Քաղաքական

13.08.2017 00:10


Սերժ Սարգսյանի նախագահության օրոք երկրի բնակչությունը պակասել է 250 հազարով․ ԱՎԾ տվյալներ

Սերժ Սարգսյանի նախագահության օրոք երկրի բնակչությունը պակասել է 250 հազարով․ ԱՎԾ տվյալներ

Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում՝ 2008-2017 թվականներին, Հայաստանի մշտական բնակչությունը պակասել է ավելի քան 250 հազար մարդով, վկայում են Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալները: Այս մասին հայտնում է Ազատությունը։

Ըստ այդմ՝ 2008-ի հունվարի 1-ին երկրի մշտական բնակչության թվաքանակը 3 միլիոն 230 հազար է եղել, այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ՝ 2 միլիոն 979 հազար: Նշված 250 հազարը Սարգսյանի պաշտոնավարման 9 տարիներին բաժանելու դեպքում ստացվում է, որ յուրաքանչյուր տարի Հայաստանի բնակչությունը պակասել է շուրջ 28 հազարով:

Միգրացիոն պետական ծառայության տվյալներով, 2008-ից ցայսօր սահմանահատումների դինամիկան միշտ բացասական է եղել՝ Հայաստանից ավելի շատ մեկնել են, քան վերադարձել: 2008-2016 թվականներին այդ տարբերությունը կազմել է 345.9 հազար: Ընդ որում, անցած տարի գրանցվել է 2008-ից ի վեր ամենաբարձր թիվը՝ -48.2 հազար, այսինքն՝ երկրից մեկնողների թիվը 48.2 հազարով ավելի է եղել, քան ժամանողներինը:

Ծառայությունը հրապարակել է նաև այս տարվա առաջին կիսամյակի թվերը: Դարձյալ՝ երկրից մեկնողների թիվը 37.6 հազարով ավելի շատ է, քան ժամանողներինը, բայց քանի որ տարվա երկրորդ կեսին Հայաստան ավելի շատ ժամանում են, քան մեկնում՝ հիմնականում արտագնա աշխատանքի մեկնածների վերադարձի շնորհիվ, ուստի տարեկան արդյունքները դեռ վաղ է ամփոփել:

Իրավիճակը մխիթարական չէ նաև ծնելիության ու մահացության թվերի պարագայում: 2008-ին ավելի շատ էին ծնվում ու քիչ մահանում, քան այսօր: ԱՎԾ տվյալների համաձայն, եթե Սերժ Սարգսյանի նախագահության առաջին տարում՝ 2008-ին ծնվածների ու մահացածների թվերի տարբերությունը կազմել է 13 հազար 796՝ հօգուտ ծնվածների, ապա 2016-ին այդ թիվը կրճատվել է մոտ 10 տոկոսով և կազմել 12 հազար 509:

Մանրամասները՝ Ազատություն-ում։

Այս խորագրի վերջին նյութերը