59.7 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 4.3 մլրդ դրամը' պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են տարեկան ծրագրի համապատասխանաբար 82.5%-ը և 75.7%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերն ավելացել են համապատասխանաբար 19.8%‑ով և 2.3%-ով: Ծառայությունների և ապրանքների ձեռքբերմանը պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 129.8 մլրդ դրամ' 14.4%‑ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը և ապահովելով տարեկան ծրագրի 77.1% կատարում: Հաշվետու ժամանակահատվածում 12.1 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը' կազմելով տարեկան ծրագրի 72.1%-ը: Մասնավորապես' նշված գումարից 8.5 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 3.6 մլրդ դրամը՝ արտաքին պարտքի սպասարկմանը: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 19.7%-ով կամ շուրջ 2 մլրդ դրամով, որը մեծ մասամբ պայմանավորված է ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով: Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 17 մլրդ դրամ սուբսիդիաներ' կազմելով տարեկան ծրագրի 82.4%-ը և 15.5%-ով զիջելով նախորդ տարվա նույն ցուցանիշը: Պետական բյուջեից տրամադրվել են շուրջ 71.7 մլրդ դրամի դրամաշնորհներ, որից 64.1 և 6.6 մլրդ դրամը պետական հատվածի այլ մակարդակներին տրամադրված ընթացիկ և կապիտալ դրամաշնորհներն են, 946.2 մլն դրամը' միջազգային կազմակերպություններին տրամադրված դրամաշնորհները: Մասնավորապես' 25.2 մլրդ դրամ են կազմել համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաները' 91.7%-ով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը: Իսկ դրամաշնորհների տարեկան ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 78%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 35%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին, որոնք կազմել են ավելի քան 218.1 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 89.4%-ը: Մասնավորապես' 161.2 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները (90.5%), 56.9 մլրդ դրամ' նպաստները (86.5%): 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կենսաթոշակների գծով բյուջեի ծախսերն աճել են 14.2%‑ով, իսկ նպաստները' 16.6%-ով:

2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են շուրջ 94.8 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 64.6%-ը: Մասնավորապես' 104.6 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը և 9.8 մլրդ դրամ' ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը նվազել են 12.7%-ով կամ 15.2 մլրդ դրամով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը' 48.1%-ով կամ 9.1 մլրդ դրամով:

2009 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 114.9 մլրդ դրամ պակասուրդով՝ նախատեսված 1.4 մլրդ դրամ հավելուրդի փոխարեն: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջեն կատարվել էր 22.7 մլրդ դրամ հավելուրդով: Հունվար-նոյեմբեր ամիսներին ֆինանսավորման ներքին աղբյուրների գծով արձանագրվել է շուրջ 147.4 մլրդ դրամ հավելուրդ կամ տարեկան ծրագրի 56.7%-ը' նախորդ տարվա 65.8 մլն դրամ հավելուրդի դիմաց: Ֆինանսավորման արտաքին աղբյուրների գծով անցած ժամանակահատվածում արձանագրվել է շուրջ 262.3 մլրդ դրամ պակասուրդ կամ տարեկան ծրագրի 115.4%-ը' նախորդ տարվա 22.6 մլրդ դրամ հավելուրդի դիմաց:

Պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներում շուրջ 42.6 մլրդ դրամ են կազմել գանձապետական պարտատոմսերից զուտ մուտքերը' 70.3%-ով գերազանցելով տարեկան ծրագրով նախատեսված ցուցանիշը: 2009 թվականին շարունակվել է ՀՀ ներքին շահող փոխառության պարտատոմսերի հետգնման գործընթացը: Անցած ժամանակահատվածում այս նպատակով հատկացվել է 1.0 մլն դրամ: Մուրհակների մարման նպատակով տարեկան ծրագրով նախատեսված գումարն ամբողջությամբ հատկացվել է' կազմելով 2.0 մլրդ դրամ: Ամբողջ ծավալով տրամադրվել է նաև «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ից ստացված վարկի մարման նպատակով նախատեսված գումարը' կազմելով 1.2 մլրդ դրամ:

2009 թվականի հունվար-նոյեմբերի ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի ներքին ֆինանսական ակտիվները կազմել են -186.7 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 66.2%-ը: Մասնավորապես' անցած ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են 97.9 մլրդ դրամի վարկեր' կազմելով նախատեսվածի 92.1%-ը: Նշված գումարից շուրջ 94.7 մլրդ դրամը Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված վարկի միջոցներից փոխանցվել է ԿԲ-ում բացված դեպոզիտային հաշվին' տնտեսավարող սուբյեկտներին վարկեր տրամադրելու նպատակով: 3.0 մլրդ դրամի վարկ է տրամադրվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին: Շուրջ 160.8 մլն դրամի վարկեր են տրամադրվել բռնադատված քաղաքացիներին' անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու նպատակով: 70 մլն դրամ հատկացվել է «Կանազ» ԲԲԸ‑ի ֆինանսական պարտավորությունների մարմանը: Տրամադրված վարկերի վերադարձից մուտքերը կազմել են շուրջ 9.8 մլրդ դրամ:

2009 թվականին Ռուսաստանի Դաշնության տրամադրած 185.1 մլրդ դրամ պետական վարկի միջոցները ներդրվել են գանձապետարանում բացված կայունացման դեպոզիտային հաշվին, որից հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է փոխանցվել շուրջ 130.6 մլրդ դրամ: Նշված գումարից ծախսվել է 115.3 մլրդ դրամ, որից փաստացի օգտագործվել է 85.9 մլրդ դրամը: Անցած ժամանակահատվածում շուրջ 44.1 մլրդ դրամով ավելացել են ազատ բյուջետային միջոցները:

2009 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման արտաքին աղբյուրները կազմել են շուրջ 262.3 մլրդ դրամ' 15.4%-ով գերազանցելով տարեկան ծրագիրը: Մասնավորապես' 30.7 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին: Վրաստանի կողմից միջպետական վարկի գծով կատարվել է 61.9 մլն դրամի վճարում, որից 32.4 մլն դրամը 2008 թվականի պարտավորությունն է: Այն Վրաստանի կողմից վճարվել է սահմանված ժամանակացույցին համապատասխան' 2008 թվականի դեկտեմբերին, սակայն միասնական գանձապետական հաշվին մուտքագրվել է 2009 թվականի հունվար ամսին: Միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀՀ անդամակցության գծով պարտավորությունների կատարմանն ուղղվել է 166.8 մլն դրամ:

Անցած ժամանակահատվածում արտաքին դոնորների կողմից տրամադրվել են շուրջ 298.7 մլրդ դրամի վարկային միջոցներ, որից 185.1 մլրդ դրամը' ՌԴ կառավարության, 57.4 մլրդ դրամը' Արժույթի միջազգային հիմնադրամի, 24.8 մլրդ դրամը' Զարգացման միջազգային ընկերակցության և 31.4 մլրդ դրամը' Ասիական զարգացման բանկի կողմից:

Արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է 5.6 մլրդ դրամ, որից 4 մլրդ դրամը հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը: 839.4 մլն դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 524.7 մլն դրամ' ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 110.6 մլն դրամ' Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 30.1 մլն դրամ' ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը և շուրջ 91.3 մլն դրամ' Բարձր լարման ցանցերի համակարգերի վերանորոգման ծրագրի գծով Գերմանիայի Դաշնային Հանրապետության նկատմամբ պարտավորությունների մարմանը:

Այս խորագրի վերջին նյութերը