Լրահոս

13.11.2010 10:55


ԵԱՀԿ–ն Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին կոչ է արել

ԵԱՀԿ–ն Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին կոչ է արել

ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի իշխանություններին կոչ է արել հարգել հասարակության համար տեղեկատվության հասանելիության իրավունքը։

-Մենք պետք է փոխենք գաղտնիության և մասնավոր տեղեկատվության մշակույթը, որ թափանցիկություն ստեղծենք,-ասել է Միյատովիչը ԶԼՄ-ների հարավկովկասյան 7-րդ խորհրդաժողովի ժամանակ, որն ավարտվել է Թբիլիսիում։

Նա հայտարարել է, որ թվային տեխնոլոգիաների դարում ԶԼՄ-ների և խոսքի ազատությունը նշանակում է յուրաքանչյուրին հնարավորություն տալ օգտագործելու նոր տեխնոլոգիաները, գործընթացներին մասնակցելու որոշումներ ընդունել և պետական կառույցների հետ փոխգործակցել։

-Մարդիկ պետք է իրար և պաշտոնյաների հետ տեղեկատվություն փոխանակելու հնարավորություն ունենան,-ասել է նա։

Միյատովիչի խոսքերով՝ ինտերնետը երկխոսությունների բաց տարածություն է, և կառավարությունները պետք է հեշտացնեն մուտքն այնտեղ։

-ԶԼՄ-ների ցանկացած տեսակի տեղեկատվության բովանդակությանը պետության նվազագույն միջամտությունը, այդ թվում նաև «օնլայն» ռեսուրսներին, բազմակարծության, վստահության և զարգացման երաշխավորներն են,-ընդգծել է Միյատովիչը։

Այս խորագրի վերջին նյութերը