Տնտեսական

22.04.2017 08:52


Կառավարությունը կարող է 1․2 միլիարդ դոլարի նոր պարտք վերցնել

Կառավարությունը կարող է 1․2 միլիարդ դոլարի նոր պարտք վերցնել

Հայաստանի կառավարությունը մտադիր է 1 միլիարդ 234 միլիոն դոլար նոր պարտք վերցնել:

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հայտնված տեղեկության համաձայն, ապրիլի 29-ին Ֆինանսների նախարարությունը թողարկելու է 600 միլիարդ դրամի պարտատոմսեր: Նման աննախադեպ ծավալով նոր պարտք իշխանությունները նախատեսում են վերցնել երեք չափաբաժնով՝ յուրաքանչյուրը 200 միլիարդ դրամի պարտատոսմեր են: Առաջին մասը Հայաստանի քաղաքացիները պետք է մարեն 2020 թվականին և հավելյալ վճարեն 8 տոկոս, երկրորդը մարվելու է 2022-ին՝ 9 տոկոս հավելավճարով, իսկ երրորդ չափաբաժինը մարվելու է 2037 թվականին՝ 12.5 տոկոս հավելավճարով:

«Ազատության» հետ զրույցում Ֆինանսների նախարարության պետական պարտքի վարչության պետ Արշալույս Մարգարյանը հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին Կառավարությունն, այնուամենայնիվ, ավելի շատ գումար կներգրավի․ «Ես հույս ունեմ, որ Հայաստանի կառավարությունը միայն 600 միլիարդ չի վերցնելու: Ինքը հավանաբար տեսանելի ապագայում անընդհատ էլ պարտք ներգրավելու է ներքին շուկայից»:

Միևնույն ժամանակ Մարգարյանն ընդգծեց՝ ճի՛շտ է, Կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է 600 միլիարդ դրամի պարտատոմս վաճառել, սակայն չի պատրաստվում գնալ նման քայլի, իսկ վաճառքի համար նախատեսված պարտատոմսերը գնորդներին առաջարկելու է առաջիկա 4 տարիներին․ «Մենք այդ 600 միլիարդ դրամը չենք նախապատրաստվում տեղաբաշխել շուկայում: Դա ուղղակի հայտարարություն է, այսպես ասած, մեր ծավալները չսահմանափակելու վերաբերյալ»:

Սակայն այստեղ հարց է առաջանում՝ եթե Կառավարությունը մտադիր չէ վաճառել 600 միլիարդ դրամ պարտատոմսեր, ինչո՞ւ է պաշտոնապես նշել այդ թիվը: Պաշտոնյան բերեց 2016 թվականի օրինակը․ «16 թվականի պետական բյուջեով նորից դրված էր 42 միլիարդ դեֆիցիտի զուտ ֆինանսավորման թիվ: Կառավարությունը այդ թիվը չորս անգամ ավելի տեղաբաշխեց, 170 միլիարդ մոտավորապես դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով միջոցներ ներգրավվեցին ներքին շուկայից»:

Ուստի, ըստ Արշալույս Մարգարյանի, խորհրդակցելով նաև միջազգային գործընկերների հետ, այս անգամ ավելի մեծ թիվ են գրել: Դեռ ավելին՝ առաջիկայում կարգը փոխվելու է, և թողարկվելիք պարտատոմսերի գումարային չափը ընդհանրապես չի գրվելու:

Ֆինանսների նախարարության տվյալներով, 2008-2016 թվականների ընթացքում Հայաստանի պետական պարտքը աճել է ավելի քան 3 անգամ (2008-ին պետական պարտքը 1 միլիարդ 906 միլիոն դոլար էր, 2016-ին՝ 5 միլիարդ 942 միլիոն): Այդ ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունները տարեկան միջինը կուտակել են գրեթե կես միլիարդ դոլար պարտք:

Փետրվարին լրագրողների հանդիպմանը Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտնեց, որ այս տարի նախատեսվում է կուտակել ևս 350 միլիոհ դոլար պարտք:

Այսօր Արշալույս Մարգարյանն ավելի հեռուն գնաց և ասաց, որ, իր կանխատեսմամբ, առաջիկա չորս տարիներին պետական պարտքը կաճի տարեկան մոտավորապես 400 միլիոն դոլարով․ «Մոտավոր այսօրվա պարտքին տարեկան 200 միլիարդ գումարեք»:

Ըստ Ֆինանսների նախարարության, այս մարտի վերջի դրությամբ պետական պարտքը կազմում էր 5 միլիարդ 996 միլիոն դոլար:

Մանրամասները՝ «Ազատություն»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը