Քաղաքական

16.12.2010 14:46


Վահան Հովհաննիսյան. «Ով էլ լինի նախագահը, բնականաբար պետք է հրավիրվի»

Վահան Հովհաննիսյան. «Ով էլ լինի նախագահը, բնականաբար պետք է հրավիրվի»

-Իհարկե մեր կառավարությունն ավելի հեշտ է զիջումների գնում թուրքերի հետ բանակցություններում, քան սեփական ժողովրդի և Ազգային ժողովի,- այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտարարել էր ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

«Այդ դեպքում որքանո՞վ է ճիշտ նման կառավարության ղեկավար Սերժ Սարգսյանին կուսակցության 120-ամյակին  հրավիրելը» հարցին ի պատասխան Վահան Հովհաննիսյանն ասել է, որ իր վերոնշյալ արտահայտությունն արտահայտման ձև է.

-Բնականաբար համեմատության մեջ կարելի է նաև ծայրահեղացումների էլ գնալ, այսինքն սա պարզապես "фигура речи": Դա բառացիորեն հասկանալ պետք չի,- ասել է նա և հավելել, որ իրեն բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ կմտածեն արտախորհրդարանական ուժերը ՀՅԴ-ի կեղծ կամ իրական ընդդիմություն լինելու  մասին, քանի որ դա ոչ թե խոսքերով, այլ գործով է ապացուցվում:

Նա նշել է, որ այդ ուժերի գործից ինքը դեռ չի տեսել, որ նրանք իրական ընդդիմություն են.

-Բացի սադրանքներից, որոնց արդյունքում մարդիկ են զոհվում ես դեռ որևէ գործողություն չեմ տեսել, որ իրականում իշխանափոխությանը միտված լինի,- ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է Դաշնակցության 120-ամյակին նախագահին հրավիրելուն, նա հայտարարել է, որ դա օրինաչափ և նորմալ է համարում.

-Դաշնակցությունը պետության մեջ աշխատող կուսակցություն է և 120 տարի պայքարել է այդ պետության ստեղծման և ամրապնդման համար և ով էլ լինի նախագահը, բնականաբար պետք է հրավիրվի և սա ոչ թե իշխանության նկատմամբ վերաբերմունք է, այլ պետության: Այս տարբերությունը չհասկացողները, կարող են նաև մեր այսօրվա կեցվածքը վերագրել կեղծ ընդդիմություն լինելուն, բայց ոչ ոք չասաց, որ մենք բավարարաված ենք կառավարության այս որոշումով,- ասել է Վահան Հովհաննիսյանը:

Անդրադառնալով այն հանգամանքն, որ նախագահի ներկայությամբ ասվեցին բավական տհաճ բաներ, մասնավորեպես, նա որդեգրել է նույն քաղաքականությունը, ինչ ՀՀ առաջին նախագահը, Վահան Հովհաննիսյանն ասել է, որ որևէ մի պաշտոնյայի ներկայությունն իրենց կաշկանդել չի կարող.

-Կարծում եմ, եթե մեր երկրում ժողովրդավարական նորմեր են հաստատվում, դանդաղ իհարկե, բնականաբար, բարձրաստիճան պաշտոնյաններն էլ այդ քննադատությունն իրենց հասցեին լսելու ունակություն պետք է ունենան: Այստեղ որևէ արտառոց դեպք չի եղել: Արտառոց է մտածել հակառակը, որ եթե հրավիրում ես նախագահին, ուրեմն պետք է բերանդ ջուր հավաքես, կամ պետք է ասես ինչ մտածում ես, բայց նախագահին չհրավիրես: Սրանք ծայրահեղություններ են, որոնք սովետական մտածելակերպի արգասիքներ են:

Դա նրա խոսքերով քաղաքակիրթ հարաբերվելու ձև է:                                          

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը