Լրահոս

22.01.2010 14:10


Էդվարդ Նալբանդյան. «Չեմ կարծում, թե ինչ–որ արհեստական արագացմամբ կամ արհեստական դանդաղեցմամբ կարող ենք ինչ–որ մի օգուտ տալ այս գործընթացին»

Էդվարդ Նալբանդյան. «Չեմ կարծում, թե ինչ–որ արհեստական արագացմամբ կամ արհեստական դանդաղեցմամբ կարող ենք ինչ–որ մի օգուտ տալ այս գործընթացին»

Հունվարի 25-ին Սոչիում կայանալիք Սարգսյան-Ալիև-Մեդվեդև եռակողմ հանդիպման մասին խոսելիս արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախ նշել է, որ  հայկական կողմը շնորհակալ է  Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ջանքերի համար՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը։

Նա նշել է, որ 2009թ. ինտենսիվ բանակցությունների տարի էր, և հույս է հայտնել, որ այն դրական միտումները, որոշ դրական տեղաշարժը, որը, սակայն, բավարար չէր, որ բեկում արձանագրեր 2009թ., կպահպանվեն նաև 2010թ.։

-Չեմ կարծում, թե ինչ-որ արհեստական արագացմամբ կամ արհեստական դանդաղեցմամբ կարող ենք ինչ-որ մի օգուտ տալ այս գործընթացին։ Գործընթացը գնում է իր հունով, և այս բանակցությունները ցույց են տալիս, որ եթե իսկապես դրական դինամիկա չլիներ, նախագահներն ինն անգամ չէին հանդիպի։ Պետք է փորձենք 2010թ. էլ պահպանել այդ դրական դինամիկան,- ընդգծել է նախարարը։

Ինչ վերաբերում է պնդումներին, թե ՀՀ ԱԳՆ-ն չի արձագանքում Ադրբեջանից հնչող հայտարարություններին, Է.Նալբանդյանը պատասխանել է, որ չի կարծում, թե իրենք չեն արձագանքում. «Շատ անգամ ադրբեջանցիներն են փնտրում՝ արձագանքել մեր հայտարարություններին և չեն գտնում, թե ինչպես արձագանքել»։

Նա նշել է, որ պետք է տարբերել երեք բան՝ քարոզչություն, հակաքարոզչություն և պաշտոնական դիրքորոշումների արտահայտում։

-Ադրբեջանի կողմից քարոզչական այսպես կոչված փորձերը բերում են ուղղակի հիստերիայի և քսենոֆոբիայի, ինչը խոչընդոտներ է ստեղծում անգամ բանակցային գործընթացում,- նշել է նա։

Նրա կարծիքով՝ միշտ չէ, որ հայտարարությանը պետք է հայտարարությամբ պատասխանել, միշտ չէ, որ «պորտը տեղը դնելը հերոսություն է». «Եթե խոսքը ճառ ասելու, թե զանգ կախելու մասին է, ես կնախընտրեի երկրորդը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը